Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Այս թեստը մշակվել է 2010 թվականին «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայի» կողմից: Որպես հասարակության մեջ դրսևորման և ինքնիրականացման հուսալի մեթոդ` լիցենզավորված է GNU (General public License` ընդհանուր հանրային արտոնագիր) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի արտոնագրում) կողմից:

Տվյալ թեստը ներառված է սոցիալ-հոգեբանական ախտորոշման մեթոդական շարքի մեջ: Այն հնարավորություն է ընձեռում առավել խորը հասկանալու մարդու կազմակերպչական ընդունակությունները, ինչպես նաև դրանց տիրապետման աստիճանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:

Ստորև Ձեզ տրված 20 հարցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է պատասխանել «այո» կամ «ոչ»:

1. Ձեր կոլեգաներին կամ ընկերներին հեշտությա՞մբ եք համոզում, որ Ձեր տեսակետը ճիշտ է:

2. Հաճա՞խ եք հայտնվում այնպիսի իրավիճակներում, երբ դժվարանում եք կողմնորոշվել, թե ինչպես վարվել:

3. Ձեզ հաճո՞ւյք պատճառում է հասարակական աշխատանքը:

4. Դուք սովորաբար հե՞շտ եք հրաժարվում Ձեր ծրագրերից և ձգտումներից:

5. Որևէ խմբում սիրո՞ւմ եք նախաձեռնել տարբեր տեսակի խաղեր, զվարճալիքներ կամ ժամանակն անցկացնելու այլ ձևեր:

6. Հաճա՞խ եք վաղվան թողնում այսօրվա անելիքը:

7. Դուք սովորաբար ձգտո՞ւմ եք, որ շրջապատում վարվեն Ձեր գաղափարներին և խորհուրդներին համապատասխան:

8. Ճի՞շտ է, որ Դուք հազվադեպ եք վիճում Ձեր ընկերների հետ, երբ նրանք չեն կատարում իրենց «պարտականությունները»:

9. Շրջապատում հաճա՞խ եք ստանձնում որոշում ընդունելու նախաձեռնությունը:

10. Ճի՞շտ է, որ նոր միջավայրը կամ նոր իրավիճակները կարող են Ձեզ դուրս բերել Ձեր սովորական կերպարից:

11. Դուք, որպես կանոն, սրտնեղո՞ւմ եք, երբ Ձեր ծրագրածից որևէ բան չի ստացվում:

12. Ձեզ զայրացնո՞ւմ են այն իրավիճակները, որոնցում ստիպված եք հանդես գալ որպես խորհրդատու կամ հաշտարար:

13. Դուք տարբեր հավաքների ժամանակ սովորաբար ակտի՞վ եք, լինի դա աշխատանքային ժողով կամ ուղղակի ընկերակցություն:

14. Ճի՞շտ է, որ Դուք ձգտում եք խուսափել այն իրավիճակներից, որոնցում պետք է ապացուցեք Ձեր իրավացիությունը:

15. Ձեզ նյարդայնացնո՞ւմ են հանձնարարականները և խնդրանքները:

16. Ճի՞շտ է, որ Դուք, որպես կանոն, ձգտում եք զիջել ընկերներին:

17. Սովորաբար մասնակցո՞ւմ եք տարբեր միջոցառումների, տոնական հանդիսությունների կազմակերպմանը:

18. Դուք ափերից դո՞ւրս եք գալիս, երբ ուշանում են:

19. Ձեզ հաճա՞խ են դիմում խորհրդի կամ օգնության համար:

20. Դուք (հիմնականում) ապրո՞ւմ եք «Խոստացել ես` արա՛» սկզբունքով:

Արդյունքների մշակում

1) Ձեր տված պատասխանները համեմատեք ստորև բերված սանդղակի հետ և յուրաքանչյուր համընկնման դեպքում Ձեր հաշվին գրանցեք 1 միավոր.

«Այո»: 1,3, 5,7,9,11,13,17,18, 19, 20.

«Ոչ»: 2, 4, 6, 8, 10,12, 14,15, 16.

2)Գումարեք միավորները:

3)Ստացված թիվը բաժանեք 20-ի և բազմապատկեք 100%-ով

Մինչև 40% – Ձեր կազմակերպչական ունակությունների մակարդակը ցածր է: Դուք հիմնականում Ձեզ հեռու եք պահում իրավիճակն ամբողջովին վերահսկելուց, գերադասում եք շարժվել արդեն իսկ նախօրոք գծված պլանով: Փորձեք հասկանալ, թե ինչու է այդպես. չէ՞ որ մարդուն երբեմն ոչինչ չի մնում անելու, քան սեփական ուժերին ապավինելն ու գործելը:

40-70% – Ձեր կազմակերպչական ունակությունները միջին մակարդակի վրա են: Սա նշանակում է, որ Դուք ունեք կազմակերպչական ջիղ, սակայն ինչ-ինչ (վստահ ենք, որ Ձեզ հայտնի) պատճառներով երբեմն խուսափում եք նման տեսակի պատասխանատվություն ստանձնելուց:

70% և բարձր – Ձեր կազմակերպչական ունակությունների մակարդակը բարձր է: Դուք ցանկացած իրավիճակում կարողանում եք արագ կազմակերպել և վերահսկել: Սիրում եք կարգուկանոն, և, որն առավել կարևոր է, սիրում եք, որ այդ կարգուկանոնի հեղինակն ու պահապանը ինքներդ եք լինում:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Ռազմական


21/03/2012