Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞Վ Է ԿԻՆԸ



«Այնտեղ, որտեղ կանանց հարգում ու պահպանում են, տիրում է լիությունը, եւ Աստվածներն ուրախանում են»:
Հին հնդկական «Մանուի օրենքներ»-ից

Մի հին լեգենդ կա տղամարդու և կնոջ ծագման մասին: Կար ժամանակ, երբ մարդը երկսեռ էր: Նրա ուժը, խելքը, գիտելիքները համարյա հասնում էին աստվածային մակարդակի: Այդժամ, վախենալով հզոր մրցակցից, աստվածները մարդուն բաժանեցին երկու մասի` տղամարդու և կնոջ: Եվ այդ օրվանից յուրաքանչյուրը փնտրում է իր կեսին…

Կին… Ո՞վ է նա, կամ ի՞նչ է նա:

Եվրոպական որակմամբ` սատանայի անոթ, արևելյան ասացվածքով` պարան, որով տղամարդն իջնում է դժոխք, մեկ այլ ասույթով` հրաշագեղ տիկին, աստվածայինի մարմնացում` տղամարդուն դեպի աստվածները հասցնող:

Դարերի ընթացքում տղամարդուն հանգիստ չի տվել իր հանելուկային զուգընկերոջ էությունը. օ՞ձ, թե՞ աղավնի, թո՞ւյն, թե՞ հակաթույն: Տղամարդը կա՛մ աստվածացրել է նրան, իրենից վեր դասել, կա՛մ էլ ծաղրել ու ստորացրել է:

Հնագույն ժամանակներում կնոջը մեծարել ու հարգել են: Նա ոչ միայն տղամարդու հետ հավասար իրավունքներ ուներ, այլև` առավելություններ, հավանաբար` մայրական իրավունքների շնորհիվ:

Կանանց նկատմամբ խտրականությունը մեծ չափերի է հասնում նոր համաշխարհային կրոնների ծագման ու ծաղկման ժամանակաշրջանում: Այդ կրոնների հիմնադիրները տղամարդիկ էին` Բուդդան, Քրիստոսը, Մուհամմեդը, և առաջանում է կնոջ երկրորդական լինելու գաղափարը: Հիշենք Աստվածաշնչի և Ղուրանի այն մասը, որտեղ ասվում է, որ Աստված կնոջը ստեղծեց տղամարդու կողոսկրից:

Ասում են, որ 585թ. Մակոնյան ժողովի ժամանակ լրջորեն քննարկվել է այն հարցը, թե արդյոք կինը հոգի ունի՞, քանի որ մասնակիցների մեծ մասի կարծիքով, կանանց չարժե մարդ համարել: Եվ քանի որ Ավետարանում ասվում էր, թե Հիսուս Քրիստոսը Աստծո որդի է, դա թույլ տվեց Մարիամին մարդ համարել, և այդ կոչումը պահպանվեց բոլոր կանանց համար:

Սակայն այս հարցը դեռ երկար ժամանակ անհանգստացնում էր աստվածաբաններին: Նույնիսկ 100 տարի դրանից հետո դեռ ասվում էր, որ կինն իր բնույթով ավելի շուտ սիրամարգ է, օձ, գայլ կամ աղվես, սակայն մարդ` ոչ մի դեպքո՛ւմ: Նույնիսկ 19-րդ դարում Արթուր Շոպենհաուերը կնոջ մեջ շարունակում էր տեսնել սագի, իսկ Ֆրիդրիխ Նիցշեն էլ պնդում էր` քանի որ կինը ընկերության ընդունակ չէ, ուստի նա կատու է, լավագույն դեպքում` կով:

Իսկ ի՞նչ հիմքեր կային այս որակումների համար: Նախ` կնոջ նկատմամբ երկարատև բարոյական և սոցիալական խտրականությունը, ինչը հանգեցրել էր նրան մեկուսացած և փակ կյանքի: Երկրորդը` անընդհատ մանկածնությունը կնոջը դուրս էր մղել մտավոր գործունեության ոլորտից: Ուստի կնոջ հիմնական արժանիքը համարվում էր տղամարդուն աներկբա ենթարկվելը և ցեղը շարունակելու ընդունակությունը: Նույնիսկ մինչև հիմա կարելի է լսել հետևյալ արտահայտությունները. «Կի՛ն, տեղդ ճանաչի՛ր» կամ «Կնոջ տեղը խոհանոցում է» և այլն:

Ի դեպ, հայկական տարբեր դարերի իրավական փաստաթղթերում կարելի է կանանց վերաբերող հոդվածներ գտնել: Օրինակ, Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքի» (13դ.) 78-րդ հոդվածում կարդում ենք. «Աստվածային օրենքն ասում է, որ տղամարդը կնոջ գլուխն է, և կինը նույն ձևով պետք է գտնվի ամուսնու իշխանության տակ, ինչպես ոտքերը և մարմնի այլ մասերը ենթարկվում են գլխին»:

Իսկ 118-րդ հոդվածը վերաբերում է ժառանգության իրավունքին. «Օրենքն ասում է, որ երկու քույրերը ստանում են մեկ եղբոր բաժին, քանի որ երկու աղջիկ համարվում են մեկ տղա, իսկ կինը` ամուսնու կեսը»: Իսկ եթե որդի չկա, և փեսա է գալիս, ապա նա իր կնոջ հետ միասին համարվում է որդու փոխարեն, և անշարժ ու շարժական գույքից պետք է ստանան երկու քրոջ բաժին:

Միշտ էլ որդու նկատմամբ հատուկ վերաբերմունք է եղել: Մեջբերենք մի հին արևելյան իմաստնություն. «Եթե դուստրը վշտի աղբյուր է, ապա լավ որդին վերին երկնքում լույսի փայլ է, աստվածներից շնորհված գանձ»:

Կնոջը եւ նրա առաքելությանը երկրի վրա հատուկ տեղ է վերապահված հատկապես հին արևելյան իմաստություններում: Կնոջ առաքելությունն այն է, որ նա իր զուգընկերոջն ուղեկցի դեպի ամենաբարձրն ու գեղեցիկը, ոգևորի նրան` քայլելու դեպի Ոգու Բարձրագույն Աշխարհ տանող ուղիով: Կնոջը բարձրացնող ցանկացած տղամարդ դրանով ինքն իրեն է բարձրացնում: Անհրաժեշտ է կյանքի կոչել կնոջ Տիեզերական Դերը, Առաքելությունը որպես Ուղղորդող, Ոգևորող, որպես Կյանք Տվող, որպես «Աշխարհի Մոր»: Ժամանակակից կնոջ առաքելությունն է օգնել մարդկությանը կրկին հասնելու մշակույթի ծաղկմանը, նրա զարգացման բարձրագույն մակարդակին:

Էջը՝ ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


14/03/2012