Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՐՎԱԾԵ՛Ք ԹՇՆԱՄՈՒՆ ԱՄԵՆ ՏԵՂ»



Հարցազրույց «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնության աշխատանքների համակարգող եւ նույնանուն պարբերականի գլխավոր խմբագիր ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԻ հետ

– Վերջերս նշվեց Գուրգեն Յանիկյանի իրագործած գործողության 39-ամյակը. նա 1973 թ. հունվարի 27-ին, Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում սպանեց երկու թուրք դիվանագետի: Այդ ժամանակ տաղանդաշատ ճարտարագետը, գրողն ու հրապարակախոսը, շինարարն ու գյուտարարն արդեն 79 տարեկան էր: Ինչո՞ւ նա այսպիսի որոշում կայացրեց:

– Այո՛, գործողությունից կես տարի առաջ նա հայ ժողովրդին ուղղված մի կոչ գրեց, ահա այն. «Ես ոչ միայն մենակ մնալու չեմ, այլ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ե՛ւ առաջինը, որ պիտի հնչեցնէ այս նոր ձեւի պատերազմի հրավիրող փողը: Անցած տարիները եկան ինձ ապացուցելու, որ այս աշխարհում ազատություն, արդարություն, ճշմարտություն եւ սրանց նման բարձր գաղափարների իմաստը, եթե այսպես շարունակվի, շուտով միայն բառարաններում ենք գտնելու: Բավական է, որքան հայ անհատը դռնեդուռ ընկած ողորմություն է աղերսում մարդկությունից: Ես` անհատս, ո՛չ ցանկություն ունեմ այլեւս լռելու եւ ո՛չ էլ ժամանակ: Միակ ցանկությունը, որ մնում է իմ մեջ, այդ է` չլինել միակն այս ձեւի պատերազմն իրականացնելու գործում: Վերջնական հաղթանակը լինելու է մե՛րը, կասկած չունե՛մ: Դո՛ւք` հայ ազգի զավակներ, ՆԵՄԵՍԻՍՆԵ՛Ր դարձած, հարվածե՛ք թշնամուն ամեն տեղ, որտեղ դուք ինքներդ հարմար կը գտնեք»:

Հետագայում նա իր ինքնախոստովանության մեջ ասում է, որ ինքը հաստատ որոշել էր ոչ մի կուսակցության կամ հոսանքի անունից հանդես չգալ, այլ գործել որպես հայ անհատ, ով արդեն հոգնել է սպասելուց, քանի որ խաբվել է խոստումներից, իսկ ազգի ղեկավարները, թեեւ իր նման խաբվել ու հավատացել են, բայց ինչ-ինչ պատճառներով շարունակում են լռել ու ուրիշներին էլ համոզում են լռել:

– Յանիկյանն այդ գործողությունից հետո ինքն է հանձնվում ոստիկաններին, տեղի է ունենում դատավարություն: Հայտնի է, որ դատախազ Դեյվիդ Միները դատավարության ժամանակ արգելում է Հայոց ցեղասպանության մասին վկայություններ ներկայացնել, սակայն 25 տարի անց զղջում է դրա համար: Խնդրում եմ` մանրամասնեք այս դիպվածը:

– Դատախազ Դեյվիդ Միները Յանիկյանի դատավարությունից 25 տարի անց, 1998թ. հունվարի 25-ին, մի հոդված հրապարակեց «Ֆրեզնո Բի» օրաթերթում և ընդունեց իր սխալը: Հոդվածի սկզբում դատախազը նախ անդրադարձել է Յանիկյանի արարքին, որ տեղի ունեցավ Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում, երբ Յանիկյանը նվերներ հանձնելու պատրվակով հանդիպման էր հրավիրել Թուրքիայի հյուպատոսին եւ փոխհյուպատոսին եւ «երկու սատանաներին» սպանելուց հետո հանձնվել իշխանություններին: Արարքից առաջ 78-ամյա Յանիկյանը հարյուրավոր թերթերի եւ հայ քաղաքացիների նամակներ էր հղել` կոչ անելով ահաբեկել Թուրքիայի կառավարության բոլոր ներկայացուցիչներին` «արդարություն պահանջելով» 1915-ին ջարդված 2 միլիոն հայերի համար: Ըստ դատախազի` Յանիկյանի առաջնորդած ահաբեկչական արշավի հաջորդ 10 տարիների ընթացքում ահաբեկվել են 27 թուրք դիվանագետ, իսկ 150 հոգի էլ` վիրավորվել կամ սպանվել: Նա շարունակում է, թե Յանիկյանը ոգեւորված էր Սողոմոն Թեհլերյանով, որը 1921-ին սպանել էր «Թուրքիայում բոլոր հայերին սպանելու» հրաման արձակած Թալեաթին եւ իր դատավարությունն օգտագործել էր Հայկական հարցը եւ ցեղասպանությունը միջազգային հասարակայնությանը ներկայացնելու համար: Յանիկյանը եւս ցանկանում էր իր դատավարությունը դարձնել «Հայկական Նյուրնբերգի» նախաքայլը, որովհետեւ Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը:

«Ես էի Յանիկյանի դատավարության դատախազը, եւ հայերի հույսն ինձ վրա էր»,- գրում է Միները եւ ավելացնում, թե դատավարությունից առաջ Յանիկյանի փաստաբաններից Վազգեն Մինասյանը կոչ է արել իրեն ցեղասպանության դեմ մի վճիռ արձակել եւ հանձնել է Թեհլերյանի մասին գրված «Խաչը եւ մահիկը» գիրքը, որի հեղինակը Գ. Յանիկյանի բարեկամներից Լինդի Ավագյանն էր:

«Առիթ ունես աշխարհում արդարության խորհրդանիշ լինելու», – ասել էր Մինասյանը դատախազին: «Այդ բառերը շարունակում են հալածել ինձ մինչ օրս, եւ եթե կարողանայի ժամանակը հետ շրջել, այլ ճանապարհ կընտրեի, ինչպիսին էլ լինեին հետեւանքները»,- շարունակում է Միները` ասելով, թե Յանիկյանի փաստաբանները ցանկանում էին դատավարությանը ներկայացնել վերապրողների եւ պատմաբանների վկայություններն ու լուսանկարչական փաստերը ցեղասպանության մասին:

«Իբրեւ դատախազ` իմ պարտականությունն էր դատապարտել ոճիրը, եւ գիտենալով, որ դատախազը կարող է իր կարծիքը փոխել, եթե լսի ջարդերի մասին ցավալի վկայությունները, համոզեցի դատավորին, որ դրանք (վկայությունները) նկատի չունենա: Այդպիսով՝ Հայկական Նյուրնբերգը ձախողության մատնեցի», – գրում է նա:

Դատախազը շարունակում է, թե Յանիկյանի եւ Արամ Սարոյանի (Վիլյամ Սարոյանի հորեղբորորդին) ուսերին մնաց Հայոց ցեղասպանության փաստերը ներկայացնելը: Յանիկյանը 6 օր շարունակ ներկայացնում էր դրանք` նկարագրելով իր ընտանիքի 26 անդամների սպանությունը:

Ըստ դատախազի` պաշտպանության հիմնական թերությունն այն էր, որ սպանված դիվանագետները չէին ներկայացնում այն կառավարությունը, որ պատասխանատու էր ցեղասպանության համար, եւ այդ պատճառով Յանիկյանը 79-ամյա հասակում դատապարտվեց ցմահ բանտարկության եւ 5 տարի հետո ներում ստացավ` հակառակ Թուրքիայի բողոքների: Սակայն 2 ամիս անց մահացավ սրտի տագնապից:

– Բայց նման փաստարկը կարելի՞ է ճիշտ համարել:

– Իհարկե ո՛չ: Դա կեղծ փաստարկ է: Ցեղասպանության ոճիրը, որպես մարդկության դեմ իրականացված ոճիր, վաղեմության ժամկետ չունի, եւ Թուրքիայի Հանրապետությունը` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատու է հայերի նկատմամբ իրականացված հանցագործության համար եւ պատասխանատու է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունել ու դատապարտել հանցագործությունը եւ չի կատարել քայլեր, որոնք կհաստատեն, թե Հայոց ցեղասպանության հետեւանքները լիովին վերացված են, այդ թվում` քանի դեռ չի վերադարձրել ցեղասպանության ճանապարհով բռնազավթված հայկական տարածքները: Այս ամենը շարադրված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայում, որն ընդունվել է 1968 թ. նոյեմբերի 26-ին, եւ որը կարելի հիմնական լրացում համարել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած մեկ այլ հիմնարար փաստաթղթի` «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» կոնվենցիայի:

