Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՄԻՆԱՐ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ



Փետրվարի 24-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցավ հայկական բանակին նվիրված սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ ուսանողական խորհրդի ջանքերով: Սեմինարի նպատակը բանակում ընթացող զարգացումների վերաբերյալ կարծիքներ փոխանակելն էր, հայրենասիրության գաղափարի շուրջ բոլորին, հատկապես երիտասարդներին համախմբելու համար անհրաժեշտ լուծումներ ներկայացնելը: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ համալսարանում պարբերաբար բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում, այդ թվում՝ բանակային թեմաներով, սակայն նմանատիպ ձևաչափով սեմինար-քննարկումների կարիք է զգացվում, քանի որ դրանք թույլ են տալիս ավելի բաց երկխոսություններ վարել, բանավեճերի ընթացքում փնտրվում են խնդիրների լուծման ուղիներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը իր խոսքում ներկայացրեց զինված ուժերի գործառույթները, փաստեց, որ զինված ուժերը մարտունակ են և պատրաստ` կատարելու իրենց առջև դրված խնդիրները: Միաժամանակ նա ընդգծեց, որ բանակում առկա են նաև որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար կարևոր է նաև հասարակության իրազեկվածությունը և ներգրավվածությունը: Իսկ այդ առումով պաշտպանության նախարարությունը մեծ աշխատանք է տանում: Որպես օրինակ նա նշեց շուրջ 100 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը: Պարոն Պողոսյանը կարևորեց նման համագործակցության միջոցով թերությունների վերացումը, սակայն նրա կարծիքով անհանդուրժելի են այն դեպքերը, երբ բանակը քննադատում են զինվորական ծառայություն չանցած և դրա մասին որևէ պատկերացում չունեցող մարդիկ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին բանակը ավելի ու ավելի թափանցիկ է դարձել հասարակության առջև:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ներկայացնող գնդապետ Մ.Խաչատրյանը և մայոր Ս. Մուրադյանը հակիրճ խոսեցին սպայակազմի համալրման և ձևավորման գործում ռազմական բուհի դերի մասին: Գնդապետ Խաչատրյանը ներկայացրեց նաև որոշ մանրամասներ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: Նաև հավելեց, որ բանակը մեր պետության միջնաբերդն է, և այն անհարկի քննադատողները պարզապես չեն գիտակցում իրենց գործունեության կործանարար հետևանքները:

Սեմինարի ընթացքում տարաբնույթ հարցերի շուրջ ծավալվեցին հետաքրքիր և սուր քննարկումներ: Սակայն վերջում բոլորն էլ համակարծիք էին այն հարցի շուրջ, որ հասարակությունը պետք է անհանդուրժող լինի ծառայությունից խուսափողների հանդեպ` միաժամանակ ձգտելով վերացնել ծառայության ընթացքում ի հայտ եկող արատավոր երևույթները:

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


07/03/2012