Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ



ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Թվում է՝ ի՞նչ կարևոր է, թե ում դեմ է ուղղված Իսրայելից 1.6 մլրդ դոլարի սպառազինություն գնելու՝ Ադրբեջանի մտադրությունը: Կարևորն այն է, որ մեր թշնամին զինվում է, և այդ զենքը՝ լինի անօդաչու թռչող սարք, թե ՀՕՊ և հակահրթիռային համալիր, անկասկած կարող է կիրառվել նաև մեր դեմ: Բայց հարցը, այնուամենայնիվ, ավելորդ չէ, որովհետև, եթե հաշվի ենք առնում գործարքի կնքման ռազմաքաղաքական ենթատեքստը, ապա պարզ է դառնում, թե նախևառաջ ում դեմ է ուղղվելու Իսրայելից գնվելիք սպառազինությունը: Դրա համար բավական է հասկանալը, թե այսօր Ադրբեջանում ամենաշատն ինչի՞ց են վախենում բնակչությունն ու իշխանությունը: Ի դեպ՝ սա այնքան կարևոր հարց է հենց Ադրբեջանի համար, որ այնտեղ սոցիոլոգիական հարցում են անցկացնում՝ պատասխանը ստանալու համար: Մեջբերենք այն:

Քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնն օրերս փորձել է պարզել ադրբեջանական բնակչության կարծիքը Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման վերաբերյալ: Այն հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, տրվել է երեք պատասխան. 1. «Թեհրանը կարծում է, որ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում Ադրբեջանը հանդես կգա Արևմուտքի կողմից» (այս պատասխանն է տվել հարցման ենթարկվածների 55%-ը), 2. «Թեհրանը բարկացած է Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների բարելավման պատճառով» (33%), 3. «Թեհրանը վախենում է Ադրբեջանի զարգացումից և իրանական ադրբեջանցիների հավանական ակտիվությունից» (12%):

Եթե տոկոսները թողնենք մի կողմ, ապա այստեղ նշված է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման երեք հիմնավոր պատճառ, որոնք ադրբեջանական հասարակությունը շատ լավ գիտակցում է: Հենց այդ հանգամանքն էլ ապացուցում է, որ բոլոր պատճառներն էլ իրական են, և Իրանի բոլոր մտավախություններն էլ հիմք ունեն: Սա է՛լ ավելի ակնհայտ է դառնում հետեւյալ հարցին՝ թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանն Ադրբեջանի դեմ, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ հասցնեն Իրանին, ադրբեջանցիների տված պատասխանից: Հարցման ենթարկված 500 ադրբեջանցիների 37%-ը կարծում է, որ Իրանը կարող է սադրանքներ հրահրել Ադրբեջանի տարածքում, 28%-ը՝ որ Իրանի թիրախ կդառնան Ադրբեջանի նավթի և գազի հանքավայրերը, 22%-ը՝ որ Իրանը կփակի Ադրբեջանի հետ սահմանը: Եւ ադրբեջանցիների միայն 13%-ն է կարծում, որ Իրանն Ադրբեջանի դեմ ոչ մի իրական քայլ չի ձեռնարկի:

Ահա և պատասխանն այն հարցի, թե նախևառաջ ումի՞ց և ինչի՞ց է վախենում Ադրբեջանը: Տրամաբանական չէ՞, որ հենց այդ սպառնալիքները չեզոքացնելու մասին պետք է մտածեն այնտեղ՝ Իսրայելի հետ ռազմատեխնիկական գործարք կնքելիս: Ի դեպ՝ նույն պատասխանն է ստացվում իրավիճակը Իսրայելի տեսանկյունից քննելու դեպքում: Եթե Իսրայելը պատերազմի է պատրաստվում Իրանի դեմ, ապա մի՞թե հետամնաց Ադրբեջանի հետ գործարք կնքելու նրա գլխավոր նպատակը Ադրբեջանի ռազմարդյունաբերությունը, ՀՕՊ-ն ու ՀՀՊ-ն ոտքի կանգնեցնելն է կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական պրոբլեմները լուծելը: Իհարկե ոչ: Իսրայելի գլխավոր նպատակը պետք է լինի Ադրբեջանը Իրանի դեմ օգտագործելը, և այս գործարքը, ամենայն հավանականությամբ, նման գաղտնի պայմանավորվածության գինն է: Այսինքն՝ Ադրբեջանն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել Իսրայելին օգնելու և դրա դիմաց պահանջել է Իրանի հնարավոր հարվածներից պաշտպանվելու երաշխիքներ: Եւ քանի որ այդ հարվածները, ամենայն հավանականությամբ, հրթիռների տեսքով են լինելու, Իսրայելը Ադրբեջանին տրամադրելու է հենց հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ:

Այս պատմության մեջ ամենաուշագրավ եզրակացությունն այն է, որ Ադրբեջանը, փաստորեն, արդեն կատարել է իր ռազմաքաղաքական ընտրությունը. նա հակաիրանական ճամբարում է: Ասվածի վկայությունն է նաև այն աստղաբաշխական գինը, որ Ադրբեջանը պահանջում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը Ռուսաստանին վարձակալության տալու համար՝ 300 մլն դոլար՝ ներկայիս 7 մլն դոլարի փոխարեն: Սա նշանակում է միայն մի բան՝ «Ռուսնե՛ր, հեռացե՛ք»:

Իհարկե, Ադրբեջանի այս ամբողջ «խաղը» համաձայնեցված է Թուրքիայի հետ, ինչպես համաձայնեցված էին վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի միաժամանակյա զորավարժությունները Հայաստանի սահմանների մոտ: Եւ չպետք է հավատալ Թուրքիայի հավաստիացումներին, թե ինքը դեմ է Իրանին հարվածելուն: Հանրահայտ Wikileaks կայքը օրերս հրապարակել է «Stratfor» հետախուզական-վերլուծական կենտրոնի հիմնադիր և ղեկավար Ջորջ Ֆրիդմանի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի նամակագրությունը: Այդ նամակներից պարզվում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Քիսինջերին ասել է, թե Թուրքիային ձեռնտու է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանին հարված հասցնեն:

Դե ինչ, Ադրբեջանն ինչպես իր ընտրությունը կատարել է, այնպես էլ պետք է պատրաստ լինի դրա հետևանքների բեռը կրելուն: Իսկ հետևանքները չեն ուշանում: Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Իրանն արգելել է իր տարածքով Ադրբեջանից վառելիք փոխադրել Նախիջևան, որտեղ բնակչությունը խուճապի է մատնվել՝ վախենալով բենզինի կտրուկ թանկացումից: Իրանական կողմն իր քայլի համար մատնանշում է այն պատրվակը, որ Ադրբեջանի ավտոմեքենաները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Սակայն Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմի հայտարարությունը վկայում է, որ Նախիջևանի վառելիքային շրջափակումն ամենևին էլ պատահական չէ: Խորհրդարանականն ասել է, որ Ադրբեջանը վերածվել է Իրանի թշնամիների կենտրոնի և հավելել. «Եթե Ադրբեջանը շարունակի իր ներկայիս քաղաքականությունը, ապա Իրանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները այն չեզոքացնելու համար: Մասնավորապես՝ Իրանը պետք է վերանայի իր քաղաքականությունը հատկապես Նախիջևանի հարցում»:

Հազիվ թե պատահական կարելի է համարել նաև Ադրբեջանի հյուսիսում՝ Ղուբա բնակավայրում մարտի 1-ին սկսված անկարգությունները: 10-ը հազարից ավելի քաղաքացիներ բողոքի ցույց են արել քաղաքի գործադիր իշխանության շենքի առջև՝ պահանջելով ղեկավարի՝ Ռաուֆ Հաբիբովի հրաժարականը. վերջինս, իբր, ղուբացիներին վիրավորել է՝ ասելով, որ նրանք վաճառել են իրենց և իրենց շրջանը: Ենթադրվում է, որ դրա պատճառն էլ եղել է ինտերնետում Հաբիբովի ապօրինի սեփականության մասին տեսանյութի հրապարակումը: Այս փաստը հուշում է, որ անկարգությունները կարող են սադրած լինել նաև արտաքին ուժերը: Ուշագրավ է, որ Ղուբայում և հարակից շրջաններում ապրում են հիմնականում լեզգիներ, լեռնային հրեաներ և այլ ժողովուրդներ: Իշխանությունները զրահապատ տեխնիկա և ջրցան մեքենաներ են մտցրել քաղաք: Ոչ պաշտոնական տվյալներով, Ղուբա է ժամանել նաև Իլհամ Ալիևը: Նա իսկապես մտածելու բան ունի:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Ռազմաքաղաքական


14/03/2012