Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՐԿՅՈՒՂԱԾՈՒԹՅԱՄԲ ՄՈՏԵՑԻՐ ԱՐՎԵՍՏԻ ՏԱՃԱՐԻՆ»



Զրույց դերասանուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

-Տիկին Գրիգորյան, քչերին է բախտ վիճակվում իրենց արվեստով նվաճել հազարավոր մարդկանց սերն ու հիացմունքը, արժանանալ համաժողովրդական ճանաչման։ Բնական է, որ Ձեր բազում երկրպագուներին հետաքրքրում է սիրելի դերասանուհու կյանքը բեմից դուրս, անցած ճանապարհը։

-Ես ծնվել եմ զինվորականի ընտանիքում։ Հայրս բարձրաստիճան սպա էր, մայրս` տնային տնտեսուհի։ Հայրս շատ էր աշխատում, եւ մեր 6 երեխաների դաստիարակությամբ հիմնականում մայրս` Արմենուհին էր զբաղվում։ Նա արվեստասեր, նրբաճաշակ կին էր, լավ երգում էր։ Մենք մեծ գրադարան ունեինք եւ երեխաներով շատ էինք սիրում կարդալ։ Գրքի հանդեպ սերը փոխանցվել էր նաեւ մեզ։ Հիշում եմ` բարձրանում էի մեր բակի բարձր ծառին, հարմար տեղավորվում եւ խորասուզվում ընթերցանության մեջ։ Պատահական չէ, որ եղբայրս` Վարդան Գրիգորյանը, դարձավ պատմաբան, նա պատմագիտության դոկտոր է, Մատենադարանի փոխտնօրենը, քույրս` Ֆլորան, նկարչուհի է։

Որպես զինվորականի ընտանիք` մեզ սենյակ տվեցին Սպայի տանը, որտեղ հյուրախաղերի էր եկել Դոնի Ռոստովի օպերետային թատրոնը։ Դերասանների մեջ էին նաեւ Իզաբելա եւ Հայկ Դանզասները։ Նրանք հաճախ էին գալիս մեր տուն եւ մեր թաթիկներից բռնած` տանում-նստեցնում էին դահլիճի առաջին կարգում։ Ցերեկը մենք խաղում էինք դեկորների մեջ, իսկ երեկոյան ներկայացում էինք դիտում։ Հավանաբար հենց այդ ժամանակ առաջացավ իմ մեծ սերը թատրոնի հանդեպ։

Հայրենական պատերազմի առաջին օրվանից հայրս մեկնեց ռազմաճակատ ու չվերադարձավ։ Մեր բազմանդամ ընտանիքի հոգսն ընկավ մորս ուսերին։ Դաժան, ծանր տարիներ էին։ Նույնիսկ ոմանք մտածում էին, որ մենք չենք կարողանա գոյատեւել։ Մեզ փրկում էր մեր պարտեզը, որ հարուստ էր տարբեր մրգերով ու բանջարեղենով։ Հատկապես մրգահասին, երբ պարտեզը դառնում էր չքնաղ, մեզ այցելում էին հայտնի գրողներ ու արվեստագետներ` Մարտիրոս Սարյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Երվանդ Քոչարը, Գուրգեն Բորյանը, Նաիրի Զարյանը, Սարմենը եւ այլք։

Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեցի թատերական ուսումնարան, մեկ տարի անց ուսումնարանի հիմքի վրա կազմավորվեց նորաբաց թատերական ինստիտուտը։ Մասնագետներն ինձ միանգամից նկատեցին։ Ինստիտուտում մականուն ունեի` դերասանուհի։ Առիթը բաց չէի թողնում ներկա լինելու Վարդան Աճեմյանի փորձերին, թաքնվում էի նստարանների հետեւում ու կլանված նայում այն դերասանների խաղը, ովքեր պաշտամունքի առարկա էին ինձ համար` Վահրամ Փափազյան, Վաղարշ Վաղարշյան, Հրաչյա Ներսիսյան, Օլգա Գուլազյան: Մի անգամ Վարդան Աճեմյանը հանկարծ նկատեց ինձ ու բացականչեց` այդ ի՞նչ գլուխ է. վախից թուլացա։

Ինստիտուտում վերջին կուրսում էի, երբ մայրս մահացավ, թողնելով մանկահասակ երեխաներին։ Կարճ ժամանակ անց Մարատ Մարինոսյանն ինձ խնդրեց խաղալ ներկայացումներից մեկում։ Վիշտս ծանր էր, բայց ուժ գտա իմ մեջ բեմ բարձրանալու։ Ընդմիջումներին արտասվում էի կուլիսներում, իսկ իմ մուտքի ժամանակ մաքրում էի աչքերս ու ծիծաղում, երգում, պարում էի բեմում։ Մեծ դերասան ու գրող Միքայել Մանվելյանի խոսքերն ինձ համար դարձան ուղեցույց եւ հավատամք. «Երկյուղածությամբ մոտեցիր արվեստի տաճարին, եւ նրա դռները կբացվեն քո առաջ»։

-Դուք ավելի քան 60 տարի բեմում եք, խաղացել եք 100-ից ավելի դերեր։ Ձեր կերտած կերպարների բեմական կյանքն աննախադեպ երկար է եղել։ «Իմ զոքանչը» բեմ է բարձրացել 2500 անգամ. դա ռեկորդային թիվ է։ ՈՒ մշտապես Ձեր բեմելը ուղեկցվել է ծափերով, ծիծաղով, ցնծությամբ։ Ի՞նչ է տալիս դերասանուհուն ժողովրդի սերը, այն գիտակցությունը, որ իրեն ժողովրդականի կոչում է տվել հենց ժողովուրդը։

-Ժողովրդի սերը, հանդիսատեսի ծափերը դերասանի ամենամեծ վարձատրությունն են, նրա երջանկությունը։ Իսկ մեր ժողովուրդը որքան խիստ ու բծախնդիր է գնահատելիս, նույնքան շռայլ ու երախտապարտ է իր սերն ու հիացմունքն արտահայտելիս։ Ես շրջել եմ շատ երկրներում, խաղացել եմ տարբեր բեմերում` Հայաստանի հեռավոր գյուղերից մինչեւ Կահիրե, Լոնդոն, Թեհրան, Լոս Անջելես։ Հանդիսատեսը ամեն տեղ նույնն է. մատուցիր բարձր արվեստ, եւ նա կվարձատրի քեզ, մեկը` ծափերով, մյուսը` բրավո-բրավիսիմո գոռալով, երրորդը` դոփելով…

-Վահրամ Փափազյանը Ձեզ անվանել է թատրոնի քրմուհի, Մարտիրոս Սարյանը համարել է տաղանդավոր, Բաբկեն Ներսիսյանը` բացառիկ, Օլգա Գուլազյանը` նշանավոր, Ավետիք Իսահակյանը` ճշմարիտ դերասանուհի, Կարպ Խաչվանքյանը` վառ անհատականություն, Արմեն Ջիգարխանյանը` եզակի արվեստագետ։ Ո՞րն է Ձեր հաջողությունների գաղտնիքը, ինչպե՞ս եք հասել այդպիսի նվաճումների։

-Միայն բնատուր օժտվածությունը բավարար չէ։ Շատ կարեւոր է սերը ընտրած մասնագիտության հանդեպ, այլապես չես կարողանա հաղթահարել դժվարությունները, կհուսահատվես, կընկրկես։ Դերասանը պետք է շատ աշխատի։ Աշխատասիրությունը կարեւոր է ցանկացած մասնագետի համար. պիտի մշտապես ձգտես առավելագույնին, չբավարարվես ձեռքբերումներով, դա է հաջողության տանող ամենահուսալի ճանապարհը։

Ես միշտ էլ խաղացել եմ լեփ-լեցուն դահլիճներում, սակայն ցանկացած բեմում` մայրաքաղաքում, արտերկրում, թե Հայաստանի հեռավոր գյուղերում, խաղացել եմ նույն նվիրվածությամբ, հնարավորությունների գերլարումով։ Շատ եմ բարկանում, երբ ինձ ասում են, թե այսինչ պաշտոնյան դահլիճում է, քանի որ ինձ համար միեւնույն է, թե ով է դիտում ինձ. միշտ էլ պարտավոր եմ խաղալ առավելագույն եռանդով։

-Ժողովրդի հիշողության եւ հայ թատերարվեստի պատմության մեջ կմնա Կարպ Խաչվանքյան-Սվետլանա Գրիգորյան դերասանական զույգի կեսդարյա բարձրարվեստ ու առինքնող կենսագրությունը բեմում։ Դուք երկուսով մի ամբողջություն էիք` ներդաշնակ, ինքնատիպ, հմայիչ։ Ինչպե՞ս ծնվեց Ձեր համագործակցությունը, եւ ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք այդ տարիներից։

-Երկար ընդմիջումից հետո 1946-ին Երեւան էր ժամանել Վահրամ Փափազյանը։ Թատերական ինստիտուտում հանդիպում էր կազմակերպվել, եւ հրավիրվել էին կոմեդիայի թատրոնի դերասանները։ Համերգը վարեց եւ բոլորին հիացրեց շատ գեղեցիկ արտաքինով մի երիտասարդ։ Կարպ Խաչվանքյանն էր։ Տարիներ անց ես ավարտեցի թատերական ինստիտուտը եւ հրավիրվեցի աշխատելու կոմեդիայի թատրոնում։ Այդ տարիներին թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Վարդան Աճեմյանը։ Ինձ միանգամից վստահեցին պատասխանատու դերեր։ Առաջին դերս Սիմա Ռոշչինան էր «Մի քաղաք կա Վոլգայի վրա» օպերետում, իմ խաղընկերն էր արդեն սիրված ու ճանաչված Կարպ Խաչվանքյանը։ Նա հրաշալի էր Լյոնյա Գլասկինի դերում` բեմական գեղեցիկ արտաքին, հմայք, պլաստիկա, երգում էր, պարում, գերում հանդիսատեսին։ Շռնդալից ծափեր, ծաղիկներ, բեմական «հրավառություն», թվում էր` ծափերից առաստաղը փուլ կգա։ Նա երբեք չէր խնայում իրեն, հարյուր անգամ խաղացած դերերը խաղում էր ինչպես պրեմիերայի օրը, ամեն գործողությունից հետո նրա վերնաշապիկը քամում էինք։ Ես 50 տարի Կարպի խաղընկերն եմ եղել ու ամեն անգամ հուզվել եմ նրա հետ խաղալիս։ Կարպ Խաչվանքյանն այն հազվագյուտ դերասաններից էր, ովքեր չեն լքում հարազատ թատրոնը։ Նրան հրավիրում էին Մոսկվա, բայց նա չհամաձայնեց եւ իր ներկայությամբ դժվար տարիներին պահեց թատրոնի հեղինակությունը։ Կարպ Խաչվանքյանը թատրոնի մեծ նվիրյալ էր։ Ուզում եմ հիշել մի դեպք. Պապայանի «Խանդից պատուհաս» ներկայացման մեջ խանդոտ ամուսին Կարպը ձեռքն ուժեղ խփեց սեղանին։ Միայն ներկայացման վերջում իմացանք, որ ձեռքը կոտրել է։ Բժիշկն ապշել էր` ինչպես էր դիմացել ցավին։ Նա չափազանց բարի էր, առաքինի, երաժշտական։ Բախտավոր եմ, որ ինձ վիճակվել է խաղալ այնպիսի բացառիկ տաղանդի տեր դերասանի հետ, որին ժողովուրդն անվանում էր հայ Չապլին։ Ժողովրդի սերն ու ծափերը չդադարեցին նաեւ այն ժամանակ, երբ երախտապարտ հանդիսատեսն իր ուսերին առած դեպի անմահություն էր ճանապարհում պաշտելի դերասանին։ Սա է դերասանի երջանկությունը, նրա վաստակի ճշմարիտ գնահատականը։

-Չափազանց հուզիչ է լսել Ձեր խոսքը Կարպ Խաչվանքյանի մասին, գնահատականները, որոնք նույնությամբ Ձեզ են վերաբերում։ Դուք նույնպես մերժել եք բոլոր հրավերները, հավատարիմ եք մնացել կոմեդիայի թատրոնին, արժանացել եք համաժողովրդական սիրո ու ծափերի։ Տիկին Գրիգորյան, հետաքրքիր է, առիթ ունեցե՞լ եք խաղալու զինվորների համար, այցելե՞լ եք զորամասեր։

– Այո՛, Կարպը եւ ես հաճախ ենք այցելել զորամասեր, շփվել ենք զինվորների հետ։ Հիշարժան էր մի քանի տարի առաջ արվեստագետների հանդիպումը հայկական բանակի զորամասերից մեկում։ Տեսնելով ուժեղ, առողջ, խիզախ հայ զինվորներին, շատ ոգեւորվեցի ու մի հայրենասիրական ոգեշունչ, կրակոտ խոսք ասացի։ Հավաստիացրի, որ նրանք մեր ազգի հպարտությունն են, մեր պաշտպանը, մեր ուժը, մեր կապույտ երկնքի արծիվներն ու վայելում են մեր սերը, հարգանքը։ Հետո նվագախումբը պարեղանակ նվագեց, ես սկսեցի պարել։ Պիտի տեսնեիք զինվորներն ինչպես էին ոգեւորվել, ինչպես էին պարում ինձ հետ, ասես իրենց հարազատը լինեի։ Մենք պետք է ավելի մոտիկ լինենք բանակին, ավելի հաճախ շփվենք զինվորի հետ, ոգեւորենք նրան, նվիրենք մեր սերը, ջերմությունը, քաջալերենք, գոտեպնդենք, որպեսզի զինվորն ավելի պարտաճանաչ լինի, ավելի պատասխանատու, կարգապահ, գիտակից, եռանդուն, աչալուրջ։ Մեր ուշադրությունը կձգի զինվորին, կպարտավորեցնի, մեր սերը նրա սիրտը կդարձնի ավելի ջերմ, զգայուն, մեր երախտագիտությունը կմղի սխրանքի, կկոչի արիության։

Ցանկանում եմ իմ սիրելի զինվորին տեսնել խիզախ, հայրենասեր, հպարտ ու առաքինի։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


14/03/2012