Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4 . ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1720-ԱԿԱՆ ԹԹ.



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նախքան հայկական հետախուզության առավել խոշոր գաղտնի գործողությունների վերլուծությանն անցնելը` հատուկ ուշադրություն է պետք դարձնել նրա առջև դրված հիմնական խնդիրներին, որոնք էին` մինչև ապստամբության սկիզբը ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում կանխապես զորակոչել հայ երիտասարդության ընտիր ներկայացուցիչներից մոտավորապես 2000 մարդ, արտասահմանում կազմակերպել նրանց ռազմական ուսուցումը, զինել նորագույն հրազենով և ճիշտ պահին տեղափոխել Հայաստան։

Այդ խնդիրները դնում էր դեռևս Իսրայել Օրին` 1699-1711 թթ. հայոց ընդհատակյա դիմադրության պաշտոնական առաջնորդը։ Պետք է, վերջապես, ընդունենք, որ Օրին նախևառաջ փայլուն հետախույզ էր, որը բարդ իրադրության մեջ մոտ երեք տասնամյակ արդյունավետորեն գործել է Եվրոպայի տարբեր երկրներում, Ռուսաստանում, Իրանում, իսկ իր կարիերայի սկզբում` Օսմանյան կայսրությունում։ Օրու` խորապես գաղտնակալված առաքելության մասին կարող է վկայել թեկուզ միայն մի առիթով նրա արած խոստովանությունն առ այն, որ Եվրոպայում քսան տարի գտնվելով (1680-1699 թթ.)` միայն մեկ անգամ է նամակ ուղարկել իր հարազատներին` 1684 թ. Փարիզից։ Միաժամանակ Օրին նաև բարձրակարգ ռազմական մասնագետ էր, որը եվրոպական մարտավարությանն ու նորագույն սպառազինությանը ծանոթանալու նպատակով` 1681-1696 թթ. ծառայել էր իտալական, ֆրանսիական և գերմանական (պֆալցյան) բանակներում` և՛ որպես մատակարարման պետ, և՛ որպես մարտական սպա։ Նա իր քաջությամբ և ձեռնհասությամբ աչքի էր ընկել մի քանի պատերազմներում։ Պֆալցի կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմը (1690-1716) Օրու մասին գրում էր հայ մելիքներին. «Բարձրացրե՛ք պարոն Իսրայել Օրիին` նա մասնակցել ու փորձ է ձեռքբերել մեր պատերազմներում։ Մենք ինքներս ականատես ենք եղել ու ճշգրիտ տեղեկացել նրա` մեր բանակում ցուցաբերած քաջությանը։ Հավատացե՛ք նրան, ով արդեն տասը տարի է, ինչ վարժված է մեր կռիվներում»։ Ուստի պատահական չէ, որ 1704 թ. Պետրոս Ա արքան համաձայնեց բավարարել Օրու խնդրանքը և նրան հրացանակիրների գնդապետի աստիճան շնորհեց։

