Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՂՄԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ



1991թ.

ՆՈՅԵՄԲԵՐ

Ամսվա սկզբից Ադրբեջանն սկսեց կազմավորել և Ամիրանլար, Ղարադաղլու, Ումուդլու, Ջամիլլու, Խոջավենդ ու Շուշի ուղարկել դաշտային հոսպիտալներ և բժշկական ուժեղացված խմբեր:

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում տարածվեց «Ղարաբաղի ազատագրության մարտիկների» թռուցիկը. «Մենք մեր զենքը վայր չենք դնի, քանի դեռ գերությունից չեն ազատագրվել Հադրութը, Բերդաձորը, Շահումյանը, քանի դեռ հայրենի օջախներ չեն վերադարձել բռնի տեղահանվածները, քանի դեռ մեր հողը շարունակում է հեծել ասկյարի կրունկի տակ»:

Նույն օրը թշնամին տանկերից, զրահամեքենաներից ու հրանոթներից սկսեց Ոսկեպարի ու Կիրանցի հրետակոծումը: Իսկ ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Բարաննիկովը, ով ժամանակին եղել էր Ադրբեջանի ՆԳ նախարար Ասադովի տեղակալը, Հայաստանի ՆԳՆ-ին կոչ արեց… չխոչընդոտել Տող գյուղ ադրբեջանցի փախստականների վերադարձը:

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում կայացած սպայական ժողովը հայտարարեց, որ ներքին զորքերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, քանի որ Բաքուն ամեն կերպ խոչընդոտում է պարենամթերքի ու վառելիքի մատակարարումը, և որ ակնհայտ է ինքնիշխանության մասին Ադրբեջանի Հանրապետության օրենքի և արտակարգ դրության վերաբերյալ միութենական օրենքների միջև առկա հակասությունը:

Նոյեմբերի 7-ին վերստին սրվեց վիճակը Մարտունիում. շրջկենտրոնը Մուղանլուից հրթիռակոծվեց «Ալազանով»: Հրթիռներից երկուսը պայթելով Խոջավենդում, բավական վնասներ պատճառեցին: Հայկական կողմն ուժգին հակահարված տվեց:

Նույն առավոտյան Ադրբեջանի ՆԳՆ-ն փորձեց տիրանալ ԼՂՀ ՆԳ վարչության ունեցած զենք-զինամթերքին (700 ատրճանակ և 70 ավտոմատ), սակայն կտրուկ մերժում ստացավ ՆԳ վարչության պետ, գնդապետ Կովալյովից: Ժողովուրդը լսելով լուրը, վաղ առավոտից շրջափակեց շենքը և մեքենաներով փակեց բոլոր ճանապարհները: Բաքվի ներկայացուցիչները հեռացան զինվորական պարետատան միջամտությունից հետո միայն:

Նոյեմբերի 10-ին Խոջավենդից և զինվորական ուղղաթիռից գնդակոծվել է Մարտունի շրջկենտրոնը, բայց ուժգին պատասխան ստացավ: Խոջավենդում մնացած բնակչությունը սկսեց հեռանալ՝ տեղը զիջելով օմօնին:

Նոյեմբերի 15-ին Հադրութում ազատագրվեցին Ծամձոր և Սարիշեն գյուղերը:

Նոյեմբերի 15-ին կազմավորվեց ՊԲ N զորամասը, որն այսօր կրում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Յուրա Պողոսյանի անունը:

Գրեթե նույն օրերին Կապանում զինվորական երդում ընդունեցին դեռ ազգային բանակ չլինելու պատճառով ՆԳՆ համակարգ զորակոչված պարտադիր ժամկետային ծառայության առաջին զինվորները:

Նոյեմբերի 16-ին ազատագրվեցին Սարիշենն ու Հադրութի հեռուստաաշտարակը, որոնք գերիշխում էին Հադրութ ավանին, և օմօնն այնտեղ արդեն գնդացիրներ էր տեղադրել…

Արկադի Տեր-Թադևոսյանի բնորոշմամբ, սա ռազմագիտական առումով Շուշիից ավելի դժվար գործողություն էր: Սարիշենն ու հեռուստաաշտարակը: Յոթ ուղղություններով իրականացված գործողությանը մասնակցեցին 13` հիմնականում Տողի ազատագրմանը մասնակից ջոկատները: Սարիշենի ու Ցորի ազատագրումից հետո սկսվեց հեռուստաաշտարակի գրոհը: Թուրքերն իսկապես դիմադրում էին: Այդ ընթացքում Վլադիմիր Բալայանի ջոկատը երկու զոհի գնով ազատագրեց Ծամձորը, որը, սակայն անհնար էր պահել:

