ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՉԳՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ
Հանրապետական Ջոն Կոռնին և դեմոկրատ Ռիչարդ Դերբին Պենտագոնից պահանջել են չեղյալ հայտարարել Աֆղանստանի զինված ուժերի համար ռուսաստանյան արտադրության «Ми-17» քսանմեկ ուղղաթիռի գնման` 2011 թվականին կնքված գործարքը, որը, ներառյալ պահեստամասերի մատակարարումն ու տեխնիկական սպասարկումը, գնահատվում է շուրջ 900 միլիոն ԱՄՆ դոլար:
Տարակուսանք հայտնելով, որ հարկատուների վճարած նման մեծ գումարն ուղղվում է ոչ թե ամերիկյան, այլ ռուսաստանյան արտադրության ուղղաթիռների գնմանը, քանի որ անհայտ են Աֆղանստանի պայմաններում նրանց ունեցած առավելությունները, սենատորները իրենց պահանջը փաստարկել են այն հանգամանքով, որ Սիրիայում զինված հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանը շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն է վաճառել Ասադի վարչակարգին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական