Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ԵՐԴՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ



«Հարգելի խմբագրություն, խնդրում ենք պատասխանել մեզ հետաքրքրող հետևյալ հարցին. մեր նորօրյա Հայոց բանակում ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել երդման առաջին հանդիսավոր արարողությունը:

Հարգանքով` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտոհրաձգային ֆակուլտետի առաջին կուրսի կուրսանտներ`
Սևակ Սարգսյան, Աղասի Ալեքսանյան, Լևոն Սահակյան»

Պայմանավորված անկախության վերականգնման համար հայ ժողովրդի մղած պայքարի յուրահատկություններով և ժամանակի պատմաքաղաքական իրողություններով՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին զինվորական երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել դեռեւս Խորհրդային Միության օրոք: Անկախության հռչակումից մեկ տարի առաջ` 1990 թվականի հոկտեմբերի 5-ին, առաջին զինվորական երդումն ընդունեցին Հայաստանի Հանրապետության Հատուկ գնդի մարտիկները: Գնդի առաջին չորս վաշտերը մարտական հերթապահության մեկնեցին Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի և Կրասնոսելսկ-Արծվաշենի սահմանապահ ուղեկալներ:

Քանի որ Խորհրդային Միությունն ուներ միասնական զինված ուժեր, միութենական հանրապետությունը չէր կարող պաշտպանության նախարարություն ունենալ: Իսկ ցանկացած զինված կառույց բնականաբար համարվում էր անօրինական զինված կազմավորում: Դրա համար էլ Հատուկ գունդը ստեղծվեց ներքին գործերի նախարարության կազմում:

Իսկ երեք ամիս անց՝ 1992 թվականի հունվարի 28-ին ստեղծված պաշտպանության նախարարության համակարգում ապրիլի 22-ին տեղի ունեցավ զինվորական երդման առաջին հանդիսավոր արարողությունը: Այդ օրը Հայրենիքին ու ժողովրդին հավատարմորեն ծառայելու երդում ընդունեցին նորաստեղծ բանակի ունեցած ընդամենը երեք՝ դեռ փոխգնդապետներ Յուրի Խաչատուրովի, Ալեքսանդր Թազագուլյանի և Աշոտ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասերի ու ՀՀ պաշտպանության նախարարության պարետային վաշտի պարտադիր ժամկետային ծառայության առաջին զինվորները (ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը Գևորգ Չաուշի փողոցում): Վաշտի հրամանատարը դեռ կապիտան, իսկ այսօր ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն էր:

Փոխգնդապետ Աշոտ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող գնդի զինվորների երդումն ընդունեց գեներալ-մայոր Մկրտիչ Աբրահամյանը, իսկ ՊՆ պարետային վաշտում՝ գեներալ-մայոր Արտյուշա Հարությունյանը: Շնորհավորելով զինվորներին ու ծնողներին, նրանք խոսում էին զինվորների բաժին մեծ պատասխանատվությունից և ասում, որ այն կատարելու համար պետք է առաջին հերթին լավ պարապել ու լավ սովորել: Արտաքուստ հավուր պատշաճի թվացող այդ բառերի իմաստը ողջ խորությամբ երևի թե միայն նրանք` մարտական գեներալներն էին հասկանում, պարզ գիտենալով, որ պատերազմը դեռ առջևում է…

Սեղաններին զինվորական երդման տեքստի ու երդվողների ցուցակների հետ նաև ծաղիկներ, խաչ ու Աստվածաշունչ էր դրված: Շատ էին անծանոթ մարդիկ ու հատկապես մանկահասակ երեխաները, որոնք ծաղկեփունջը ձեռքներին վազելով մոտենում էին երդվող յուրաքանչյուր զինվորի և, ուրախությունից չտարբերելով՝ ծաղկեփունջը զինվորի՞ն, թե՞ սպային տվեցին, ետ էին վազում:

…Իսկ զինվորների ծնողների դեմքերին ժամանակի հաղթական ոգևորության ու պայքարը շարունակելու հաստատակամության հետ մեկտեղ զսպված մտահոգություն կար: Շուշին դեռ թշնամունն էր, Ստեփանակերտն ու Գորիսն ավերվում էին, իսկ երկու օր անց համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից առաջին անգամ հրթիռակոծվելու էր նաև Կապանը…

Փոխգնդապետներ Յուրի Խաչատուրովի, Աշոտ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասերի, ինչպես նաև Վլադիմիր Կարապետյանի ղեկավարած սահմանապահ գնդի (նախկին Հատուկ գնդի) մյուս զինվորները մեկ ամիս անց` մայիսի 28-ին, հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայությամբ զինվորական երդում ընդունեցին Երևանի Հանրապետության հրապարակում:

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որը մասնավորապես ասաց.

«Տոնական գեղեցիկ ոգևորության այս պահին շնորհավորում եմ Ձեզ հայ զինվորներ ու սպաներ: Ես երազում եմ այն օրը, երբ բանակայինի երդումը կդառնա սովորական և անհրաժեշտ երևույթ: Սովորական` աշխարհի համար, և երդում ընդունող հայ զինվորը ոչ ոքի այլևս չի զարմացնի: Չի դիտվի որպես արտառոց ու գույնզգույն երևույթ թերթերում, ամսագրերի շապիկներին, այլ կընկալվի շատ բնական, ինչպես ընկալվում են անգլիացի, գերմանացի, թուրք, ռուս զինվորները, որոնց երդումը չեն լուսանկարում, այլ հարգում ու հաշվի են առնում:

Իսկ տոնականությունը, հանդիսավորությունն ու սարսուռը մեր ներսում պիտի մնա, պիտի մնա հավերժ, քանզի երդումը Հայրենիքին ու ժողովրդին զինվորը մեկ անգամ է տալիս և պատասխանատու է իր երդման համար հավերժ: Այս ամենով հանդերձ սակայն, այս տոնական արարողությունը Հանրապետության մայր հրապարակում այսօր արդարացի է և պատճառաբանված: Պատճառաբանված է մեր ժողովրդի առջև, որը երազում էր, վաղուց արժանի էր կանոնավոր բանակ ունենալու, որպես իր նվաճած պետականության, իր պաշտպանվածության երաշխիք, որպես իր զոհողությունների արգասիք, իր կասկածների փարատում: Եվ ինքը այսօր պիտի ընդուներ հավատարմության երդումը իր բանակի մի զանգվածի: Պատճառաբանված է մեր մայրերի առջև, որոնց հայրենասիրությունն ու արիությունը ազգային շարժման առաջին օրերից արթնացրին քնած արյունը մեր ժողովրդի մեջ: Եվ մեր մայրերի մեջ պիտի փնտրենք մեր երկրի ճակատագիրը: Պատճառաբանված է նրանց զոհված որդիների, մեր լավագույն ընկերների հիշատակի առաջ, որոնք ընկան Արցախի հոյակապ ազատամարտում և Հանրապետության սահմանների վրա, կրելով դժվարություններ և տանելով աներևակայելի հաղթանակներ:

Այս օրը նրանց հաղթանակի ծնունդն է, դուք նրանց հաղթանակի ծնունդն եք, բազմաթիվ այն մարտիկների, որոնք տասն անգամ կարող էին զոհվել, բայց, փառք Աստծո, չզոհվեցին: Նրանց մի մասը հիվանդանոցներում է, գամված անկողիններին:

Դուք, այո, նրանց պայքարի ծնունդն եք, և ձեր ամենամեծ խնդիրն է ամրապնդել ու պաշտպանել նրանց տարած հաղթանակները: Փառք ու պատիվ իրենց:

Պատճառաբանված է այս տոնական արարողությունը նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջ: Միամիտ չլինենք, ոչ մի հաղթանակ, փոքրիկ հաջողություն իսկ հնարավոր չէ առանց պետական հովանավորության և առանց պետական մոտեցման: Տեր կանգնենք դժվարությամբ նվաճված մեր պետականությանը, վեր ամեն տեսակ խմբային և կուսակցական շահերից, որից միշտ տուժել է մեր ժողովուրդը: Յուրաքանչյուր ժողովուրդ պատմության մեջ գտնվում է այն հանգրվանում, որին ինքն է արժանի իր հավաքականության մեջ, իր ոգեղեն ուժերի միագումարով: Եվ այն հանգրվանը, որտեղ այսօր մենք գտնվում ենք, և այն հանգրվանը, որտեղ մենք պիտի գտնվենք վաղը, կախված է միայն մեզանից: Եվ յուրաքանչյուր հաղթանակի ու յուրաքանչյուր պարտության համար պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը:

Մեր միասնականության հանրագումարն է միայն, որ մեզ կարող է հաղթանակների հասցնել: Եվ յուրաքանչյուր հաղթանակ:

Խոսքս ավարտելուց առաջ ուզում եմ ուղղել հատկապես ձեզ, հայ զինվորներ: Մենք ունենալու ենք դժվարություններ: Ոչ ոք ապահովագրված չէ դժվարություններից, ոչ ոք ապահովագրված չէ պատերազմի մեջ նաև պարտություններից, բայց մենք պիտի ամուր լինենք, կայուն լինենք, և դուք եք, որ այդ կայունությունն ապահովելու եք: Դուք եք, որ ձեր ուսերին եք տանելու մեր պայքարի հաջորդ էտապի ողջ ծանրությունը: Եվ մենք չենք կարող հաղթել, եթե այս տոնական մթնոլորտում, անգամ տոնականության մեջ չպահպանենք մեր զգոնությունը, մեր կայունությունը:

Մեզ պիտի առաջնորդի միասնականության գաղափարը: Միասնականություն հանուն հայոց պետականության: Եվ մեր ժողովրդին կարող է հաղթանակի հասցնել միայն սեփական ուժերին սատար կանգնելու գաղափարը: Եվ մեր ժողովրդին պետք է միշտ առաջնորդի վճռական մենակի գաղափարը: Վճռական մենակը միշտ ունենում է դաշնակիցներ: Մենք հովանավորներ չենք փնտրում, մենք փնտրում ենք դաշնակիցներ:

Մենք ինքներս մեզ և Աստված մեզ օգնական»:

Ապա ելույթ ունեցավ Հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը, ինչից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի ղեկավարությամբ տեղի ունեցավ մաղթանքի արարողություն, որին հաջորդեց Վեհափառ Հայրապետի օրհնանքի խոսքը:

Երկու շաբաթ անց սկսվեց ադրբեջանական բանակի ամառային-աշնանային հարձակումը, Հյուսիսային Արցախն ընկավ, իսկ Հայաստանի Հանրապետությանը հավատարմորեն ծառայելու զինվորական երդում տված պարտադիր ժամկետային ծառայության առաջին զինվորների մեծ մասը շուտով մեկնեց Արծվաշեն, Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններ ու թշնամու կատաղի հարձակումների հետևանքով աստիճանաբար նեղացող մարդասիրական միջանցք: Պատերազմն արդեն սկսվել էր…

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


07/03/2012