Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՌԱՐԱՆԻՆ ԵՓԱԾ ԽԱՇՆ ՈՒ ՄՈՆԹԵԻ ՀԵՏ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



Ժամանակի հետ փոխվում են ազգային սովորույթներն ու նոր տեսք ստանում, սակայն միշտ էլ պահպանվում է դրանց բուն իմաստը: Հայկական խոհանոցի ամենասիրվածների շարքին դասվում է խաշը: Հատկապես ձմռան մռայլը փոքր-ինչ թոթափելու և ընկերների հետ հանդիպելու ևս մի առիթ է այն, որովհետև ոչ մի հայ առանց իր ընկերների և բարեկամների խաշի սեղան չի նստի: Հնում խաշին ներկա էին լինում միայն տղամարդիկ, իսկ այսօր դա հաճելի հավաքույթ է նաև կանանց համար: Խաշը պատրաստում են տավարի տոտիկներից, որոնք երկար եփվելուց ոսկորից առանձնանում են: Ի տարբերություն հայկական այլ ճաշատեսակների` խաշի սեղանին շատ բան չեն դնում, միայն սխտոր, աղ, բողկ, հանքային ջուր, կանաչի և օղի: Խաշն ուտելու ամենահարմար ժամանակը առավոտն է, որովհետև այն դժվարամարս է, ամբողղջ օրվա ընթացքում մարսվում է:

Հիշում եմ, դեռ չորս տարեկան էի: Առավոտյան անսովոր անցուդարձ էր տանը, առհասարակ ինձանից բացի այդ ժամին ոչ ոք չէր արթնանում: Արագ վեր թռա, մայրս էր: Հետո հայրս եկավ մի քանի ընկերների հետ: Հորս հաճախ չէինք տեսնում այդ օրերին: Կռվի թեժ շրջանն էր: Մայրս խաշ էր դրել, որովհետև նախորդ օրը մեր հարևանի միջոցով հայրս լուր էր ուղարկել նրան: Նա իրեն բնորոշ արագությամբ խաշի սեղան դրեց ու ինձ տանելով մյուս սենյակ` սաստեց, որ չգնամ ճաշասենյակ:

Սակայն պարզ լսվում էր` ինչ էին խոսում այնտեղ: Հայրս ասում էր` խաշին պետք է միայն երեք կենաց խմել` առաջինը նրանց կենացը, ովքեր առավոտ շուտ թողել են իրենց գործերն ու եկել խաշ ուտելու, երկրորդը նրա կենացն է, ով ամբողջ գիշեր չի քնել ու եփել է խաշը, իսկ երրորդ, ամենակարևոր կենացը խաշի կենացն է, որն իր շուրջն է հավաքել մեզ: Ես չորեքթաթ փախա մորս մոտից ու մտա ճաշասենյակ: Տղամարդկանց սաստող հայացքն անգամ ինձ հետ չպահեց: Նրանք չորսն էին, այդ թվում և հայրս:

Ես խելոք նստեցի գետնին, փայտե վառարանի կողքին: Լսում էի, թե ինչպես է հայրս բացատրում, որ խաշը ուտում են ձեռքով, գդալով խաշ ուտողը չի հասկանում նրա համը, նախ պետք է միսը հանել արգանակից ու առանձին ծածկել լավաշով: Հետո արգանակի մեջ լցնել սխտոր, աղ ու փշրել չոր հացը: Գդալի փոխարեն չոր լավաշ ենք օգտագործում:

Ընկերներից մեկը անհասկանալի հայերենով հարցրեց անունս ու իմանալով այն, ինձ իր մոտ կանչեց ու ասաց, որ անունը Մոնթե է: Ես առաջին անգամն էի լսում այդ անունը:

Հիշում եմ՝ նստել էի նրա ձախ ծնկին, ու նա ուտում էր խաշը ու ինձ հարցեր տալիս: Ես շատ բան չէի հասկանում, նա ինձանից թուղթ ու գրիչ ուզեց, ես մի վայրկյանում այն հասցրի նրան` ուրախանալով, որ վերջապես մեկը ինձ հետ կխաղա, ու կգրենք միասին: Նա լուռ լսում էր հորս, իսկ հայրս վարպետորեն ցույց էր տալիս խաշ ուտելու ձևը: Թուղթը ստանալուց հետո, սակայն, այդ մարդը հետ դրեց խաշի ափսեն, թաց սրբիչով մաքրեց ձեռքերն ու ասաց.

-Խոսենք գործից:

Նրանք ինչ-որ մարդկանցից էին խոսում, թվեր էին գրում, ծառ էին նկարում, իմ հուշերում աղոտ մնացել են նրանց խոժոռ դեմքերն ու անհասկանալի խոսքերը:

Զրույցից հետո գնացի հորս մոտ, Մոնթեն ինձ հարցրեց.

-Հայրիկիդ կսիրե՞ս:

Ես գլխով համաձայնության նշան տվեցի:

-Հայրիկդ ուժեղ մարդ է, եթե ես ունենայի յոթանասուն զինվոր հայրիկիդ նման, մեկ օրում Բաքուն մերը կլիներ,-նրա խոսքերը մինչև հիմա հնչում են իմ ականջներում:

Նրանք գնացին, մայրս արցունքն աչքերին հավաքեց սեղանը, ես կերա խաշի իմ բաժինը` փորձելով հետևել նրանց օրինակին ու ձեռքով ուտել: Մի քանի օրից հայրս տուն վերադարձավ Մոնթեի հետ:

-Խաշդ օրհնված էր, տիկի՛ն,-ասաց նա մորս,- այս հաղթանակին քիչ կորուստներ ունեցանք:

Տարիների հետ ամեն մի երևույթ իր տեղն է գտնում հուշերիս մեջ, ու ամեն անգամ խաշ ուտելիս հիշում եմ պատերազմական տարիներին փայտե վառարանի վրա եփված խաշն ու Մոնթե Մենքոնյանի հետ իմ առաջին հանդիպումը:

ԱԼՄԱՍՏ ԵՍԱՅԱՆ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Հոգևոր-մշակութային


14/03/2012