ԿԱՆԱԴԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ
Կանադայի զինված ուժերը մտադիր են հեռավոր ռադիոլոկացիոն հետախուզության «AWACS» ինքնաթիռների և հետախուզական անօդաչու թռչող սարքերի օգտագործումից հրաժարվելու միջոցով խնայել շուրջ 90 միլիոն ԱՄՆ դոլար, ինչի մասին երկրի պաշտպանության նախարարը դեռ անցած տարեվերջին տեղեկացրել էր Պենտագոնին:
Կանադան, որ արդեն 25 տարի օգտագործում է «AWACS» համակարգը, մինչ այժմ հանդիսանում էր ՆԱՏՕ-ի օդային անվտանգության ապահովման ու ռազմական լրտեսության ծրագրերի երրորդ խոշոր հովանավորը: Վերջին շրջանում «AWACS» համակարգը լայնորեն օգտագործվում էր հատկապես Աֆղանստանում, ինչպես նաև Լիբիայում, որտեղ ՆԱՏՕ-ի ռմբակոծիչներին թիրախների տեղորոշման ու կոորդինատների հաղորդման գործում ներգրավված էր Կանադայի 142 զինծառայող:
Այս ծրագրին Կանադայի մասնակցության դադարեցման ստույգ ժամկետները հայտնի չեն, իսկ ահա հետախուզական նպատակներով անօդաչու թռչող սարքերի շահագործումը կդադարեցվի առաջիկա ապրիլին:
Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս միջոցառումները չեն ազդի Կանադայի պաշտպանունակության վրա, և որ, կառավարության համոզմամբ, ներկա տնտեսական դժվարին պայմաններում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների անվտանգության ապահովման համար առավել կարևոր են ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պահպանման խնդիրները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական