ՇՐԹՆԵՐԿ, ՀԱՅԵԼԻ ԵՎ ԻՆՔՆԱՁԻԳ
Վաղուց արդեն ժամանակավրեպ է համարվում «կնոջ տեղը միայն խոհանոցում է» արտահայտությունը։ Դեռևս Պլատոնը կանխատեսել էր, որ կգան այնպիսի ժամանակներ, երբ կանայք տղամարդկանց հավասար կյուրացնեն ամեն տեսակ արհեստներ ու նաև կպատերազմեն։ Այսօր աշխարհի շատ երկրներում կանայք ծառայում են բանակում։
«Ֆիգարո» թերթի անցկացրած հետազոտությունների արդյունքով՝ զինվորական ծառայության մեջ կանանց հրապուրում են ռոմանտիկան, մշտական լավ վարձատրվող աշխատանք ունենալու ձգտումը, ընտանեկան կյանքի համար զուգընկեր գտնելու հնարավորությունը և ամենակարևորը՝ այն բանի գիտակցումը, որ թույլ սեռն ի զորու է գլուխ հանել ուժեղ սեռի խնդիրներից։ Բանակում ծառայող կանանց ամենամեծ թիվը Իսրայելում է։ «Զինծառայության մասին» այդ երկրի օրենքի համաձայն՝ պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա նաև բոլոր 18 տարին լրացած, չամուսնացած, երեխաներ չունեցող աղջիկները։ Նախկինում կանանց ծառայությունն Իսրայելի պաշտպանության բանակում (Ցահալ) 22 ամիս էր, այժմ գրեթե հավասարվել է տղամարդկանց պարտադիր ծառայության ժամկետին։ Զինվորական մասնագիտությունների մոտավորապես 90 տոկոսը թույլատրելի է կանանց։ Բարձր սպայակազմում գեղեցիկ սեռը փոքր թիվ չի կազմում։ Ցահալի շուրջ 35 տոկոսը կանայք են։
ԱՄՆ բանակի և նավատորմի շուրջ 20 տոկոսն են կազմում կանայք։ Ավելի քան 11,2 հազար ամերիկացի կին զինծառայողներ մասնակցել են ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին, 37 հազարը՝ 1991թ. «Փոթորիկ անապատում» գործողությանը։ Ծառայության մեջ ոչ մի սահմանափակում գրեթե չկա. կանանց թույլատրվում է ծառայել ռազմաճակատի ամենաթեժ կետերում՝ որպես բժիշկներ, կապավորներ, օպերատորներ…, նրանց առջև բաց են անգամ ամերիկյան ատոմային սուզանավերը։ Ամերիկյան բանակում կան գեներալի և ծովակալի կոչում ունեցող կանայք։ Գեներալ Ուիլմա Վոհթը ԱՄՆ ԶՈՒ ամենաշատ կոչումներ ստացած և պարգևատրված կինն է։ Նրա աջակցությամբ է ստեղծվել Կանանց ռազմական հուշարձանը Արլինգթոնի գերեզմանատանը։
2011թ. Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ այսուհետ կանայք կարող են ծառայել երկրի ԶՈՒ ցանկացած ստորաբաժանումներում և պաշտոններում, բանակի ոչ մի մարտական միավոր որևէ քաղաքացու առաջ նրա սեռի պատճառով փակ չի լինելու։
Իտալուհիներին թույլատրվել է ԶՈՒ մտնել 1999թ. վերջին, սակայն նրանց առջև փակ են հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու ստորջրյա նավատորմը։ Ներկայումս ծառայում են Իտալիայի մոտ 10 հազար քաղաքացիուհիներ։
Պակիստանում կանայք հիմնականում ծառայում են հոսպիտալներում, ինժեներական զորամասերում։ Զինվորական բժշկուհի Շահիդա Մալիքը գեներալի կոչում ունի։
Թրքուհիներն սկսեցին սովորել զինվորական ակադեմիաներում 1955 թվականից, 1957-ից նրանք հնարավորություն ստացան սպայական կոչումներ ունենալու։
Ռուսաստանում 45 հազարից ավելի կին է ծառայում (ի դեպ, նրանց թիվը նվազում է)։ Ամենաբարձրը կանանց համար գնդապետի կոչումն է։ 2008թ. Վ.Պուտինը ստորագրեց հրաման, համաձայն որի՝ անչափահաս աղջիկներին ևս թույլատրվում էր սովորել զինվորական ուսումնարաններում և կադետական կորպուսներում։
