ԱՅԳԵԿԻ ՈՒ ՍՈՒՐԲ ՔԱՂԱՔԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ…
Մարտական հերթապահությունից հետո գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ռուբեն Աբրահամյանը շտապ պետք է գար Երևան (առավոտյան զորամիավորման հրամանատարությունը պետք է հանդիպեր Վ. Սարգսյանի անվան ՌԻ կուրսանտների հետ)։ Մութն արդեն ընկել էր, երբ բռնեցինք Երևանի ճամփան։ Ճանապարհը պատված է մերկասառույցով, և մեքենան դանդաղ ընթացքով բարձրանում էր Մեղրիի կիրճով։ Հետաքրքիր զրուցակից է Ռուբենը, նվիրյալ զինվորական։ Պատմում է իր զինվորներից, մարտական հերթապահությունից, և մեկ էլ ձեռքի հեռախոսը զանգում է.
-Սկսվեց,- ժպտալով ասում է նա, ու պատասխանում. -Լսում եմ, տղա ջան, ամեն ինչ նորմալ է, ճանապարհները մաքրված, հետս էլի մարդիկ կան, զրուցելով գնում ենք, ճանապարհին չեմ քնի։
Հետո մեզ նույն ժպիտով բացատրություն է տալիս.
-Տղաս էր՝ Սահակը, զանգել է, որ զգուշացնի, հանկարծ քնով չընկնեմ, զգույշ գնամ։ Գիտեմ, մայրն է անհանգիստ, ինքն է որդուն հուշում, ինքը չի համարձակվում, որովհետև հոգիս հանել էր, ու արգելել եմ։ Էնպես որ՝ երկար ճանապարհ ենք գնալու, ու դեռ շատ զանգեր ու խոսակցություններ կլսեք,- ծիծաղելով բացատրում է երիտասարդ սպան։
Մեքենան ընթանում է դանդաղ։ Հանդիպակաց մեքենաներն էլ լուսային ազդանշաններով հասկացնում են, որ ճանապարհը սառցապատ է։
Նորից հնչում է հեռախոսը, ու լսում ենք նույն խոսակցությունը, սակայն այս անգամ Ռուբենն ավելացնում է. -Տղա ջան, մամային ասա, որ ամեն ինչ լավ է, թող ինքն էլ քնի, դու էլ քնիր։
Զգացվում է, որ երկու կողմն էլ իրար հասկանում են, այդպես հաճախ է եղել։ Բայցևայնպես, նորից ու նորից զգուշացնում են, և մինչև տուն մտնելը նրանք անքուն սպասում են…
Ռուբենը պատմում է Տիգրանուհի մայրիկից, կնոջից՝ Սուսաննայից, նրանց սպասումներից։ Հետո հպարտորեն է խոսում Սահակ որդուց.
-Մինուճար որդիս է, ցավը տանեմ։ Հետս հաճախ եմ հենակետեր տանում։ Պետք է տեսնել, թե զինվորները ինչ ոգևորություն են ապրում` տեսնելով տղայիս…
Լույսը նոր-նոր սկսել էր բացվել, ավելի ճիշտ՝ ուզում էր բացվել, երբ հասանք Երևան։ Մինչ միջոցառումը դեռ ժամանակ կար։ Երբ առաջարկեցինք այդ մի քանի ժամը Ռուբենը հանգիստ առնի մեկնումեկիս տանը, մեղմ ժպտաց.
-Շնորհակալ եմ, բայց մինչ սկսվելը, դեռ գործեր կան։
-Դեռ լույսը չբացված՝ ի՞նչ գործեր։
-Ես Այգեկ գյուղ պիտի գնամ, պիտի գնամ, Տիգրանուհի մորս տեսնեմ, հետճամփին մտնեմ Սուրբ Էջմիածին, մոմեր վառեմ, որովհետև միջոցառումից հետո պիտի անմիջապես մեկնեմ։ Իսկ որ հանկարծ մայրս իմանա, որ եկել եմ ու առանց իրեն տեսնելու հետ գնացել՝ հաջորդ օրը իմացեք, որ Մեղրիում է։ «Տղաս որ եկել ու շտապ հետ է գնացել՝ առանց տուն մտնելու, ինձ տեսնելու, արդեն գիտեմ՝ ուրեմն մի բան կա,- այսպես կասի մայրս, ու ոչ մի բացատրություն` ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես մոգոնիր՝ միևնույն է՝ էլ չի հավատա… Չի էլ լսելու քեզ, քո բացատրությունները…
-Տղաս ու կինս լսող են, ենթարկվող։ Մայրս ուրիշ է, մոր սիրտն ուրիշ է, ես իրենց ցավը տանեմ,- ծիծաղելով մեզ հրաժեշտ տվեց Ռուբենը՝ շարժվելով Այգեկ գյուղի ու Սուրբ քաղաքի ուղղությամբ…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր