Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՒ ՊԱՐՈՒՄ ԷԻՆ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ



Երբ ճանապարհը ոլորվեց դեպի Սյունյաց զանգերը, միանգամից սկսվեց բուք ու բորանը, մառախուղը։ Թվում էր, թե այլևս անհնարին է առաջ ընթանալ, բայց… դա մահապարտների համար չէր։

Հուռա՜… հուռա, հուռա…

Քաջ Նժդեհի սուրը թող շողա…

Բուքը, կարծես, նահանջում էր նրանց խրոխտ երգի առաջ…

Ես նստած էի ամենատարեց մահապարտի կողքին, ղեկի մոտ նստածը նույնպես մահապարտ էր, ձախ կողքիս՝ նույնպես։ Պաշտպանված լինելու յուրահատուկ զգացում ունեի, ու բուքն ինձ վրա էլ չէր ազդում։ Իսկ մահապարտների հրամանատարը՝ այժմ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, միշտ առջևից էր ընթանում։

Սակավախոս մարդ է ամենատարեց մահապարտը՝ Սպարտակ Մաթևոսյանը, ինքը շատ չի սիրում խոսել, նրանը գործն է ու բարիք գործելը։ Քչախոս է նաև Սամվել Կլեկչյանը, իր մասին ի՞նչ ասի, ժամանակին ասել է գործով, հիմա էլ – Աստված մի՛ արասցե,- եթե պետք լինի, պատրաստ է պաշտպանել թոռներին։

Դիմացն Արցախն է։ Իմ աչքից չի վրիպում տարեց մահապարտի զսպված հուզմունքը, Արկադիի՝ ղեկը բռնած ձեռքերը, բնավ չեն դողում, նրա հույզերն ուրիշ են – Արցախն իր բնօրրանն է, Վանքը՝ ծննդավայր գյուղը։ Կլեկչյանի աչքերը մշուշոտվում են։ Ցուրտ է, շրջակայքը ամբողջովին պատած է մաքուր ձյունով, դեմ դիմացը քնած ղարաբաղցի լեռն է՝ ծանր ու մեծ։ Իսկ Գանձասարը… Կարծես երկնքից իջած թագ լինի, որ իջել է Վանքի գլխին։ Հենց վառվում են Գանձասարի լույսերը, շուրջն ընկղմվում է հոգեպարար անուրջի մեջ։ Վանքի լույսերը անդրադարձվում են շրջակա ձյուների մեջ ու բյուր ադամանդի պատրանք ստեղծում։ Իսկ Խաչենագետը իր նեղ, քարակոփ հունով շարունակում է հավերժի ճամփան։

Առավոտ է. Վաղուհասի եկեղեցու օծման պատարագն է։ Այն մատուցում է Սրբազանը՝ Արցախի հոգևոր հայր Պարգև արքեպիսկոպոսը, նրա կողքին է Վանքի վանահայրը՝ Տեր Հովհաննեսը։ Զուլալ առվակի նման կարկաչում է երգչախմբի ձայնը, լցվում ներկաների սիրտն ու հոգին, տարածվում չքնաղ հովտի ամեն անկյուն։

Ավարտվում է պատարագը, ու հնչում է զուռնան. ազատագրական ու ժողովրդական երգ-երաժշտության խրոխտ հնչյունների տակ պար են բռնում մահապարտները իրենց հրամանատարի հետ։ Նրանց ձեռքերն այնպես են ագուցված, այնպես ամուր են ձուլված մեկ մեկու, ասես շղթան պոկել հնարավոր չէ։

Պարում են մահապարտները նորակառույց Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու պատերի տակ, ու թնդում է զուռնան, թնդում են ձորերը, գեղատեսիլ հովիտը։ Իսկ մահապարտների շղթայում ի՛ր պարն է պարում նաև եկեղեցու բարերարը՝ վաղուհասցի Գրիգոր Հայրապետյանը։ Ողջ ընտանիքն է այստեղ։ Ու պարում են բոլորը, ամբողջ գյուղը՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, պատերազմ տեսած կամ թե պատերազմից հետո ծնված։ Իսկ պարողներին օղակել են մահապարտները, ինչպես այն ժամանակ, երբ գյուղը պետք էր ազատագրել ու փրկել մարդկանց։ Մահապարտների շղթան անքակտելի է։

Իսկ քիչ հեռվում, գյուղի հենց սրտում, 76 անմահ մարտիկների Պանթեոնն է։

Մահապարտ գեներալը ծնկի է գալիս դիմաքանդակների մոտ, ձեռքով ձյունը հեռացնում է, գուրգուրում սառը գրանիտը… չէ՛, արցունքներ չկան, տղամարդուն վայել չէ, վառոդի ու արյան միջով քայլած հրամանատարին արցունք որտեղի՞ց…

Իսկ հուշարձանը… երկու լայն բացված գրքեր են կարծես, որոնց էջերին, որպես թանկ մասունք, արձանագրված է 76 անմահ անուն։

…Ու պարում էին մահապարտները։

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Երևանի Մ. Մանուշյանի անվ. հ. 48
հիմն. դպրոցի տնօրենի տեղակալ

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Բանակ և հասարակություն


21/03/2012