Նոյեմբերի 17-ին ազատագրվեց Հադրութի շրջանի Սալաքյաթին գյուղը:

Նոյեմբերի 19-ին ազատագրվեց Մարտունի քաղաքի ոջավենդ թաղամասը:

Նոյեմբերի 20-ին Քարաքենդում «Ստրելա-2»-ով խոցվեց հակառակորդի բարձրաստիճան ղեկավարներ ու հրամանատարներ տեղափոխող «ՄԻ-8» ուղղաթիռը: Մութալիբովը հայտարարեց, որ Ադրբեջանի սահմաններում պատերազմ է և հրավիրեց ԳԽ արտահերթ նիստ:

Նոյեմբերի 25-ին կազմավորվեց ՊԲ N զորամասը (Շուշիի առանձնակի գումարտակը, որի` Հայաստանի տարբեր շրջաններից եկած կամավորները գտնվում էին Հադրութում):

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար:

Դեկտեմբերի 10-ին, երբ Ստեփանակերտը, շրջկենտրոններն ու բազմաթիվ բնակավայրեր հրթիռահրետակոծվում էին, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեն: Անկախությանը կողմ քվեարկեց բնակչության 99 տոկոսը: 15 տարի անց, նույն օրը, հանրաքվեի միջոցով ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը:

Նույն օրը «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի 13 մարտիկները Շահումյանի շրջանում ջախջախիչ հարված հասցրին Թոդան բնակավայրում տեղակայված թշնամու 450 հոգանոց կայազորին: Զոհվեց Պաշտկոմի ներկայացուցիչ կապիտան Համլետ Մինասյանը:

Նույն օրն ազատագրվեց Սարիսուն:

Դեկտեմբերի 16-ին հայերը լուրջ հարված հասցրին Շուշիին ու ավերեցին Ջամիլլուն:

Նույն օրը Մութալիբովը հանդիպեց 4-րդ բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սոկոլովին, իսկ հաջորդ օրը հայտարարեց Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատարի պարտականություններն ստանձնելու մասին: Նա հանդիպեց Ադրբեջանի հարավում տեղակայված զորամասերի հրամանատարներին? առաջարկելով ծառայել Ադրբեջանին:

Դեկտեմբերի 17-ին կամավորական ջոկատները մտնելով Աղդամի տարածք, ոչնչացրին մեկ «Գրադ» կայանք, որը վերջին օրերին հրթիռակոծում էր Ասկերանն ու Խրամորթը, ինչպես նաեւ ավերեցին Աղդամ-Ասկերան սահմանագծին կառուցված պաշտպանական ամրությունների համալիրը:

Նույն օրը Ստեփանակերտում կազմավորվեց հանրապետական ինքնապաշտպանական կոմիտե, որի ղեկավար նշանակվեց Լեոնարդ Պետրոսյանը:

Դեկտեմբերի 21-27-ին նախկին խորհրդային բանակի զորամասերը դուրս բերվեցին ԼՂՀ տարածքից: Դրան զուգահեռ իրավիճակը մեկեն սրվեց, քանի որ Արցախն ու Ադրբեջանը մնացին դեմ հանդիման: Սակայն թեև Ադրբեջանն ուներ թվական բազմապատիկ գերակշռություն ու 4-րդ բանակի աջակցությունը, նախաձեռնությանն իսկույն տիրեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատները:

Դեկտեմբերի 22-ին կամավորները տիրացան Ստեփանակերտից դուրս բերվող ԽՍՀՄ ՆԳՆ 81-րդ գնդի 10 զրահամեքենայի ու 967 միավոր զենքի:

Դեկտեմբերի 23-ին ազատագրվեց Ասկերանում ադրբեջանական գլխավոր հենակետերից Լեսնոյե գյուղը: Առավոտից մինչ ուշ երեկո տևած գործողության ընթացքում ոչնչացվեցին 27 օմօնականներ, 30-ը վիրավորվեցին: Հայկական կողմից զոհվեց 1 ազատամարտիկ, 2-ը վիրավորվեցին:

Նույն օրն ինքնապաշտպանության ուժերը Մարտակերտի շրջանում ազատագրեցին նաև Ումուդլուն և լրիվ հրդեհեցին Իմերեթ-Գերեվենդը, որի մի մասը հրդեհել էին դեռ ամիսներ առաջ:

