ԱՄՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՂԱՆԴԱՀԱՐՈՒՄ 17 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ Է ՍՊԱՆԵԼ
Զոհվածների թվում են ինը երեխա և երեք կին: Եվս չորսը վիրավորվել են ավտոմատային կրակից, որոնց տեղափոխել են Աֆղանստանում անվտանգության ապահովմանն աջակցող միջազգային ուժերի զինվորական հոսպիտալ: Ողբերգական միջադեպի դրդապատճառներն առայժմ անհայտ են: Մարդասպանը, որ արյունալի սպանդից առաջ ինքնակամ լքել էր զորամասը, ապա վերադարձել, ձերբակալվել է իր իսկ ծառայակիցների կողմից: ՆԱՏՕ-ն Աֆղանստանի իշխանությունների հետ համատեղ հետաքննություն է սկսել:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, խստորեն դատապարտելով կատարվածը, այն որակել է որպես «կանխամտածված ու աններելի արարք»:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատար, ամերիկյան գեներալ Ջոն Ալլենը հայտարարել է, թե «ինքը ցնցված է ու վշտացած և հետամուտ կլինի, որպեսզի խստորեն պատժվեն կատարվածի բոլոր մեղավորները»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական