Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆ ԼՍՈՒՄ ԷԻՆ, ՀԱՎԱՏՈՒՄ ՈՒ ՎՍՏԱՀՈՒՄ



Մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոնում մեկնարկեցին Վազգեն Սարգսյանին նվիրված պաշտոնական միջոցառումները: Սպարապետի շիրմաքարին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ նախագահի և վարչապետի անունից: ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ նույնպես ծաղիկներ դրեց, հարգեց մարտական ընկերոջ հիշատակը: Եռաբլուրում էին նաև երկրապահ կամավորականների միության անդամները` Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ: Ավանդույթի համաձայն` Սպարապետի ծննդյան օրը մի խումբ պատանի երկրապահներ երդվեցին հենց Եռաբլուրում:

Միջոցառումները շարունակվեցին պաշտպանության նախարարության վարչական համալիրում, որտեղ հանդիսավոր նիստ տեղի ունեցավ: Մասնակիցներին ցուցադրվեց ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պատրաստած տեսաֆիլմը, որը լավագույնս բացահայտեց ռազմական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանին: Հատկանշական է, որ առաջինը ելույթ ունենալու պատիվը տրվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Դավիթ Հովսեփյանին:

Վազգեն Սարգսյանի հետ իր հանդիպումների, գործնական կապերի մասին պատմեց նրա մարտական ընկեր գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը: Խոսելով հայկական բանակի կայացման և Արցախյան պատերազմում տարած հաղթանակում Սպարապետի դերակատարության մասին` նա կարևորեց հատկապես այն հանգամանքը, որ սկզբնական փուլում Վազգեն Սարգսյանը կարողացավ իրականացնել խորհրդային բանակի հայազգի փորձառու սպաների` հայկական բանակ տեղափոխելու գործընթացը, որի շնորհիվ հայրենիք եկան հարյուրավոր գեներալներ և սպաներ` մեծ դեր խաղալով բանակի մարտունակության բարձրացման և հզորացման գործում: Նա առանձնացրեց նաև Վազգենի հաղթելու կամքը, վճռականությունը, ամենադժվար պահերին ամենաբարդ տեղամասերում հայտնվելու քաջությունը, անսահման սերը հայրենիքի և զինվորի նկատմամբ:

Հուզիչ էր Վազգեն Սարգսյանի մայրիկի` տիկին Գրետայի խոսքը: Նա նշեց, որ հպարտանում է մեր բանակի հաջողություններով և հորդորեց անել ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը հպարտությամբ վերաբերվի իր բանակին:

Իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, նշեց.

-20-րդ դարավերջին մեր բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին: Եվ այսօր նրա ընտանիքի, մարտական ընկերների հետ միասին հավաքվել ենք նշելու մեր առաջնորդի, սպարապետի, նախարարի հզոր ու պայծառ կերպարը ու ևս մեկ անգամ արժանին մատուցելու մեր ավագ ընկերոջ ապրող հիշատակին, ով ժողովրդի հիշողության մեջ կմնա ամեն ինչ բնութագրող ու գնահատող մի քանի բառով` Հայաստանի և Արցախի ազգային հերոս: Նա բացառիկ ավանդ ունեցավ ոչ միայն արցախահայության ինքնապաշտպանության կազմակերպման ու մարտական գործողությունների ասպարեզներում, այլև իր գործունեությամբ ու նվիրումով օրինակ և չափանիշ դարձավ բոլորի համար: Իր ապրած կյանքով հստակ ցուցադրեց ոչ միայն հայ կամավորականի, զինվորի ու հրամանատարի, այլև ռազմական ու պետական գործչի օրինակելի կերպարը: Վազգեն Սարգսյանը կամավորականների համար սպարապետ եղավ, իսկ բանակի համար դարձավ պաշտպանության նախարար: Բայց նա միայն նախարար չէր, այլ նաև մեր ավագ ընկերը, եղբայրը, դժվար պահերին մեր ամենահուսալի և վստահելի աջակիցն ու հենարանը: Նրան լսում էին, հավատում ու վստահում:

Բանակաշինության ընթացքում լրիվ բացահայտվեց Վազգեն Սարգսյանի ողջ տաղանդը` վկայելով, որ նա պետական ու ռազմական ականավոր գործիչ է: Աշխատանքների կազմակերպման, հեռուն տեսնելու, ամեն մի նրբություն ու յուրահատկություն հաշվի առնելու, մարդկանց ճիշտ գնահատելու առումով նրանից մենք բոլորս շատ ու շատ բան ենք սովորել և ուղղակի պարտավոր ենք այդ ժառանգությունն ամբողջությամբ փոխանցել հայկական բանակի երիտասարդ սպաներին:

Միջոցառման վերջում Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը` Զավեն Սարգսյանին պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ,
ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Բանակ և հասարակություն


14/03/2012