Դատախազը եզրակացնում է, թե Յանիկյանը մի խորհրդանիշ է Թուրքիայի կառավարության ուրացման քաղաքականության դեմ, եւ հիշեցնում է, որ նրա պաշտպան փաստաբաններից մեկն ասել է. «Այժմ Յանիկյանը հայոց պատմության կարեւոր մասնիկն է»: «Ցավում եմ, որ թույլ չտվեցի ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիարժեք ներկայացումը, ոչ թե նրա համար, որ Յանիկյանը պետք է ազատ արձակվեր, այլ այն բանի, որ պատմության ամենամութ էջերը` ցեղասպանությունները, պետք է բացահայտվեն, որպեսզի այլեւս չկրկնվեն արհավիրքները»:

Ճիշտն ասած` կարծում եմ, որ Գուրգեն Յանիկյան անհատին հաջողվել է այնպես շրջել հայոց պատմության անիվը, որ այնուհետեւ հայ ժողովրդին ուղեկցելու են միայն հաղթանակներ` պայքարի բոլոր ոլորաններում:

– Գուրգեն Յանիկյանի գործողությունից հետո այլ վրիժառու գործողություններ եղե՞լ են:

– Դրանից երկու տարի անց մի ռումբ պայթեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բեյրութի գրասենյակում: «Արգելափակյալ հերոս Գուրգեն Յանիկյանի անվան հեղափոխական խմբակը» 1975թ. հունվարի 23-ին հրապարակեց հետեւյալ կոչը. «1915-ի թուրքերու կազմակերպած ցեղասպանության ժամանակե ի վեր հայ ժողովուրդը կը պայքարե արեւի տակ հողամաս մը ձեռք բերելու, կոչելու զայն «Այս է մեր հայրենիքը»: Բայց միշտ ալ մեծ պետություններու շահը կը պահանջեր ոտնակոխ ընել հայ ժողովուրդի արդար իրավունքը: Ու հիմա մեզի կը մնա դիմելու վերջին միակ լուծումին, որն է հեղափոխություն եւ սպառնանք բոլոր անոնց, որ կը շարունակեն բռնագրավված պահել մեր ժողովրդի հողն ու հայրենիքը»: Ի դեպ` սա Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) առաջին հաղորդագրությունն էր, որը, ճիշտ է, դեռեւս ստորագրված չէր կազմակերպության անունով, բայց 1975թ. հոկտեմբերի 24-ին հրապարակված Հայտարարությունը, որպես հոկտեմբերի 22-ին Վիեննայի եւ հոկտեմբերի 24-ին Փարիզի թուրք դեսպաններին ահաբեկելու կապակցությամբ լույս տեսած կոչ, արդեն պիտի ամրագրեր ԱՍԱԼԱ-ի «կամքն ու վճռականությունը` շարունակելու զինյալ պայքարը եւ հեղափոխական գործունեություն թրքական իշխող շրջանակներու ֆաշիստական վայրագ բռնության դեմ»:

– ԱՍԱԼԱ-ն ուներ նաև քաղաքական թև, այնպես չէ՞:

– Զինյալ պայքարի կարեւոր ձեռքբերումներից էր «Հայկական ժողովրդային շարժում» կազմակերպության` ԱՍԱԼԱ-ի քաղաքական թեւի կազմավորումը, որն ուներ մամուլի իր օրգանները եւ տեղակայված էր աշխարհի գրեթե բոլոր հայաշատ վայրերում: Դրանցից նշենք` «Ժողովրդային պայքարը» եւ «Հայ ֆետային»` Հունաստանում, «Հայ պայքարը»` Ֆրանսիայում, «Ազատ հայը»` ԱՄՆ-ում եւ Կանադայում, «Արաքսը»` Իրանում, «Կայծերը»` Մեծ Բրիտանիայում, «Հայդուկը»` Կիպրոսում, «Սփյուռքը» եւ «Երկաթե շերեփը»` Լիբանանում եւ այլն:

Տեղին է նշել նաեւ, որ ԱՍԱԼԱ-ին զուգահեռ մարտի դաշտ են նետվում այլ զինյալ կազմակերպություններ եւս, որոնցից ամենահիշատակելին Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ կազմակերպությունն է, որն իր հերթին շատ ծանրակշիռ ներդրում ունի Հայոց նոր ժամանակների զինյալ ազատագրական պայքարի մեջ:

Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Բանակ և հասարակություն, Պատմության էջերից


21/03/2012