Օժտված լինելով ռազմավարական մտածողության ու հատկապես երկարաժամկետ ծրագրման մեծ տաղանդով` Օրին տակավին 1703 թ. տեղեկացնում է Պետրոս Ա-ին, որ ցանկանում է Հայաստանում հավաքագրել ավելի քան 2000 ընտիր տղամարդու ու այդքան էլ նժույգ և ուղարկել Ռուսաստան` այնտեղ նրանցից իր սեփական ծախսով հրացանակիրների մի հեծյալ գունդ կազմավորելու համար։ Նախատեսվում էր, որ այդ գունդը ռուսական բանակի հետ միասին կմտնի Հայաստան և միանալով հայկական հիմնական ուժերին` իր մասնակցությունը կբերի նրա ազատագրությանը։ Այդ նպատակների համար Օրին մտադիր էր Ամստերդամում գնել 15-20 հազար ռուբլուն համարժեք զենք ու հանդերձանք։ Թե որքանով էին այդ ծրագրերն իրագործվել` դժվար է ասել, սակայն արդեն 1707 թ. Օրին խնդրում էր Պետրոս Ա-ից թույլ տալ իրեն անմաքս Պարսկաստան անցկացնել «հրազենի երեք մեծ արկղ` կայծքարի հրացաններ և ատրճանակներ, երկաթյա վեց փոքր թնդանոթ»։ Իսկ 1709 թ. սեպտեմբերին Շամախիում հանգրվանելով` Օրիի շքախումբը ուներ արդեն մի ամբողջ զինանոց, այդ թվում` 12 «փոքր թնդանոթ»։ Վստահաբար, զենքի հայթայթման ուղղությամբ լուրջ աշխատանքը շարունակվել էր նաև Օրու մահվանից հետո։ Այդ մասին կարելի է դատել արդեն նրանից, որ 1722-1723 թթ. Ռուսաստանում հայոց միջոցներով կազմավորված հայկական հեծելազորային ջոկատները, որ կամավորապես մտել էին ռուսական մերձկասպյան զորախմբի մեջ, ունեին ռազմական լավ պատրաստություն ու հրաշալիորեն զինված էին։ Իսկ նրանց առաջին զորահրամանատարները, որոնք մինչ այդ զբաղվել էին իբր միայն վաճառականությամբ, անմիջապես դրսևորեցին իսկական հրամանատարական որակներ ու սպայական կոփվածք։ Ընդ որում, այդ ջոկատների, ապա և Հայկական էսկադրոնի շուտափույթ ստեղծումը, նրանց զինումը և ապահովումն անհրաժեշտ ամեն ինչով մոտ երեք տարի շարունակ կատարվում էր հայերի ծախսերով։ Ինչպես 1725 թ. հայտնում էր գեներալ-լեյտենանտ Մ. Ա. Մատյուշկինը` «իրենց հաշվին էին պահում մարդկանց և ձիերին»։ Առաջին տարիներին հայկական այդ ջոկատներն ստիպված էին իրենց համար նույնիսկ վառոդ գնել։ Այսպես` 1723 թ. օգոստոսին Պետրոս Գիլանենցը հայտնում էր Մինաս վարդապետին, որ իրենց վառոդը գրեթե ամբողջությամբ վերջացել է, և խնդրում էր Այվազի հետ միասին ուղարկեն իր բաժին վառոդի տակառը ու նաև արճիճ։ Գիլանենցը նաև խնդրում էր մի նամակ էլ գրել բրիգադիր Լևաշովին, «որ մեզ թէ բարութ [=վառոդ] պէտք լինի` տա»։

Այս փաստերից կարելի է եզրակացնել. (ա) գոյություն ուներ հայկական կազմակերպություն, որը համադրում էր իր անդամների գործունեությունը, (բ) նախապես ընտրված հայոց խմբեր մասնագիտացել էին ռազմական գործում, (գ) հայկական դիմադրության կողմից այդ նպատակների համար կանխավ ֆինանսական միջոցներ էին տրամադրվել։ Ճիշտ է, այդ գործողությունների ընթացքում գրեթե ամբողջությամբ ծախսվել էր նաև Հայաստանի ազատագրության նվիրյալներից մի քանիսի անձնական ամբողջ կարողությունը, ինչպես, օրինակ, Հայկական էսկադրոնի առաջին հրամանատար Պետրոս դի Սարգիս Գիլանենցինը, որ սպանվեց Ռեշտի գրավման ժամանակ` 1724 թ.։

Վերադառնանք, սակայն, 1703 թ. Իսրայել Օրու արած առաջարկությանը` Ռուսաստանում կազմավորել 2000-անոց հայկական գունդ։ Հետաքրքիր է նկատել, որ երեք տարի անց` 1706 թ., Օրին անհայտ պատճառներով նույն նպատակի համար առաջարկում էր արդեն ոչ թե 2000, այլ ընդամենը 300-400 մարդ։ Այս առթիվ առաջադրենք կարևոր մի հարցադրում. ինչու՞ Օրին որոշեց, որ Ռուսաստանում կազմավորվելիք հայկական գունդը պետք է լինի նախապես իր իսկ առաջարկածից շատ ավելի փոքրաթիվ։ Թեև սկզբնաղբյուրներում դժվար թե երբևէ գտնվի այս հարցի ուղղակի բացատրությունը, բայց ավելի ուշ` 1720-ական թթ. տեղի ունեցած իրադարձությունները կարելիություն են ընձեռում հետադարձ հայացքով պատասխանելու դրան` հավաստիության բավականին բարձր աստիճանով։ Բանն այն է, որ ինչպես ստորև կներկայացվի` 1720-ական թթ. սկզբին հայկական ջոկատներ են կազմավորվել Ղրիմում, Պոդոլիայում (Ռեչ Պոսպոլիտա), Վալախիայում, Հունգարիայում ու չի բացառվում` նաև այլ երկրներում ու շրջաններում։ Այդ իսկ պատճառով Օրիի նախնական մտադրության փոփոխության ամենահավանական բացատրությունը պետք է համարել նրա ձգտումը` հայկական ուժերի ռազմական պատրաստությունն իրականացնել` բաժանելով դրանք մանր խմբերի ու ցրելով տարբեր երկրներում։ Պետրոս Ա-ի պարսկական արշավանքը հետաձգվում էր անորոշ ժամանակով, ուստի Ռուսաստանում 2000-անոց հայկական խոշոր զորամասի ստեղծումը, այն էլ ռուսական կառավարության գիտությամբ, կարող էր վտանգավոր լինել` այդ փաստը իրանական և օսմանյան իշխանություններից երկար ժամանակով գաղտնի պահելու տեսանկյունից։ Մեծ վտանգի կարող էր ենթարկվել ամբողջ ազատագրական շարժումը և, առաջին հերթին, բռնագրավված հայրենիքում գտնվող նրա ղեկավարությունը։ Մինչդեռ տարբեր երկրներում և շրջաններում մանր խմբերով հայ զինվորների գաղտնի պատրաստումը միանգամից մի քանի առավելություն ուներ. առաջին, ապահովվում էր գաղտնեգործունեության առավել բարձր աստիճան, երկրորդ, հայ ղեկավարությունն ավելի մեծ ինքնուրույնություն ու ճկունություն էր ստանում այդ լավ պատրաստված ուժերի օգտագործման ժամանակի և ձևի վերաբերյալ որոշումներ ընդունելու հարցում, երրորդ, այդ ջոկատների արագ տեղափոխումն Արևելյան (Պարսկական) Հայաստան հնարավոր էր դառնում ոչ միայն Ռուսաստանով` Աստրախանի և ապա մերձկասպյան շրջանների վրայով, այլև այլընտրանքային երթուղիներով` Օսմանյան կայսրության տարածքով։

ՂՐԻՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ. 285 ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ

1720 թ. աշնան վերջին` Օսմանյան կայսրության կազմում գտնվող Ղրիմում, ուր բնակվում էր հայկական մեծաթիվ գաղութ, «Տրապիզոնի նավով», վաճառականների անվան տակ ժամանում են հայ ազատագրական շարժման սուրհանդակները և հաղորդում իրենց գործակալական կայանի ղեկավարներին Արևելյան Հայաստանում զինված ապստամբություն սկսելու մոտավոր ժամանակը։ Դրվում է խնդիր` ղրիմահայ երիտասարդության միջից շտապ կազմել ու հանդերձավորել մի ջոկատ և առաքել այն հայրենիք` հայկական զորքերին օգնության։ Տեղում այդ գործողության ղեկավարներ են նշանակվում երկու ավագերեց` Տեր-Բարդուղիմեոսը` Կաֆայից (Թեոդոսիա) և Տեր-Մարկոսը` Կեոզլևից (Եվպատորիա)։ Նրանք` «գաղտնի հաճությամբ յուրյանց առաջնորդի` աստապատեցի Վարդան եպիսկոպոսի»` հանձնելով հովվական պաշտոնն իրենց քահանացյալ որդիներին, զբաղվում են «անեցիների» ջոկատի հավաքագրությամբ և պատրաստությամբ (ղրիմահայերն իրենց համարում էին Հայաստանի ավերված մայրաքաղաք Անիից դուրս եկածների սերունդ)։ Այդ տարիներին Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչներ ներգրավված էին ազատագրական նախապատրաստական աշխատանքներում։ Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը, ինչպես նաև, ըստ երևույթին, նրանց թեմական առաջնորդը, վաղուց էին կապված հայկական ընդհատակի հետ, որի գլխավոր կենտրոններից մեկը Սբ. Էջմիածինն էր։ Իսկ այն, որ հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում հաջողվեց զորակոչել 285 տղամարդ և նրանց հետ 1722 թ. առաջին կեսին ճամփա ընկնել, խոսում է այդ մեկուկես տարում ղրիմահայ կամավորների գաղտնի անցկացրած ռազմական լրջագույն հավաք-պարապմունքների մասին։

Բուն անցումը Ղրիմից Արևելյան Հայաստան կատարվել է դեպի Մշո Սուրբ Կարապետի վանք ավանդական ուխտագնացության պատրվակով։ Առաջին նշանակման կետը Տրապիզոնն էր։ Ազատորեն տեղաշարժվելու համար հայ հետախույզները սովորաբար քողարկվում էին իբրև վաճառականներ, հոգևորականներ կամ ուխտավորներ։ Կաֆայից առաջինը նավով դուրս է եկել Տեր-Բարդուղիմեոսը` «վաճառականի անվամբ», երկրորդը` Կեոզլևից Տեր-Մարկոսը` «աշխարհականի զգեստ հագած»։ Նրանց հետևից «մի մի, երկու երկու» նավով ծովն անցել են և մյուսները։ Տրապիզոնում բոլորի հավաքվելուց հետո` 285 զինվորներին բաժանել են 24 ջոկատների` յուրաքանչյուրում 8-15 հոգի։ Նշանակվել են ջոկատների հրամանատարները` օնբաշի (տասնապետ) կոչումով, որոնց մեծ մասի անուններն, իրենց հայրերի անունների հետ, մեզ հայտնի են. Հովհաննես` կաֆացի Քարաքաշ Գևորգ աղայի որդին, Հակոբ` Խաթրան չեքեն Սուրղաթցի Ալեքսանի որդին, Անդրեաս` Տեր-Մարկոսի ազգական Շահինյան մահտեսի Պողոս աղայի որդին, Սաղաթել` Խայալը Ստեփան աղայի որդին, Վարդանը` Նազիրյան Հովհաննես աղայի որդի և այլն։

Ամեն տեսակի կասկածները վանելու և իրենց ուխտագնացության մասին առասպելը պահպանելու նպատակով` այս խմբերն անմիջապես չեն ճանապարհվում դեպի Արևելյան Հայաստան, այլ սկզբից «զանազան ճանապարհներով» գնում են Սբ. Կարապետի վանքը (նշանակման երկրորդ կետը), այնտեղ կատարում իրենց ուխտը և միայն դրանից հետո Կարսի (նշանակման երրորդ կետը) և Անիի վրայով մտնում Հայաստանի պարսկական մասը։ Երկու վերջապահ ջոկատների կազմում կար ընդհանուր առմամբ 29 հոգի, մեկում` Տեր-Բարդուղիմեոսն էր, մյուսում` Տեր-Մարկոսը` Ղրիմի գործողության ընդհանուր ղեկավարությունն իրականացնողները։ Ուշագրավ է սակայն, որ այդ ջոկատների հրամանատարներն այլ անձինք էին` Հայրապետյանն ու Աբրահամը։ Այս փաստը վկայում է, որ հրամանատարներ նշանակվում էին նրանք, ովքեր ունեին ռազմական որոշակի պատրաստություն, որը Բարդուղիմեոսն ու Մարկոսը չունեին, ընդ որում` առաջինն արդեն «ծերունազարդ» էր։ Բայց այս երկու դեմքերի ամբողջ գործունեությունը փաստում է, որ նրանք հրաշալի պատրաստված էին այլ` հետախուզության և ընդհատակյա աշխատանքի բնագավառում։ Հենց այս երկուսի ղեկավարությամբ էր կատարվել կազմակերպչական ու գաղափարական ամբողջ աշխատանքը Ղրիմում։ Այս երկուսն էին, որ մյուսներից առաջ ժամանել էին Տրապիզոն` ապահովելու կապը արևելահայաստանյան «Կենտրոնի» գաղտնի գործակալների հետ։ Թեև ղրիմահայոց ջոկատի պատմությունը ներկայացնող մեր սկզբնաղբյուրն այս գործակալներին չի հիշատակում, բայց 1720-ական թթ. նրանց գոյությունն Արևմտյան Հայաստանում մեզ հայտնի է այլ աղբյուրներից։ Տեղանքին անծանոթ ղրիմահայոց համար նրանք պետք է ծառայեին որպես ուղեկցորդներ, ընտրեին անվտանգ ուղիներ ու գիշերային դադարների վայրեր և այլն։ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» մենագրությանս (2003 թ.) մեջ կա մի առանձին գլուխ, որտեղ կողմնակի տեղեկությունների հիման վրա ենթադրություն է արվել առ այն, որ Սբ. Կարապետի առաջնորդ (հետագայում` 1730-1734 թթ., Սբ. Էջմիածնի կաթողիկոս), արքեպիսկոպոս Աբրահամ Մշեցին սերտորեն կապված է եղել հայ ազատագրական շարժման հետ` դեռևս 1719-1722 թթ.։ Սբ. Կարապետում ղրիմահայոց ջոկատի կանգառը կարելի է համարել լուրջ լրացուցիչ փաստարկ հօգուտ այս ավելի վաղ առաջադրված վարկածի։

Այստեղ չենք քննի «անեցիների» ջոկատի հետագա մարտական ուղին, որը (Գաբրիել Պատկանյանի (1802-1889) անտիպ ձեռագրում պահպանված և տակավին Վ. Ա. Պարսամյանի կողմից հատվածաբար հրապարակված) մեր սկզբնաղբյուրի համաձայն` անցել է Դավիթ-բեկի, իսկ նրա մահվանից հետո` Մխիթար սպարապատի զորքերի կազմում։ Սկզբնաղբյուրի հաղորդումների այդ հատվածում եղած մի շարք անճշտություններն ու անպարզությունները, կրելով հետագա խմբագրումների ազդեցություններ, պահանջում են առանձին քննություն։ Սակայն որևէ կասկած չեն հարուցում վերը նկարագրված փաստերը` Ղրիմում (չմոռանանք` Օսմանյան կայսրությունու՛մ) մարտունակ հայկական ջոկատի կազմավորման, ինչպես նաև այն Հայաստան փոխադրելու մանրակրկիտ մշակված ու անթերի իրականացված ծրագրի վերաբերյալ։ Ուստի Ղրիմի գործողությունը կարելի է համարել հայկական հետախուզության բացարձակ հաջողությունը, ինչպես նաև նրա ղեկավարների գործին մասնագիտորեն մոտենալու լավագույն վկայությունը։

ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ` ՔՐԻՍՏՈՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

1720 թ. վերջին ելույթ ունենալով ղրիմահայերի առջև և կոչ անելով նրանց օգնել ով ինչով կարող է, ապստամբությանը նախապատրաստվող արևելահայերին, որոնք «հոժարել են սուր ի ձեռին մարտնչիլ ի թշնամեաց», Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը պարզ խոստովանում են իրենց վաղեմի կապը հայ ընդհատակի հետ. «Մենք` երկու քահանայք, Քրիստոսի գերեզմանի վրա ուխտադիր եղանք օգնել մեր ազգակցաց և հայրենակցաց»։ Խոսքը վերաբերում է, փաստորեն, Հայաստանի ազատագրությանն անձնուրաց ծառայելու պաշտոնական երդմանը։ Բայց այս անգամ այն տրվել էր ոչ թե Գանձասարում, ինչպես Այվազի հետ վերն արդեն քննարկված դեպքում, այլ Երուսաղեմում։ Այնտեղ էր գործում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որի սպասավորների մեջ կարող էին լինել հայ ազատագրական շարժման կապավորներ։ Այնպես որ` Երուսաղեմում կարող էին գտնվել նաև մարդիկ, ովքեր ընդունել են Տեր-Բարդուղիմեոսի ու Տեր-Մարկոսի՝ Քրիստոսի գերեզմանին կատարված երդումը։ Մենք ունենք նաև հայկական հետախուզության մեկ ուրիշ խոշոր գործչի` եպիսկոպոս Պետրոս Խաչատուրովի վավերագրական ցուցումն այն մասին, որ 1720-ական թթ. սկզբին նա ևս որոշ ժամանակով գտնվել է Երուսաղեմում։ Ավելի ուշ` 1728 թ. նա, ինչպես դրանից վեց տարի առաջ Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը, զենքը ձեռքին իր «եղբայր» Գրիգոր Ստեպանովի գլխավորած ընտիր ջոկատի կազմում ժամանում է Արցախ` հայկական զորքին օգնության։ Սակայն նրանց երթուղին տարբեր էր` սկսվում էր Ռեչ Պոսպոլիտայից և անցնում Ռուսաստանի միջով (այդ մասին` հաջորդիվ)։ Ուրեմն` հետախույզ, ապա և զինվոր դարձած այս երեք հոգևորականների հնարավոր հանդիպումը Երուսաղեմում նույնպես բացառել չի կարելի։

Շարունակելի

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
«Հայաստանի զրուցակից»,
#8 (217), 2 մարտի, 2012 թ.

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Պատմության էջերից


21/03/2012