Նախկին ԽՍՀՄ երկրներից Լատվիայի բանակում կանայք 17,5 տոկոս են կազմում, Լիտվայում՝ 11 տոկոս, Էստոնիայում՝ 14, Ուկրաինայում՝ 13։ Այսօր հայկական բանակում կանանց թվաքանակը ևս փոքր չէ (Արցախյան պատերազմի ժամանակ կանայք ևս կռվեցին տղամարդկանց կողքին)։
Հնդկաստանում 1990-ականներին թույլատրվում էր ծառայել միայն ոչ մարտական ստորաբաժանումներում։ Արդեն 2010թ. հնդկական բանակում հաշվվում էր 1000 կին սպա։ 2011թ., ըստ The Times of India թերթի տվյալների, հնդկական բանակի ռազմական միավորումում հայտնվեց առաջին հնդկուհի զինվորականը։ Երկու երեխաների մայր Շանտի Թիգան ընդունվեց 969-րդ գնդի տարածքային երկաթուղային զորքեր։
Ֆրանսիական բանակում կանայք կազմում են 15 տոկոս։ Բացի արտասահմանյան լեգեոնից, ծովային հետևակից և սուզանավի անձնակազմից, ֆրանսուհիները կարող են ծառայել մնացած բոլոր զորքերում։ 1995թ. նրանց թույլատրվում է վարել ամեն կարգի օդանավ, այդ թվում՝ մարտական։ Ֆրանսիական բանակում կին գեներալներ ևս կան։ Ավելին, 2002թ. Ֆրանսիայում առաջին անգամ պաշտպանության նախարար դարձավ բանասեր, տնտեսագետ, քաղաքական գիտությունների դոկտոր և… կին՝ Միշել Ալյո Մարին։
Վերջին տասնամյակում իսպանական բանակն այնքան էլ չի ձգում իսպանացի մաչոներին։ Զինվորական կարիերան այստեղ այնքան էլ հեղինակավոր չի համարվում։ Բացի այդ, աշխատավարձն էլ բարձր չէ։ Ինչևէ, այդ բացը լրացնում են կանայք։ Նրանք կազմում են բանակային անձնակազմի 20 տոկոսը։ Իսպանուհիներն առանց բացառության ծառայում են բոլոր ստորաբաժանումներում՝ ներառյալ հրաձգային և օդադեսանտային ստորաբաժանումները, ծովային հետևակը, հրետանին…
2008-2011թթ. Իսպանիայի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր Կարմե Չակոնը։ Նրա նշանակումը աշխույժ մեկնաբանությունների լավ առիթ էր։ Կարմե Չակոնը պաշտպանության նախարար նշանակվեց հղիության 7-րդ ամսում, և այդ վիճակով նա ընդունում էր շքերթներ, տեսչական այցելություններ կատարում Աֆղանստան, Լիբանան։ Մամուլը երկար ժամանակ չէր հանդարտվում. «Պատկերացնում եք՝ ռազմական զորավարժություններ են, բնականաբար, պաշտպանության նախարարը պետք է մասնակցի, բայց ախր երեխային կերակրելու ժամն է»։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար խոստովանենք նաև, որ նա ամեն ինչ կարողանում էր ժամանակին հասցնել։
Կանադան ևս ունեցել է կին նախարար՝ Կիմ Քեմբփելը 90-ականներին ղեկավարում էր պաշտպանական գերատեսչությունը, իսկ ավելի ուշ դարձավ Կանադայի վարչապետ։
Այսօր արդեն մեկ տասնյակից ավելի են այն երկրները, որտեղ կանայք գլխավորում կամ գլխավորել են պաշտպանական գերատեսչությունը՝ Ճապոնիա, Չեխիա, Լատվիա, Լիտվա, Էկվադոր, Արգենտինա, Չիլի, Ուրուգվայ, Բոլիվիա։
Ամենակարևորը՝ ինչ դիրք էլ զբաղեցնեն կանայք՝ պաշտպանության նախարար թե վարչապետ, նրանք մնում են կին և այդ մասին չպետք է մոռանան։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր