ԱՌԱՋՆՈՐԴԸ
Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, բայց միշտ էլ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, որոնք, համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, նաև բացել են ազգի առջև ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը։ Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է Առաջնորդը… Ավաղ, մեր ժողովուրդը հաճախ ժամանակին չի ճանաչել իր Առաջնորդին, և հենց դա էլ եղել է նրա դժբախտությունը։ Մեր պատմությունը վկա։
Մեր նորագույն պատմության վառ անհատականություններից և Հայաստանի Երրորդ Հանրապետության ճարտարապետներից մեկը, գուցեև ամենակարկառունը Վազգեն Սարգսյանն է։ Վազգենը գիտեր, որ միայն սեփական բազկին ապավինելով կարելի է հայրենիքը պաշտպանել, ձեռնամուխ եղավ ժողովրդի զինված ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործին. «Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել»։
Իր հեռատեսությամբ, նվիրվածությամբ և շիտակությամբ նա դարձավ տարերայնորեն կազմավորվող կամավորական ջոկատների՝ երկրապահների ոգին, գաղափարախոսության ու մտքի արտահայտիչը, մի բառով ասած՝ Սպարապետ-Առաջնորդը. «Ես եմ ընտրել իմ ճանապարհը»։
Հավատարիմ մնալով հայոց պետականության վսեմ գաղափարին՝ նա գիտակցական իր ողջ կյանքով, իր գործունեությամբ և վարքով պայքարեց «տեղային հայրենասիրության» ախտի դեմ։ Նրա համար Արցախը առաջին ճակատամարտն էր` հանուն Հայոց միասնական հայրենիքի: Հայոց հայրենական պատերազմի անդրանիկ հաղթանակը, որ նորանոր հաղթանակների դուռն էր բացելու. «Հայրենական պատերազմն ամենագեղեցիկ բանն է, որ երբևէ հնարել է որևէ ժողովուրդ։ Ղարաբաղի պատերազմը վաղուց դադարել է Ղարաբաղի պատերազմ լինելուց, հանեք այդ ձևակերպումը ձեր բառապաշարից»։
Ուստի, ինչ պաշտոն էլ նա զբաղեցրել է, ըստ ամենայնի նպաստել է Արցախի պաշտպանության գործին։ Մոնթե Մելքոնյանի բանաձևը` «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը», եղել է նրա գործունեության նշանաբանը…
Վազգեն Սարգսյանն իր կյանքով, վարքով ու գաղափարախոսությամբ իրավամբ համարվում է հայոց զինուժի կազմավորման ու հայ զենքի փայլուն հաղթանակների ոգեշնչողն ու կազմակերպիչը։ Ու նաև այս ամենից ելնելով, այս ամենը հավուր պատշաճի գնահատելով՝ ժողովուրդը նրան Սպարապետի կոչումը շնորհեց։
Շարժման հենց առաջին փուլում զինյալ ջոկատների ու խմբերի ապակուսակցականացման ու քաղաքական ազդեցություններից զերծ պահելու նրա ջանքերը, 1990-ի հունվարյան և մայիսյան իրադարձությունների ժամանակ ջոկատների ու խմբերի գործունեությունը կենտրոնացնելու համար նրա պայքարը, Արցախյան պատերազմի նախնական շրջանում Հայաստան-Արցախ զինյալ գործունեության համակարգման ու ամենափայլուն ռազմագործողության՝ Շուշիի ազատագրման գործում նրա բացառիկ դերակատարությունը հիմնովին հաստատեցին այն գնահատականը, որ նա համազգային կազմակերպիչ է ու Առաջնորդ։
Շուշիից հետո՝ Արցախի համար օրհասական ժամանակաշրջանում մահապարտների հավաքագրման նրա պատմական կոչը, որը բարոյահոգեբանական առումով անգնահատելի նշանակություն ունեցավ, դեռ առանձնահատուկ վերլուծության կարիք ունի։
Մահապարտների գումարտակի գործունեությունից ընդամենը երեք ամիս հետո, նույն կամավորական ջոկատներից 5-րդ կամավորական բրիգադի (այդ օրերի ամենախոշոր զորամիավորման) կազմավորումը, որն իր հետագա գործունեությամբ որոշեց պատերազմի բախտը, սրան զուգահեռ ԵԿՄ կազմավորման ու բանակաշինության լայնածավալ գործունեությունը կրկին վկայում են, որ նա եղել է ոչ միայն հասարակական-քաղաքական պետական գործիչ, այլ նաև Առաջնորդ։
Նա կարողացավ բանակը դարձնել անկուսակցական՝ զերծ պահելով քաղաքական միջամտություններից. «Քաղաքականությանը կա՛մ պիտի խառնվեր նախարարը, կա՛մ ամբողջ զինված ուժերը։ Ես ընտրել եմ չարիքի փոքրագույնը։ Ինձ համար ամենևին հաճելի չէ այդքան հարվածներ ստանալ, անընդհատ թիրախի տակ լինել։ Եվ, բացի այդ, ես ինձանով իսկապես պաշտպանել եմ բանակը քաղաքականությունից»։
Ըստ Վազգեն Սարգսյանի` հայ մնալու հիմնական գրավականը հայկական հզոր պետություն ունենալն է։ Եվ որպեսզի հայը ունենա հզոր պետություն, հայոց պետությունը պետք է ունենա հզոր բանակ։ Եվ հենց այս նպատակով նա իր կյանքի իմաստը դարձրեց հայոց ազգային բանակի կազմավորումը, կայացումը և հզորացումը։
Վազգեն Սարգսյանը հենց ինքը հայոց բանակն էր, հավերժորեն անհրաժեշտ համազգային այն արժեքը, առանց որի չի կարող գոյատևել ազգը, առանց որի չի կարող գոյատևել ազգային պետությունը։
Սպարապետ Վազգեն Սարգսյանը սպարապետ Գարեգին Նժդեհի խաչեղբայրն էր՝ մարտնչող միայնակի խաչը ճակատին։ Մահապարտ Գարեգին Նժդեհի գործը շարունակեց մահապարտ Վազգեն Սարգսյանը։
Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում