Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԸ` ՆԱԵՎ ՍԻՐՈՎ



Սահականուշ մայրը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։ Ծնվել է Վանաձորում, հարս է գնացել Արթիկի շրջանի Հոռոմ գյուղ։ Ամուսնու` Վաչագան Մելոյանի հետ ստեղծեցին մի նոր օջախ այդ գյուղում։ Ինչպես ամեն մի նորաստեղծ ընտանիք, նրանք էլ տեսան դժվարություններ, սակայն արժանապատվորեն դրանք հաղթահարեցին։ Եղավ երկրաշարժ, սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը։

-Շատ եղան դժվարությունները, սակայն Աստված մեզ, մեր ընտանիքին այնպիսի գանձեր պարգևեց, որոնք հարթեցին, մեղմեցին այդ վիշտը,- վերհիշում է մայրը,- 1988-ին ծնվեց մեր ավագ որդին, որին Մենուա կոչեցինք, իսկ երկու տարի անց ծնվեց կրտսերը և կրում է Արգիշտի անունը։ Երկուսն էլ բարձրագույն կրթությունն անավարտ թողնելով` զինվորագրվեցին հայոց բանակին և պատվով կատարելով իրենց պարտքը, վերադարձան և ավարտին հասցրին իրենց ուսումը։

– Թվում է` Հոռոմ գյուղը աշխարհից կտրված, Արցախից հեռու պետք է ապրի ինքն իրենով՝ անտեղյակ ամեն ինչին,- շարունակում է տիկին Սահականուշը,- բայց այն սերը, նվիրվածությունը, որ կար այդ օրերին՝ ջերմացնում է նաև այսօր, տարիների հեռվից։ Մենք էլ օգնության կարիք ունեինք՝ ցուրտ ու մութ տարիներ էին։ Հաց չկար, վառելիք չկար, սակայն սկեսուրս՝ Եփրաքսիան, ամեն անգամ Արցախ գնացող ջոկատի տղաներին մեր ունեցածից բաժին էր հանում՝ ցորեն, ալյուր, աղանձ…

Հիշում եմ. մի անգամ տնից պետք է բացակայեինք, ու ջոկատի տղաներին տատը ասել էր, թե որտեղ է դրված պարկով ալյուրը, որ գնալիս հետները տանեն։ Երկու կիսատ պարկ դրված էին իրար վրա՝ մեկը ֆիդայիներին, մյուսը՝ մեզ։ Պարկերի մեջ ալյուր էր ու փոխինձ՝ աղացած-բոված ցորեն, որն այդ օրերին շատ էր անհրաժեշտ, որովհետև հեշտ էր հագեցնում քաղցը։ Տղաները եկել ու չիմանալով՝ երկուսն էլ վերցրել, հետները տարել էին։ Երբ տուն եկանք, ու տատը իմացավ եղելությունը, ժպիտով դիմեց մեզ.

-Ուրեմն՝ այդպես էր պետք։ Դա Աստծու կամքով է՝ ինչ իմանաս ինչպես է ապրում աշխարհից կտրված սահմաններում, Արցախում մեր ժողովուրդը։ Մեր գործը հեշտ է, կապրենք…

Եվ իրոք, գյուղացիները, դրկից-հարևանները իմանալով տեղի ունեցածը՝ իրենց բաժին ալյուրն ու աղանձը կիսեցին մեզ հետ։ Այդ սիրով, այդ ջերմությամբ մենք ապրեցինք, այդպես հաղթեցինք, այդ սիրո ու ջերմության տարիների ծնունդ են մեր որդիները՝ Արգիշտին և Մենուան…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Հոգևոր-մշակութային


21/03/2012