Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ



1993 թվականն էր: Արցախյան պատերազմը հուժկու ալիքով տարածվել և ընդգրկել էր մեր երկրի սահմանամերձ շրջանները: Նորաստեղծ ազգային բանակը, որ ծնվել էր ժողովրդական ցասումից, օրեցօր կազմավորվելու և հզորանալու, իր ստորաբաժանումները ստեղծելու հիմնախնդիր ուներ: Պատերազմական տարածքում միայն կամավորական ջոկատներով, առանց միացյալ և համադրված հրամանատարության, զինվորական կարգապահության և հզոր զինտեխնիկայի այլևս հնարավոր չէր պաշտպանել սահմանները, շահել պատերազմը: Այդ իսկ անհրաժեշտությամբ, 1993թ. հունվարի 25-ին ՀՀ Սահմանապահ ուժերի պայմանագրային գումարտակի հիման վրա կազմավորվեց առանձին մոտոհրաձգային գունդը, այնուհետեւ, նույն թվականի փետրվարի 23-ին` զորամասը: 1993թ. հունվարից մինչև հրադադարն ընկած ժամանակահատվածում, զորամասի բոլոր ստորաբաժանումները քաջաբար մասնակցել են սահմանամերձ Շուռնուխ, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Խոզնավար, Հարթաշեն գյուղերի ինքնապաշտպանությանը, Լաչինի մարդասիրական միջանցքի, հայկական մի շարք բնակավայրերի ազատագրման համար մղվող մարտերին, դրսևորել միասնական ոգի և նպատակ, բարձր կարգապահություն, պատերազմի բովում հմտացած մարտարվեստի ճկուն գիտելիքներ: Զորամասը և՛ կազմավորվում էր, և՛ միաժամանակ պատերազմում: Մարտական գործողությունների ժամանակ զորամասը տվել է 164 զոհ և 437 վիրավոր:

Զորամասի բազմաթիվ սպաներ և զինվորներ մարտադաշտում ցուցաբերած արիության, խիզախության և անձնազոհության համար արժանացել են պետական և կառավարական պարգևների: Որպես անցած փառավոր ուղու գնահատական` 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է մեկ, «Արիության համար» մեդալով` 18 զինծառայող, որոնցից 12-ը` հետմահու, «Մարտական ծառայության» մեդալով` 14, գերատեսչական մեդալներով` 94 զինծառայող: 1995թ. սեպտեմբերի 18-ին զորամասը ստացավ մարտական դրոշ: ՀՀ Նախագահի 2007 թ. հունվարի 26-ի հրամանագրով` բանակաշինության գործում ունեցած նշանակալի ձեռքբերումների, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար զորամասը պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով:

Ահա այդ հերոսական տարեգրության փառավոր բարձունքից տոնվեց զորամասի կազմավորման 19-րդ տարեդարձը: Շարահրապարակում զորամասի հրամանատար գնդապետ Ա. Ցականյանը բացեց հանդիսավոր արարողությունը և հրամանատարության ու վարչակազմի անունից շնորհավորեց ամբողջ անձնակազմին, բարեմաղթեց փառավոր մարտական ուղի անցած զորամասին արժանի ծառայություն, բարձր մարտական պատրաստություն, զինվորական համերաշխություն, փոխադարձ հարգանք, զորամասի պատիվը և ձեռքբերումները վառ պահելու պատրաստակամություն, կարևորելով կարգապահությունը, մարտական գիտելիքների ամրապնդումը և այն հպարտությունը, որ ծառայում են «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր գնդում: Շնորհավորանքի և քաջալերանքի խոսքով հանդես եկավ նաև զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Բաբայանը:

Զորամասի հրամանատարն արարողության վերջում, տոնական օրվա կապակցությամբ, խրախուսեց մի շարք զինծառայողների` շնորհակալական նամակներով, շնորհակալությամբ, պատվոգրերով և հերթական զինվորական «սերժանտ» կոչում շնորհեց երկու զինծառայողի:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Ազգային բանակ


07/03/2012