Նույն օրը Ֆիզուլիից գրոհելով Ճարտարի վրա, օմօնը գրավեց գինու գործարանը, ցորենի պահեստները և այլ շինություններ: Հայկական ուժերը գնդակոծեցին Խոջալուից Աղդամ թռչող ուղղաթիռը, որը, թեև վնասվածքներին, կարողացավ վայրէջք կատարել Աղդամում:

Դեկտեմբերի 24-ին ազատագրվեց Սրխավենդը: ՀՀ նախագահը հայտարարեց, որ ապրիլ-մայիսյան նահանջներից հետո «մեզ հաջողվեց ինչ-որ չափով վերականգնել հավասարակշռությունն Արցախում, շնորհիվ ինքնապաշտպանության ուժերի զինվորների խիզախության»:

Դեկտեմբերի 24-ին հանրապետական կինոյի տանը կայացավ վերջին 3 տարիներին ՀՀ տարածքում տեղակայված զորամասերը լքած զինվորների հավաք, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՆԳՆ ղեկավարության ու 7-րդ գվարդիական բանակի հրամանատարության ներկայացուցիչները: Վազգեն Սարգսյանը ներկայացրեց հանրապետության նախագահի հրամանագիրը դասալքած զինվորների՝ մինչև դեկտեմբերի 25-ը զորամասեր վերադառնալու և ծառայությունը շարունակելու վերաբերյալ: Նա նաև տեղեկացրեց, որ կառավարությունը բոլոր զորամասերում ունենալու է իր ներկայացուցիչները, բացատրեց, որ 7-րդ բանակի զորամասերը հայ զինվորներով համալրելու դեպքում բավական կհեշտանան Հայրենիքի պաշտպանության ու 7-րդ բանակը սպառազինությամբ համալրելու խնդիրները: Նույն կոչով դասալիքներին դիմեց նաև Զինվորների ծնողների կոմիտեի նախագահ Գրետա Միրզոյանը: Հավաքի վերջում զորակոչիկներին խումբ-խումբ առաջնորդեցին զորամասեր:

Դեկտեմբերի 26-ի կեսօրին, Ստեփանակերտից անակնկալ հեռացավ արտակարգ դրության շրջանի զինվորական պարետատան անձնակազմը:

Միաժամանակ, Աղդամում էին կուտակվել Գյանջայի գունդը, Սումգայիթի գումարտակը և Բաքվի ոստիկանական գունդը, ինչը վկայում էր խոշոր հարձակման նախապատրաստության մասին:

1991 թվականն սկսվեց արցախահայության ու Հայաստանի նկատմամբ աննախադեպ ճնշումներով, շարունակվեց տխրահռչակ «Օղակ» գործողությամբ, որի ընթացքում հայաթափվեցին 23 հայկական գյուղեր, Բաքվի ու կենտրոնի ճնշումների դեմ սկսված զինված դիմակայությամբ, որը հատկապես Շահումյանում վերաճեց պատերազմական գործողությունների, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի անկախության հռչակմամբ և ավարտվեց հակամարտող կողմերի դեմ հանդիման մնալով, երբ ավարտվող 1991 թվականի վերջին տասնօրյակում, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հակամարտության գոտուց հեռացան բաժանարար դեր կատարող խորհրդային զորքերը:

Ավարտվող տարվա վերջին օրերին Քարինտակն ու Մխիթարաշենը ետ մղեցին հերթական հարձակումները, Կարաչինարում ու Շեֆեկում մարտեր էին, Բաքուն մեծ ուժեր էր կենտրոնացնում Ամիրանլարում, իսկ Աղդամում, ըստ լրատվամիջոցների, արդեն կուտակվել էին 300 հոգանոց 18 գումարտակներ…

ԼՂՀ-ում արդեն կային տասից ավելի կանոնավոր կազմավորումներ՝ դասակներ ու վաշտեր, որոնցում ընդգրկված էր շուրջ 1.000 մարտիկ: Սա Պաշտպանության բանակի կորիզն էր:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ըստ ԼՂՀ ներքին գործերի վարչության տվյալների, 1991-ին ԼՂՀ-ում զոհվել էր 501 մարդ, այդ թվում՝ 270 հայ, 216 ադրբեջանցի և 15 զինծառայող: Վիրավորվել էր 400 հայ, 100 ադրբեջանցի և 34 զինծառայող: Պատանդ էր վերցվել 599 հայ, որոնցից 226-ը դեռ գերության մեջ էին: Սա շուրջ 10 անգամ գերազանցում էր 1990-ի տվյալները:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


21/03/2012