Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ. ՆՐԱՆՑ ՄԵԹՈԴՆԵՐԸ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման բարոյահոգեբանական պատրաստումն է արտասահմանյան բանակներում:

-Պարո՛ն Մարգարյան, ըստ արտասահմանյան մասնագետների՝ ի՞նչն է նպաստում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը ցանկալի մակարդակի վրա պահելուն:

– Դրան նպաստող մի շարք գործոններ են նշվում, բայց հիմնականը սրանք են՝ ռազմարդյունաբերական ներուժի հետագա զարգացումը և ամրապնդումը, անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստման ինտենսիվացումը, զինծառայողների սոցիալական պաշտպանության ուժեղացումը և ռազմական կառավարման մարմինների մասնագիտական ձեռնահասության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումների կազմակերպումը:

– Ընդհանուր առմամբ, տրամաբանությունը հասկանալի է: Բայց ինչո՞ւ է առաջինը նշվում ռազմարդյունաբերական ներուժի զարգացումը:

– Որովհետև զինվորի հենց միայն գիտակցելը, որ իր երկիրն արդիական և որակյալ զենք է արտադրում, և ինքն էլ կռվում է այդ զենքով, բարձրացնում է նրա մարտական ոգին:

– Արդյոք նաև այդ պատճառով չէ՞, որ մեր թշնամին՝ Ադրբեջանը, մեծ ուշադրություն է դարձնում իր ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը:

– Անկասկած: Սակայն չմոռանանք, որ միայն որակյալ և հուսալի ռազմական արտադրանքը կարող է նպաստել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը:

– Արտասահմանյան երկրների բանակներում անձնակազմի բարոյահոգեբանական կայունության ապահովման համար հատկապես ի՞նչ է արվում:

– Այնտեղ ԶՈՒ-ի պահանջվող մակարդակի մարտունակության և մարտական պատրաստության պահպանման նպատակով պետական և ռազմական ղեկավարության կողմից անցկացվող միջոցառումների համալիրում կարևոր տեղ է հատկացված անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստմանը (ԲՀՊ)` ըստ հետևյալ ուղղությունների. առաջին՝ անհրաժեշտ ռազմամասնագիտական հատկությունների ձևավորում և զարգացում, երկրորդ՝ հայրենասիրության, ազգային արժեքներին հավատարմության դաստիարակություն, երրորդ՝ զինվորական ծառայության նկատմամբ դրական շարժառիթավորման ձևավորում, չորրորդ՝ «գերիակայունության» դաստիարակում և պատրաստություն արտակարգ պայմաններում երկարատև մարտական գործողությունների վարմանը, հինգերորդ՝ ֆիզիկական դաստիարակություն:

– Որո՞նք են բարոյահոգեբանական պատրաստման հիմնական խնդիրները:

– Նախ՝ զինծառայողների մեջ պետության և նրա հաստատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքի դաստիարակություն: Երկրորդ՝ առկա ռազմական սպառնալիքների վերաբերյալ գիտելիքների ձևավորում: Երրորդ՝ թշնամու կերպարի ձևավորում: Չորրորդ՝ անձնակազմի գիտակցության մեջ թշնամու դեմ ձեռնարկվող ցանկացած մարտական գործողության բարոյական հիմնավորվածության գաղափարների, իրենց արարքների արդարացիության մեջ համոզվածության սերմանում: Հինգերորդ՝ ամենաանկանխատեսելի հանգամանքներում սառնասրտություն և պատասխանատվության զգացում պահպանելու ընդունակության զարգացում: Վեցերորդ՝ հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությանը դիմակայելու ընդունակության ձևավորում: Յոթերորդ՝ բոլոր կատեգորիաների զինծառայողների (ներառյալ` ԶՈՒ-ի թոշակառուները, պահեստազորը) իրավունքների և արտոնությունների սոցիալական պաշտպանություն:

– Բնականաբար, նրանց այդ աշխատանքն իր յուրահատկություններն ունի: Կարելի՞ է առանձնացնել դրանք:

– ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բանակների մեծ մասում գործող բարոյահոգեբանական պատրաստման համակարգի վերլուծությունը հնարավորություն է տալիս առանձնացնելու դրա հիմնական գծերը և առանձնահատկությունները, մասնավորապես` ԶՈՒ-ի կազմակերպական կառուցվածքի գործնականում բոլոր օղակներում համապատասխան ապարատի առկայությունը (այդ ապարատն իր ուրույն տեղն է զբաղեցնում ԶՈՒ-ի կառավարման կառույցներում), ճյուղավորվածությունը և համապատասխան ծառայությունների ու մարմինների խիստ ենթարկվածությունը, ԲՀՊ կառավարման մարմինների տրամադրության տակ հզոր նյութական ու ֆինանսական բազայի առկայությունը, հստակ որոշված գաղափարական-տեսական և մեթոդաբանական հիմքերի առկայությունը, որակյալ օրենսդրական ապահովումը, ԲՀՊ նպատակաուղղվածությունը, ուսուցման և դաստիարակության անքակտելի միասնությունը, պրակտիկ գործունեության մեջ կշռադատվածության և հստակության ապահովումը:

– Բարոյահոգեբանական պատրաստման ի՞նչ մեթոդներ են կիրառվում:

– Արևմուտքում մշակված են ԲՀՊ որոշակի ձևեր և իրագործման հատուկ ծրագրեր, մասնավորապես` տեղեկատվական-դաստիարակչական աշխատանք, գովազդային-քարոզչական աշխատանք, սոցիալ-իրավական աշխատանք, անձնակազմի հոգեբանական պատրաստում (հոգեբանական աշխատանք), մշակութաժամանցային աշխատանք:

– Որո՞նք են տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքի նպատակները:

– Նախ՝ զինծառայողների մեջ պետական ռազմական քաղաքականության բնույթին համապատասխանող հայացքների և համոզմունքների ձևավորումը: Երկրորդ՝ զինվորական կառավարման մարմիններին և սպայական կորպուսին օպերատիվ ռազմաքաղաքական և ծառայողական-սոցիալական տեղեկույթով ապահովումը: Երրորդ՝ անձնակազմի գիտակցության և վարքի վրա տեղեկութային ներգործությունը` մարտական խնդիրների կատարմանը դրդող շարժառիթների և հոգևոր խթանների ձևավորման նպատակով: Չորրորդ՝ զինծառայողների մշակութային, կրոնական և տեղեկութային պահանջմունքների բավարարումը: Հինգերորդ՝ զինվորական ծառայության գովազդումը: Վեցերորդ՝ զինվորական ծառայության նկատմամբ դրական հասարակական կարծիքի արմատավորումը:

– Փաստորեն, զարգացած երկրների բանակներում անձնակազմի վրա ներգործելու հիմնական միջոցը համոզելու մեթոդն է, այո՞:

– Այդպիսի միջոց են ներշնչանքը և վարժանքը, ինչպես նաև ներգործությունը գիտակցության և վարքի վրա` կոնկրետ քաղաքական տերմինների և հասկացությունների կիրառմամբ:

– Այսի՞նքն:

– Օրինակ՝ «հակաահաբեկչական պայքար» հասկացությունն արդեն իսկ թելադրում է վարքի որոշակի նորմ: Կամ՝ «բռնատիրություն» եզրը: Կրթության ընթացքում յուրացնելով նման տերմինների իմաստն ու դրանց համապատասխանող վարքագծի նորման՝ զինծառայողները դառնում են դրանց միջոցով ներգործությանը ենթակա:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ Ուշադրության կենտրոնում, Ռազմական


07/03/2012