Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ` ՍՊԱՐԱՊԵՏԻՆ



«Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»:

Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան: Նրա կյանքին ու գործունեությանը ծանոթանալու, նրա հիշատակը հարգելու համար այդ օրը բազմաթիվ քաղաքացիներ էին այցելում հայրական գյուղում` Արարատում գտնվող նրա թանգարան:

Սպարապետի ընկերներից, զինակիցներից, պետական ու բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, այս անգամ Արարատ այցելեցին նաեւ թիվ 184 ավագ դպրոցի աշակերտները: Այցելությունը նախաձեռնել էին Կարոտի կանչ կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը, Շահումյանի զինվորական կոմիսար գնդապետ Ռ.Մարգարյանը` վարչական շրջանի ղեկավարության աջակցությամբ: Աշակերտները առաջին անգամ էին այցելում թանգարան, նրանք շրջեցին սրահում` ուշադիր դիտելով ցուցադրված նկարներն ու անձնական իրերը:

Հուշամատյանում գրառում կատարելուց հետո աշակերտները լուսանկարվեցին Գրետա մայրիկի հետ: Նա պատմեց, որ Վազգեն Սարգսյանի ընկերների ու հարազատների համար արդեն ձևավորված ավանդույթ է մարտի մեկը ևս նշել որպես Սպարապետի ոգեկոչման օր. «Այդ օրը պարտադիր այցելում ենք Աշտարակի ձոր, որտեղ կենդանության օրոք միշտ լինում էր Վազգեն Սարգսյանը` թարխունով ու լավաշով նշելու գարնան առաջին օրը»:

Շահումյանի զինվորական կոմիսար գնդապետ Մարգարյանն էլ աշակերտներին ուղղված իր խոսքում ասաց. «Բնությունը Վազգեն Սարգսյան անձի մեջ հրաշալիորեն համատեղել էր մարդու եւ քաղաքացու, ընկերոջ եւ բարեկամի, ռազմիկի ու զորականի, պետական այրի եւ կազմակերպչի անգնահատելի որակները: Նա նախանձախնդրորեն էր անդրադառնում պատմական անցքերին` իր փառահեղ նախնիներին, որ նրանց պես, նրանց կողքին սրբազան պահին չմասնակցեց Ավարայրին, որ գոնե մեկ փամփուշտ չպարպեց Ղարաքիլիսայում, ու խորհրդարանում Խատիսյանին սատար չեղավ… նա ծնվելու իր հերթին էր սպասում»:

Այնուհետեւ Գրետա մայրիկի ուղեկցությամբ այցելուները ուղեւորվեցին Վազգեն Սարգսյանի անվան գունդ: Շարահրապարակում կազմակերպվեց հանդիսավոր միտինգ: Ներկաները ծաղիկներ դրեցին զորամասում կանգնեցված Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ, ապա մեկ րոպե լռությամբ գունդը հարգեց Սպարապետի եւ զոհված ազատամարտիկների հիշատակը: Միտինգի ընթացքում ելույթով հանդես եկավ գնդի հրամանատար գնդապետ Միրզախանյանը եւ շեշտեց. «Վազգեն Սարգսյանը այն անհատականությունն էր, որն ուներ խոսքի եւ գործի միասնականություն, որոշածն անպայման իրականացնելու վճռականություն: Մեր նորանկախ Հանրապետության յուրաքանչյուր նվաճում, յուրաքանչյուր ձեռքբերում անպայման կապված է Սպարապետի անվան հետ: Նա պայքարում էր ոչ միայն համազգային նվաճումների համար, այլեւ անմնացորդ նվիրվել էր հազարավոր տղերքի արյան ու կյանքի գնով ձեռք բերածը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու գործին»: Զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոսյանն էլ ընդգծեց, որ բոլորիս բարոյական պարտքն է տեր կանգնել Վազգեն Սարգսյանի ժառանգությանը, պահպանել նրա հետ միասին ձեռք բերած նվաճումները, շարունակել նրա կիսատ թողած գործը. «Նա այն առաջնորդներից էր, որ ոչ միայն հասկանում են` սեփական բազկին ապավինելով կարելի է հայրենիքը պաշտպանել, այլեւ գործնականում ձեռնամուխ են լինում զինված ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործին: Իր հեռատեսությամբ, նվիրվածությամբ, շիտակությամբ նա դարձավ կազմավորվող կամավորական ջոկատների` երկրապահների ոգին, Սպարապետ-Առաջնորդը: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Վազգեն Սարգսյանի անունը կրող գունդը պատվով է կատարում իրեն վստահված գործը»:

Զինվորականներին իր խոսքն ուղղեց նաեւ Գրետա մայրիկը. «Բանակը Վազգենի որդին էր, իմ` թոռը: Նա ամբողջ էությամբ նվիրված էր բանակաշինության գործին: Նա ասում էր` ցավը տանեմ հայ զինվորի, հայ զինվորից լավը չկա, ես էլ եմ ասում` ձեր ցավը տանեմ, ժողովուրդը ձեր հույսին է, հպարտությամբ կատարեք ձեր պարտքը»:

Հանդիսավոր միտինգը շարունակվեց զորամասի ակումբում, որտեղ աշակերտներն ու համալսարանականները ասմունքեցին եւ հանդես եկան հայրենասիրական երգերի կատարումներով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Բանակ և հասարակություն


14/03/2012