ՎԵՐԱՀՍԿԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման զինվորական գործունեության հոգեբանությունն է:
– Պարո՛ն Մարգարյան, զինվորական գործունեությունն ունի՞ արդյոք հոգեբանական առանձնահատկություններ, որոնց իմացությունը կօգնի կանխարգելել բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարները:
– Անշուշտ ունի:
– Եւ որո՞նք են դրանք:
– Նախքան հոգեբանական առանձնահատկություններին անցնելը եկեք սահմանենք «զինվորական գործունեություն» հասկացությունը: Գործունեությունը մարդու այնպիսի ներգործությունն է առարկաների և արտաքին միջավայրում տեղի ունեցող գործընթացների վրա, որի հետևանքով դրանք ձևավորվում են դրված նպատակին համապատասխան: Իսկ «զինվորական գործունեությունը» այն ներգործությունն է, որը բխում է զինվորական գործի նպատակներից:
– Փաստորեն, այդ հասկացության հիմնական «բաղադրիչը» նպատակն է:
– Այո՛. գործունեության կազմակերպող տարրը նպատակն է, այն է` ձևափոխվող առարկայի ցանկալի վիճակի մասին մարդու ունեցած իդեալական պատկերացումը: Գործունեությունն սկսվում է ներքին մղումների` շարժառիթների ներգործության հետևանքով, ընդսմին այդ ներգործությունը կարող է կատարվել բնազդային, ենթագիտակցականի կամ գիտակցականի մակարդակով:
– Հնարավո՞ր է սահմանել զինվորական գործունեության տեսակները:
– Պայմանականորեն՝ այո՛. զինվորական գործունեությունը կարելի է բաժանել երեք հիմնական տեսակի` մարտական, ուսումնամարտական և ամենօրյա: Մարտական գործունեությունը զինվորական գործունեության հիմնական տեսակն է: Այն իրականացվում է մարտական գործողությունների ընթացքում (հարձակում, պաշտպանություն, տարաշարժ և այլն): Ուսումնամարտական գործունեությունը բաղկացած է անձնակազմի ուսուցման և դաստիարակության, ինչպես նաև համատեղ մարտական գործողությունների վարման համար ստորաբաժանումների և զորամասերի մարտական ներդաշնակեցման միջոցառումների համակարգից: Ուսումնամարտական գործունեությունը իրականացվում է արդյունավետ մարտական գործունեության ապահովման նպատակով: Եւ ամենօրյա գործունեությունը գործնականում ներառում է զինծառայողների կենսակերպի բոլոր կողմերը: Յուրաքանչյուր զորամասում ամենօրյա գործունեությունը իրականացվում է համազորային կանոնադրությունների պահանջներին խիստ համապատասխանությամբ: Ամենօրյա գործունեության ընթացքում իրենց պարտականությունների կատարումը օգնում է զինծառայողներին հետագայում հաղթահարելու մարտական իրադրություններում ի հայտ եկող ծանր փորձությունները:
– Բայց չէ՞ որ կա նաև ռազմամասնագիտական գործունեություն…
– Այո՛, ինչպես և գործունեության հատուկ տեսակներ: Դրանց մի մասը պայմանավորվում է սպառազինության և մարտական տեխնիկայի տեսակներով, մյուսները առանձնացվում են մարտի նախապատրաստման և վարման գործառույթների բաժանման (հետախուզություն և մարտական ապահովման այլ տեսակներ) և մարտի բազմակողմանի` տեխնիկական, օպերատիվ, թիկունքային, բժշկական, բարոյահոգեբանական ապահովման հիման վրա: Բացի այդ, զինվորական գործունեությունը բաժանվում է հետևյալ տեսակների` հրամանատարական, շտաբային, ինժեներատեխնիկական, ռազմամանկավարժական և այլն:
– Իսկ գործունեության ի՞նչ տեսակներ կան՝ ըստ հոգեբանական առանձնահատկությունների:
– Հոգեբանական ապահովման բնույթից ելնելով` զինվորական գործունեությունը բաժանում են մի շարք ձևերի. գործունեության որոշ ձևեր զինծառայողներից պահանջում են ուժերի ոչ երկարատև, բայց սահմանային լարում, իսկ որոշ ձևեր` երկարատև ճիգեր, արիություն, ֆիզիկական և բարոյական դիմացկունություն: Մի դեպքում առավելագույնս պահանջվում է զգայամտածական ակտիվություն, մյուս դեպքում` արտաքին, գործնական ակտիվություն` կապված ֆիզիկական էներգիայի սպառման հետ: Գործունեությունը կարող է կրել օպերատորական կամ ոչ օպերատորական բնույթ: Լուծման ենթակա խնդիրները կարող են լինել վտանգավոր կամ անվտանգ, աշխատատար կամ համեմատաբար թեթև, պարզ կամ բարդ: Այդ ամենից ելնելով և հիմնվելով հոգեբանական բնութագրերի ընդհանրացման վրա` տարբերում են զինվորական գործունեության հետևյալ տեսակները՝ աշխատանք, մարտական հերթապահություն, ուսուցում, մարտական գործունեություն և պայքար:
– Եկեք հերթով անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին: Ի՞նչ առանձնահատկություն ունի աշխատանքը՝ որպես զինվորական գործունեության տեսակ:
– Աշխատանքն ունի հիմնականում կրկնվող գործողությունների և փոխգործողությունների համեմատաբար պարզ կառուցվածք, ժամանակի տեսանկյունից ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում (օրինակ` մարտակարգի ինժեներական սարքավորումը, տեխնիկայի սպասարկումը, տնտեսական աշխատանքները, որոշ տեսակների սպառազինության և մարտական տեխնիկայի շահագործումը):
– Իսկ մարտական հերթապահությո՞ւնը:
-Դա գործունեության տեսակ է, որն ուղղված է մշտական բարձր մարտական պատրաստության պահպանմանը, որպեսզի իրադրության բարդացման դեպքում անմիջապես ձեռնարկվեն ակտիվ միջոցառումներ (նշանակետի հայտնաբերում, ազդանշանի (հրամանի) ստացում և այլն): Հոգեբանական առումով այդ տեսակի գործունեությունը համարվում է չափից ավելի լարված: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն անձինք, որոնք գտնվում են մշտական մասնագիտական սպասման վիճակում, շատ դեպքերում չեն կարողանում արագ անցնել ակտիվ գործողությունների, խառնաշփոթի են մատնվում, հետևաբար չեն կատարում այն ամենը, ինչի համար նրանք նախանշանակված են: Մարտական հերթապահությունը` որպես գործունեություն, բարդ է նաև այն պատճառով, որ զինծառայողի համար տվյալ գործունեության անմիջական արդյունքները ակնառու չեն, ուստի նրա վրա չեն գործում խթանիչ ազդեցություն: Այստեղ էական դեր են խաղում զինծառայողի` մշտապես զգոն և պատրաստ վիճակում գտնվելու հոգեֆիզիոլոգիական և հոգեբանական ցուցանիշները: Հետևաբար, մարտական հերթապահության կազմակերպման գործում անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր զինծառայողի հոգեբանական առանձնահատկությունները:
Հավելեմ, որ մարտական հերթապահության հիմնախնդրին հարադրվում է շատ ավելի կարևոր մի խնդիր, այն է` ամբողջ անձնակազմի մշտական մարտական պատրաստության պահպանումը: Այդ խնդրի լուծումը ներառում է` ա) հավանական հակառակորդի բազմակողմանի և օպերատիվ ուսումնասիրում` նրա կողմից հանկարծակի պատերազմական գործողություններ սանձազերծելու տեսանկյունից, բ) տեղեկույթի սորակորստի հնարավոր ճանապարհների վերահսկում, գ) ծառայության, մարտական ուսուցման, ինչպես նաև ՍՌՏ վերականգնման այնպիսի միջոցառումների կազմակերպում, որոնց դեպքում կպահպանվի անձնակազմի ռեալ պատրաստությունը` թշնամուն պատեհաժամ հակահարված հասցնելու համար:
– Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր զինծառայող՝ վերոնշյալ հոգեբանական որակները ձեռք բերելու համար:
– Զգոնությունը և մշտական մարտական պատրաստությունը ապահովվում են զինծառայողների բարձր անձնական պատասխանատվության շնորհիվ: Նրանցից յուրաքանչյուրը պետք է վարի այնպիսի կենսակերպ, որ ցանկացած պահի ընդունակ լինի անցնելու մարտական խնդրի կատարմանը: ՈՒստի հարկավոր է, որ զինծառայողներն ինքնաքննադատական հաշվետվություն տան իրենց ընթացիկ պատրաստության մակարդակի վերաբերյալ (իրենք իրենց վերահսկեն): Դա զինծառայողի անձի կարևոր գծերից մեկն է:
Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Ռազմական