Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ



1991թ.

ՀՈՒԼԻՍ

Հուլիսի 15-ին,Շահումյանի շրջանի երեք գյուղերի հայաթափումից հետո ԼՂԻՄ աշխատավորության ներկայացուցիչների ժողովը հայտարարեց, որ ինքնավար մարզը մնում է ստեղծվելիք խորհրդային նորացված ֆեդերացիայի կազմում:

Հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղի համար մղվող մարտերում Շամփրապտուկի բարձունքում զոհվեց Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար Ջիվան Աբրահամյանը, որ արդեն գործուն մասնակցություն էր ունեցել Արարատի, Երասխի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին: 1996 թվականին նրան հետմահու շնորհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում:

Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերըթողնելով երկու տանկ ու բազմաթիվ դիակներ, օմօն-ը դուրս քշվեց Հաթերքից:

Հուլիսի 21-22-ինօմօնականներից մաքրվեցին Մաղավուզը, Հոռաթաղը, Չափարը, Զարդախաչն ու Իմերեթ-Գերեվենդը: Մարտակերտի անտառներում կենտրոնացած հայաստանյան կամավորական ջոկատներն ու տեղի ուժերը սկսեցին հակահարված տալ:

Հուլիսի 24-ին23-րդ դիվիզիայի տանկերը շարունակում էին հրետակոծել Վերիշենը, իսկ հաջորդ օրը նրանց միացան նաև ուղղաթիռները, ապա ՍՈՒ-25 ինքնաթիռները: Երևանը հայտարարեց, որ հարձակման դեպքում վճռական հակահարված կտրվի:

Հուլիսի 24-25-ինուժգին հրետակոծումից հետո օմօնն ու 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումները տանկերով ու զրահամեքենաներով լրիվ շրջապատեցին 6.000 բնակչություն ունեցող ու հայաթափված երեք գյուղերից տեղահանված 3.000 գաղթականի համար ապաստան դարձած Վերիշենը: Կամավորների ու տղամարդկանց ժողովում որոշվեց մինչև վերջ դիմադրել:

Այստեղ գտնվող ՌԽՖՍՀ գերագույն խորհրդի պատգամավորները հայտարարեցին, որ 4-րդ բանակը բացահայտ պատերազմ է սկսել շրջանի դեմ, ու դիմեցին Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեին, թե «չնեղանաք մինչև վերջ դիմադրել որոշած վերիշենցիներից, երբ Ռուսաստան կգան անփառունակ դագաղներ ու խայտառակ պարգևներ»՝ ակնարկելով Մոսկվայի կողմից «Օղակի հերոսներին» ու Ոսկեպարի դահիճ լեյտենանտ Դմիտրի Դյոմինին պարգևատրելը:

ՕԳՈՍՏՈՍ

Օգոստոսի 1-ինԴրմբոնի մերձակայքում գնդակոծվեց Նավթալանից Մարտակերտի շրջանի Իմերեթ-Գերեվենդ մեկնող զինվորական ավտոշարասյունը:

Օգոստոսի սկզբից Հադրութում լուրջ պայքար ծավալվեց հայաթափված գյուղերի համար: Մարտիկները ոչնչացնում էին թալանչիներին ու վերաբնակվել փորձողներին:

Օգոստոսի 13-ին Հաթերքի կանայք պատանդ վերցրին ներքին զորքերի շուրջ 30 զինվորների, դիմեցին Գորբաչովին ու Ելցինին և ներկայացնելով իրենց աննախադեպ քայլի դրդապատճառներն ու նշելով, որ օմօնականներն ու ներքին զորքերը վերջին երեք ամիսներին գերել են 500 հայի, հայտարարեցին. «Եթե զինվորները, պատանդներին փրկելու պատրվակով, ուժ կգործադրեն, ապա կանանց խումբը կպայթեցնի իրենց՝ պատանդների հետ միասին… Մեր ամբողջ հույսը Մոսկվայի ողջախոհության վրա է»: Այս վերջնագիրը հետևեց ԽՍՀՄ ներքգործնախարար Պուգոյի այն հայտարարությանը, թե ինքը «Զինվորներին ավազակների հետ չի փոխանակում», ինչից հետո բարձր հրամանատարությունը սպառնաց պատանդներին ազատելու համար օդից աջակցությամբ ցամաքային գործողություն իրականացնել: Ահագնացող արագությամբ սրվող իրավիճակը փոքր-ինչ կայունացավ, երբ Հաթերք ժամանեցին ԽՍՀՄ ԳԽ և Մոսխորհրդի պատգամավորներ: Ողջ այս ընթացքում Հաթերքում էին Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը:

Օգոստոսի 19-ին,երբ Հաթերք ժամանեց ՀՀ ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանը, պատանդներն ազատ արձակվեցին:

Օգոստոսի 24-ին,թեև արդեն, այսպես կոչված, Արտակարգ դրության պետական կոմիտեն (թԽճկ) չեզոքացվել էր, բայցեւայնպես 4-րդ բանակի ստորաբաժանումները շարունակում էին Վերիշենի հրետակոծումը:

Օգոստոսի 26-իհեռուստաելույթում Վազգեն Սարգսյանը, դրական գնահատելով հեղաշրջման օրերին Հայաստանում տեղակայված 7-րդ գվարդիական բանակի հրամանատարության կեցվածքը, կոչ արեց դադարեցնել բանակի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը թույլ կտար հարկ եղած դեպքում 7-րդ բանակի հնարավորություններն «ի նպաստ մեզ օգտագործելու»: Հերքելով միութենական մամուլի տարածած լուրերը, թե Հայաստանում բոլոր ռազմական կազմավորումների միավորմամբ ստեղծվում է Ազգային գվարդիա, Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ ամեն ինչ արվում է առաջիկա զորակոչը կազմակերպելու և կանոնավոր բանակ ստեղծելու համար:

Օգոստոսի 27-ինհրապարակվեց «Ադրբեջանի իրավապահ մարմինների դիմումը»: Հանրապետության դատախազությունը, ՊԱԿ-ը և ՆԳՆ-ն հիշեցնելով, թե որքան գործ են արել «Ղարաբաղը հայ գրոհայիններից մաքրելու համար», հայտարարեցին, որ միտինգների ու ցույցերի կոչերի հետևանքով իշխանությունները ստիպված են կարգուկանոնը պահպանելու համար Արցախից ու սահմանամերձ գոտուց մեծ ուժեր բերել Բաքու. «Հանրապետության համար այս կարևոր ժամին մենք դիմում ենք բոլոր քաղաքացիներին, կոչ անելով հանգստության և չենթարկվելու սադրանքներին»: Բաքվում հասկանում էին, որ զրկվելու են իշխանությունը կորցնող կենտրոնի աջակցությունից ու ամեն քայլի համար դառը պատասխան են տալու:

Նույն օրը Լևոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայում լրագրողներին հայտարարեց, որ հեղաշրջման օրերին Հայաստանին պարզապես մի նոր ցեղասպանություն էր սպառնում, և հայտնեց, որ «Օղակի» ժամանակ` ապրիլի 30-ից մինչև մայիսի 17-ը ԼՂԻՄ-ում և Հայաստանում սպանվել է 75 հայ, տեղահանվել է 23 հայկական գյուղ. «Օգոստոսի 20-21-ին խորհրդային բանակը երկու անգամ հարձակվել է Շահումյանի գյուղերի վրա: Այդ հարձակումներն այժմ էլ շարունակվում են»:

Մոսկվայում պետական հեղաշրջման ձախողված փորձով ավարտվեց իր քաղաքացիների դեմ խորհրդային իշխանությունների ամենախայտառակ ձեռնարկումներից մեկը՝ տխրահռչակ «Օղակ» գործողությունը, որն իրականացվում էր ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ապա Ադրբեջանում տեղակայված 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի վարձկան ստորաբաժանումների միջոցով: Արցախյան պայքարի այս փուլում, երբ ԽՍՀՄ ՆԳՆ-ն կույր կատաղությամբ փորձում էր ոչնչացնել հայկական կողմի դիմադրական ներուժը, կամավորական ջոկատները հեռացվեցին սահմաններից, իրենց տեղը զիջելով Հայաստանի ՆԳՆ ստորաբաժանումներին, որոնք պետական կարգավիճակ ու զենք կրելու իրավունք ունեին: Եվ 1990 թվականի աշնանը ՀՀ նախարարների խորհրդի որոշումներով ՆԳՆ համակարգում ստեղծված Հատուկ գնդի, իր 28 վաշտով հանրապետության սահմանների պաշտպանությանը զինվորագրված պարեկապահակային ծառայության գնդի, Երևան քաղաքի ՆԳ վարչության կազմում ստեղծված Միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի ու ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկներն այդ ամիսներին իրենց ուսերին կրեցին մարտական գործողությունների հիմնական ծանրությունը:

Սակայն ԽՍՀՄ ՆԳՆ ղեկավարությունը ոչ միայն հրաժարվում էր բանակցել նրանց հետ, այլև կրակ էր բացում ծառայողական պարտականությունները կատարող իր իսկ աշխատակիցների վրա, քանի որ այդ ընթացքում նրա՛նք էին իրականացնում Հայաստանի սահմանների պաշտպանությունը և հանդիսանում էին ապագա բանակի հիմքը: Մայիսի 6-ին Նոյեմբերյանում զոհվեց 11 միլիցիոներ, պատանդ վերցվեցին Նոյեմբերյանի շրջանային ՆԳ բաժնի 21, Վանաձորի քաղաքային ՆԳ վարչության 11 աշխատակից, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 4 մարտիկ: Հաջորդ օրը Շուռնուխում զոհվեց մեկ միլիցիոներ, Շուռնուխում ու Կոռնիձորում պատանդ վերցվեց Գորիսի շրջանային ՆԳ բաժնի 24 աշխատակից: Այսպիսով, «Օղակի» օրերին զոհվեց ՀՀ ՆԳՆ համակարգի 12 և պատանդառվեց 20 աշխատակից ու մարտիկ:

Օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերըմեծ ավերածություններ պատճառած հրթիռային հարված հասցվեց Խոջալուին, ինչի մասին Բաքուն լռեց:

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Սեպտեմբերի 2-ինԼՂՀ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ԼՂԻՄ և նրան սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում միաձայն հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դրանից երկու օր առաջ իր անկախությունն էր հռչակել Ադրբեջանը:

Սեպտեմբերի 13-14-ի կռիվներում, դիմագրավելով ադրբեջանական «ՄԻ-8» ուղղաթիռների գրոհը, ինքնապաշտպանության ուժերին, ի վերջո, հաջողվեց երկու զոհի և երկու վիրավորի գնով գրավել Վերիշենին իշխող բարձունքները և շարունակել հարձակումը, ազատագրել Բուզլուխն ու Մանաշիդը:

Սեպտեմբերի 16-ինԲաքուն, փորձելով ավելի ճկուն քաղաքականություն վարել, լուծարեց ԼՂԻՄ կազմկոմիտեն և փոխարենը խորհրդարանի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից ստեղծեց համակարգիչ խորհուրդ:

Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը հայկական ուժերն ազատագրեցին Էրքեջը:

Սեպտեմբերի 21-ինհռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Սեպտեմբերի 23-ինԻմերեթ-Գերեվենդից ու Քելբաջարից Չափարի վրա խոշոր հարձակումը հետ մղվեց վեց զոհի և երկու վիրավորի գնով:

Սեպտեմբերի 25-ինՇուշիից Ստեփանակերտն առաջին անգամ հրթիռակոծվեց «Ալազան» կայանքներով:

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Հոկտեմբերի 3-ինհետ մղվեց Կարաչինարի վրա միմյանց հաջորդած երեք հարձակում:

Հոկտեմբերի 7-ին,ի պատասխան Ավդուռի և Մյուրիշենի հրթիռակոծումների, ինքնապաշտպանության ուժերն «Ալազանով» հրթիռակոծեցին Ղարադաղլուն:

Հոկտեմբերի վերջինՄութալիբովը հրամանագիր ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարարություն ու պաշտպանության խորհուրդ ստեղծելու մասին: Պաշտպանության նախարար նշանակվեց գեներալ Բաշատլին:

Հոկտեմբերի 30-ինծանր հարված հասցվեց Ղարադաղլուի հենակետերին: Խոջավենդի կռիվներում սպանվեց հինգ օմօնական, հայերի կողմից միջամտեց նաև զինվորական պարետատունը, և Խոջավենդում խուճապ սկսվեց:

Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերըՄարտակերտի շրջանում հայերը հրթիռակոծեցին Ումուդլուն, որի բնակչությունը փախավ մերձակա անտառները:

Հոկտեմբերի 31-իլույս գիշերն ազատագրվեց Տողի՝ Դիզակի մելիքների երբեմնի նստավայրի ադրբեջանաբնակ հատվածը: Գյուղի 1600 բնակչից 900-ը ադրբեջանցիներ էին, որոնք Հադրութի ադրբեջանցի բնակչության կեսն էին:

«Օղակից» հետո Հադրութ ավանը բոլոր կողմերից շրջապատված էր, ու կապը Ստեփանակերտի հետ միայն Տողի կողմից էր պահպանվում, որտեղ, սակայն, ադրբեջանցիներն օգնություն էին ստանում Ֆիզուլիից: Վեց ուղղությունով հարձակումը սկսվեց հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19.00-ին և ավարտվեց առավոտյան ժամը 4-ին, երբ, հրդեհելով գնդակոծությունից չայրված տները, օմօնն ու տեղի ուժեղացված միլիցիան փախան՝ հընթացս թողնելով նաև Սալաքյաթինը:

Գործողությանը, տեղի ուժերից բացի, մասնակցեցին Վլադիմիր Բալայանի, Աշոտ Ղուլյանի, Արգամ Հարությունյանի («Շոշի Ագո»), Վալերի Բալայանի մարտախմբերը (ընդամենը` 15 ջոկատ), իսկ հետախուզությունն իրականացրին Աշոտ Խաչատրյանն ու Արմեն Գասպարյանը: Մշակված էր անգամ գործողության ռազմաբժշկական ապահովման պլանը, որի իրականացման համար ձեռնարկվեց ռազմադաշտային վիրաբուժության առաջին փորձը. շարժական ամբուլատորիան վերաձևելով վիրահատարանի, Վալերի Մարությանը, Կարեն Բազյանը և այլ բժիշկներ գնացին Տող: Բարեբախտաբար, գրեթե առանց գործ մնացին:

Տողի ադրբեջանաբնակ հատվածի և Շահումյանի երեք գյուղերի ազատագրումը բեկումնային էր ոչ միայն այս շրջանների, այլև ողջ Արցախի համար:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


14/03/2012