ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանդիպեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախարարը հավաքվածներին ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ստեղծման նախադրյալները, առանձնահատկությունները, կայացման յուրահատկությունները:
-Մեր զինված ուժերը այս քսան տարիների ընթացքում մի ճանապարհ են անցել, որը լի է ազգային տարբեր առանձնահատկություններով: Առաջինը, որ դրանք ստեղծվել են ժամանակի պահանջով, մեր բոլորիս ջանքերով, մարտական գործողություններին զուգահեռ: Երկրորդը, որ օգտագործվել է հայ ժողովրդի ողջ ներուժը` Արցախում, Հայաստանում, սփյուռքում:
Սեյրան Օհանյանը խոսեց նաև այլ առանձնահատկությունների մասին` նշելով, որ պատերազմի դաշտում և զինված ուժերի զարգացման գործում կարևոր է անձնական օրինակի գործոնը` հատկապես հրամանատարների, և այնպիսի միջավայրի ստեղծումը, որը յուրաքանչյուր անհատի հերոսանալու հնարավորություն և ազդակ կտա: Որպես օրինակ նա նշեց զոհված մարտական ընկերներին, որոնց մասին մինչ այժմ խոսում են, առաջնորդվում նրանց սխրագործությունների ոգով:
Իր խոսքը նախարարն ամփոփեց ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորության մասին դրույթներով, ինչում, անկասկած, մեծ է նաև բուհերի դերը:
Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը պատասխանեց ուսանողների և դասախոսների տարաբնույթ հարցերին: Մասնավորապես, բոլորին հետաքրքրում էր արտակարգ պատահարների բացառման ուղղությամբ տարվող աշխատանքների բնույթը: Նախարարը ներկայացրեց հարցին առնչվող մանրամասները, առանձնացրեց մի քանի գործոններ, որոնց կիրառման նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու միջոցով զինված ուժերի ղեկավարությունը ձգտում է նվազագույնի հասցնել արտակարգ պատահարները: Առաջին հերթին առօրյա պարտականությունների լիարժեք կատարում, կարգապահության ամրապնդում, անվտանգության պայմանների ստեղծում և պահպանում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