Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՕՂԱԿ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ…



1991թ.

ՄԱՅԻՍ

Մայիսի 3-ին Մոսկվայում խորհրդային և արտասահմանյան լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսում Հայաստանի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատական գործ կհարուցի ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Պուգոյի եւ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Շատալինի դեմ: Նա նաեւ հայտնեց, որ ինքը մեկ ամսում 37 հեռախոսազրույց է ունեցել երկրի ղեկավարության հետ՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը, սակայն այս երկուսը հանցավոր գործարքի մեջ են Պոլյանիչկոյի և Ադրբեջանի ղեկավարության հետ:

Մայիսի 4-ից «Օղակը» մոլեգնում էր նաև Հայաստանում: Նոյեմբերյանում ու Գորիսում ահավոր վիճակ էր, Ոսկեպարում ավտոբուսի գնդակոծման հետևանքով սպանվեց 11 միլիցիոներ: Կենտրոնն անգամ Հայաստանի ներքին գործերի նախարարությանն էր թշնամի համարում:

Նույն օրը Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն վերակազմավորվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության կոմիտեի: Պաշտպանության կոմիտեի նախագահ նշանակվեց Վահան Շիրխանյանը, շտաբի պետ՝ դեռ գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը:

Ներքին զորքերը Կոռնիձորում գերեցին 11 հայի, որոնցից 9-ը միլիցիոներներ էին: ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը հրաժարվում էին հանդիպել ու բանակցել անգամ ներքին գործերի՝ իրենց իսկ համակարգի ներկայացուցիչների հետ. յուրաքանչյուր հայ, ով գիտեր զենք բռնել, անգամ իրավապահները, նրանց համար թշնամի էին… Ոսկեպարում 12 զոհ կար, Կրասնոսելսկի, Իջևանի ու Տավուշի դիմաց՝ ներքին զորքերի և ադրբեջանական օմօնի կուտակումներ:

Իսկ հայաստանյան մամուլում հրապարակվեցին գնդապետ Մաշկովի մոտ հայտնաբերված փաստաթղթերը՝ նաև ռադիոկապի ծածկագրերն ու գործողության մասնակից ստորաբաժանումների ազդականչերը՝ վերջնականապես ապացուցելով, որ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի բռնազավթումը բարձր հրամանատարության կողմից մանրամասն ծրագրված ռազմական գործողություն էր:

Մայիսի 6-ին մեծ դժվարությամբ վերադարձվեցին զոհված միլիցիոներների մարմինները:

Մայիսի 7-ին ավարտվեց երկու գյուղերի բռնի տեղահանությունը: Բնակչությունն ավտոբուսներով բերվեց Իջևան ու Տավուշ:

Մայիսի 8-ից ներքին զորքերն ու օմօն-ը կուտակվում էին նաև Շահումյանի սահմաններում:

Նույն օրը Հայաստանում ստեղծվեց Արտակարգ իրավիճակի հանրապետական ժամանակավոր խորհուրդ:

Մայիսի 8-9-ին «Օղակն» ընդգրկեց Ոսկեպար, Կիրանց, Տեղ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խոզնավար ու Արծվաշեն գյուղերը, կային բազմաթիվ պատանդներ, որոնք տարվել էին Ադրբեջան: Կապանում զոհվեց շրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից Համլետ Քոչարյանը:

Ավերվել էին Ոսկեպարը, Կիրանցը, Տեղը, Կոռնիձորը, Շուռնուխը, Խոզնավարը, Արծվաշենը, ընկավ Բերդաձորը, հայաթափվում էին Հադրութի սահմանամերձ գյուղերը:

Մայիսի 13-ից «անձնագրային ռեժիմի ստուգումներ» սկսվեցին Հադրութում, որոնք միայն 1-ին օրն էին օրինականության սահմաններում: Հաջորդող օրերին սկսվեցին անպատմելի այլանդակություններ:

Մայիսի 15-ից սկսվեց Հադրութի սահմանամերձ գյուղերի հայաթափումը, որը սկսվեց անակնկալ կերպով ու «անձնագրային ռեժիմի ստուգման» քողի ներքո, և կամավորներն ուղղակի չհասցրին ինչ-որ բան ձեռնարկել: Անպատժելիությունից արբած օմօնականները միայն Քարինջում 11 բնակչից 4-ին սպանեցին:

Մայիսի 17-ին կամավորական ջոկատներ ուղարկվեցին Ցոր, Ծամձոր ու Խանձաձոր, որոնք կարողացան արգելել թալանը: Տարօրինակ իրավիճակ էր. բնակչությունը հեռանում էր, օմօնն ուղղակի վախենում կամավորների հետ ուղիղ մարտի բռնվել, իսկ ներքին զորքերն աստիճանաբար սկսում էին խուսափել կամավորների հետ հանդիպումից: Կենտրոնի համար աստիճանաբար պարզ էր դառնում, որ արյուն է հեղվելու… Մեկ այլ հանգամանք էլ կար՝ օգտվելով Կենտրոնի ամենաթողությունից, Բաքուն հնարավորինս փորձում էր թույլատրվածից անհամեմատ շատ տարածք հայաթափել ու երբեմն ծանր հակահարված էր ստանում…

Մայիսի 31-ին Արթուր Մկրտչյանի (ԼՂՀ ԳԽ զոհված նախագահ), Վահան Բադասյանի եւ այլոց ջանքերով Ցորում ու Խանձաձորում կամավորական ջոկատներն ուղեկալներ դրեցին, ու բնակչության կեսը վերադարձավ: Այնինչ մի գյուղը չգիտեր, թե մյուսն ինչ է անում: Հայաթափումը դադարեց, երբ Տողում, Էդիլլում, Հադրութում ու Մեծ Թաղլարում զինված դիմադրություն ցուցաբերվեց: Հադրութում իրավիճակը սկսեց կայունանալ հուլիսի կեսերից միայն: Իսկ առայժմ…

ՀՈՒՆԻՍ

Հունիսի 5-ին ազատ արձակվեցին Գորիսի սահմանամերձ գյուղերում պատանդառված 24 հայեր, այդ թվում՝ 5 միլիցիոներներ:

Հունիսի 7-ին Խծաբերդում, ապա Մեծ Թաղլարում ջարդեցին հարձակվողներին, ու շրջանի հայաթափման անիվը սկսեց կանգնել:

ԼՂԻՄ աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների ժողովը հայտարարեց, որ մարզը մնալու է խորհրդային նորացվող դաշնության կազմում, իսկ ԼՂԻՄ լուծարված մարզկոմի 1-ին քարտուղար Հենրիկ Պողոսյանը Մոսկվայից վերադառնալով Ստեփանակերտ՝ ռադիոելույթով դիմեց արցախահայությանը և կոչ արեց մարզը փրկելու համար երկխոսություն սկսել Բաքվի հետ:

ՀՈՒԼԻՍ

Հուլիսի սկզբին ԽՍՀՄ ներքին զորքերն ու օմօնը հայաթափեցին Քարինտակը, շրջապատեցին Մարտունու շրջանի Նորշեն, Աշան, Սպիտակաշեն, Մուշկապատ գյուղերը, որտեղ համառ մարտեր էին ընթանում: Գերվեց 42 տղամարդ: Կուտակումներ կային նաև Շահումյանի շրջանի դիմաց:

Հուլիսի 4-ին Գորբաչովը հրամանագիր ստորագրեց Շահումյանի շրջանում «իրավիճակի կայունացման պատճառով» արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին: Ներքին զորքերը, հանելով Շահումյանի սահմաններում դրված բոլոր ուղեկալները՝ հեռացան շրջանից, միայն մեկական փոքրիկ ստորաբաժանումներ մնացին ռուսական Ռուս Բորիս ու ադրբեջանական Գյուրզալար գյուղերում: Դրանից հետո զորքը սկսեց բացահայտ օգնել օմօնին, ու սկսվեց խոշոր հարձակում:

Նույն ժամանակ մի քանի օր տևած իրական դիմադրությունից հետո մտան Մարտակերտ քաղաք ու Հաթերք, որից հետո օմօն-ը զրահատեխնիկայով գրոհեց Էրքեջ, Բուզլուխ ու Մանաշիդ գյուղերը, բայց կանգնեցվեց շրջանի ուժերի, կամավորական ջոկատների ու Հատուկ գնդի մարտիկների կողմից: Այլևս բացահայտ պատերազմ էր վարձկանների դեմ, իսկ Արցախի ողջ երկայնքով թուրքերը հրդեհում էին հայկական գյուղերի ցորենի արտերը:

Հենրիկ Պողոսյանի հայտնի ռադիոելույթից հետո Արցախի պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա, անգամ հանդիպել Յանաևի հետ, բայց ասել էին, որ Կենտրոնի հետ բանակցելու համար Մութալիբովի համաձայնությունն է անհրաժեշտ, ինչը Մոսկվայում չունեն…

ՀՀ ԳԽ նիստում ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեցին, որ Շահումյանը Գետաշենը չէ, և Հայաստանն ամեն միջոց կձեռնարկի թույլ չտալու Շահումյանի հայաթափումը, ինչը բավական բարձրացրեց շրջանի բնակչության ու պաշտպանների ոգին:

Նույն օրը ՀՀ գերագույն խորհուրդը հայտարարեց, որ «Օղակ» գործողության հետևանքով միայն ԼՂԻՄ-ում ապրիլից զոհվել է 41, վիրավորվել 70, առևանգվել 355 մարդ: ՀՀ-ում զոհվել է 35, վիրավորվել 44 մարդ, պատանդառվել է 10-ից ավելի միլիցիոներ, 28 գյուղում ավերվել են տներ ու շինություններ: …Տեղի ունեցող իրադարձությունները հիմք են տալիս պնդելու, որ ԽՍՀՄ պրեզիդենտը չի կատարում ԽՍՀՄ քաղաքացիների կյանքի, գույքի և պատվի երաշխավորը լինելու՝ սահմանադրությամբ իր առջև դրված պարտավորությունները: …ՀՀ ԳԽ-ն հայտնում է բոլոր հնարավոր միջոցներով հայ ազգաբնակչության անվտանգությունը և արժանապատվությունը պաշտպանելու իր վճռականությունը»:

Դրանից հետո Յազովի հրամանով արգելվեցին Հայաստանից դեպի Շահումյան կատարվող ուղղաթիռային թռիչքները, ու զորքը սկսեց գնդակոծել քաղաքացիական ուղղաթիռները:

Հուլիսի 8-ին ԽՍՀՄ ներքգործնախարար Պուգոն հայտարարեց, թե Շահումյանի շրջանի գյուղերում բնակչություն չկա, այլ միայն հայ գրոհայիններ են: Նա նույնն էր ասել նաև Գետաշենի ու Մարտունաշենի անկման նախօրեին:

Հուլիսի 13-ին զինվորական ուղղաթիռները պտտվում էին Էրքեջի երկնքում և բարձրախոսներով բնակչությունից պահանջում էին հեռանալ:

Նույն օրը Հայաստանի ՆԳՆ-ն հայտարարեց, որ նախարարության ողջ անձնակազմը տագնապով ոտքի է հանվել՝ պաշտպանելու շրջանը և օգնություն խնդրեց խորհրդային մյուս հանրապետությունների ներքգործնախարարություններից: Երեկոյան իրադրությունն ավելի սրվեց, իսկ Էրքեջի դիմաց՝ ադրբեջանական Թոդան գյուղում նկատվեցին տանկերի կուտակումներ: Էրքեջի բնակչությունն ապաստանել էր Վերինշենում: Գյուղում մնացել էին միայն տղամարդիկ, իսկ ուղղաթիռներից բարձրախոսներով հայտարարում էին, որ մնացածները համարվում են հայ գրոհայիններ և կոչնչացվեն: Մանաշիդի ու Բուզլուխի բնակչությունն էլ ապաստանել էր անտառներում, որոնք, սակայն, ուղղաթիռներից գնդակոծվում էին:

Հուլիսի 14-ին ներքին զորքերը դրժելով երկու օրվա ընթացքում բնակչությանը Հայաստան տեղափոխելու խոստումը՝ հայաթափեցին Մանաշիդ ու Բուզլուխ գյուղերը: Բնակչությունն ապաստանեց Վերինշենում, իսկ հաջորդ օրը Էրքեջը ետ մղեց օմօն-ի ու զորքի՝ տանկերի, հրետանու և ուղղաթիռների կրակով աջակցվող գրոհը, թեև անգամ ՄԻԳ-23 ինքնաթիռ էր ցածր բարձրությունում թռչելով՝ գնդակոծում գյուղը: Թշնամին ջարդվելով ետ շպրտվեց Թոդան: Զոհվեց 2, վիրավորվեց 15 ազատամարտիկ: Անհավատալի է, բայց ազատամարտիկները նույն օրն օմօնին դուրս շպրտեցին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղից ու Սարսանգի ջրամբարի հիդրոհանգույցից: Շահումյանի, Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում արդեն բացահայտ զինված դիմադրություն էր, գումարած Հադրութում ծավալվող դիմակայությունը: Իսկ Կենտրոնի աջակցությունից արբեցած Ադրբեջանի իշխանություններն ադրբեջանցիներին վերաբնակվելու էին հրավիրում Շահումյան ու Մարտակերտ՝ խոստանալով պետական ամենայն աջակցություն:

Հուլիսի 15-ին, մեծաքանակ կորուստների գնով (72 սպանված և 3 միավոր զրահատեխնիկա), ԽՍՀՄ ներքին զորքերն ու ադրբեջանական օմօնը գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Պատմության էջերից


07/03/2012