Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅՈԹ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԾ ՔՐԴՍՏԱՆԻ՞



Աստվածաշնչում մի տարօրինակ պատմություն կա ղևտացու և իր հարճի մասին: Մի անգամ նրանք հյուրընկալվում են Իսրայելի տասներկու ցեղերից մեկին՝ Բենիամինի ցեղին պատկանող Գաբաա բնակավայրում ապրող մի ծերունու տանը: Գաբաայի անօրեն բնակիչները գալիս են, բռնաբարում ու սպանում հարճին: Ղևտացին հրավիրում է Իսրայելի բոլոր ցեղերի հավաք, որպեսզի նրանք դատ անեն: Հավաքվածները Բենիամինի ցեղից պահանջում են իրենց հանձնել Գաբաայի անօրեն մարդկանց՝ պատժելու համար, բայց սրանք հրաժարվում են, և պատերազմ է սկսվում Իսրայելի ցեղերի միջև՝ տասնմեկ ցեղ ընդդեմ մեկի: Դժվարությամբ հաջողվում է կոտորել Բենիամինի ցեղի տղամարդկանց, որոնցից միայն վեց հարյուր հոգի է փրկվում ու փախչում անապատ: Սրի են քաշվում նաև կանայք ու երեխաները: Դա դեռ քիչ է՝ մյուս ցեղերի տղամարդիկ երդվում են իրենց դուստրերին կնության չտալ Բենիամինի ցեղի որևէ տղամարդու: Բայց հետո ափսոսում են, որ Իսրայելից մի ցեղ վերացավ և որոշում են թույլ տալ, որ կրոնական տոներից մեկի ժամանակ Բենիամինի ցեղի տղամարդիկ առևանգեն տոնակատարությանը մասնակցող կանանց և ընտանիք կազմեն (Դատավորներ, 19-21): Այսպես Բենիամինի ցեղը «կորում է» Իսրայելի ցեղերի միջից: Կան տարբեր վարկածներ, թե հետո ինչ է լինում Բենիամինի ցեղի մնացորդներին, և այդ վարկածներից մեկն էլ այն է, որ Բենիամինի կորած ցեղի ներկայացուցիչները… քրդերն են:

Այս հանգամանքը թույլ է տալիս փոքր-ինչ այլ լույսի ներքո դիտարկել Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները: Գաղտնիք չէ, որ հրեաները մեծ քաղաքականության մեջ առաջնորդվում են իրենց կրոնական պատկերացումներով: Նրանք հավատում են, որ Հին Կտակարանում գրված մարգարեությունները դեռ նոր պետք է իրականանան, և երբ դա կատարվի, կվերականգնվի Իսրայել պետությունը՝ Սողոմոն թագավորի օրոք եղած սահմաններում, ինչը համարյա համընկնում է այսօր Մեծ Մերձավոր Արևելք կոչվող նախագծային տարածաշրջանի սահմաններին: Եւ ըստ այդ մարգարեությունների՝ Իսրայելի բոլոր տասներկու ցեղերն էլ պետք է ի մի հավաքվեն և պետականություն ունենան: Ահա այստեղից էլ բխում է Քրդստան պետություն ստեղծելու «անհրաժեշտությունը»:

Իսկ ի՞նչ է նշանակում ստեղծել քրդական պետություն. միավորել բոլոր այն տարածքները, որտեղ կոմպակտ բնակվում են քրդերը: Իսկ նրանք բնակվում են հիմնականում Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Սիրիայում և շատ ավելի քիչ թվով՝ մի քանի այլ երկրներում: Այս երկրները պետք է մասնատել, որպեսզի քրդաբնակ շրջանները կարողանան միավորվել: Երկրները մասնատվում են պատերազմների միջոցով: Իրաքում պատերազմ եղավ, երկիրը մասնատվեց, քրդերը դե ֆակտո անկախացան (ըստ Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հայտարարության՝ դե յուրե էլ խոստանում են անկախանալ այս տարվա Նովրուզի տոնին՝ մարտի 21-ին): Սիրիայում պատերազմ է, տեղի քրդերն օրերս հայտարարեցին երկրի հյուսիս-արևելքում, Թուրքիայի սահմանի մոտ Հաֆրին մայրաքաղաքով «Արևմտյան Քրդստան» ստեղծելու մասին: Իրանում պատերազմի հավանականության մասին բոլորն են խոսում, և քննարկվող վարկածի շրջանակներում Իրանի միջուկային ծրագիրն ընդամենը առիթ է, հնարավոր պատերազմի բուն նպատակը Իրանի քրդերին «ազատագրելն» է: Դե, իսկ Թուրքիայում էլ քրդերը կիսապարտիզանական պատերազմ են վարում իշխանության դեմ, բայց հեռանկարում «դատապարտված է» նաև Թուրքիան:

Այսօր նա ուրախությունից ձեռքերը շփելով դիտում է, թե ինչպես է քայքայվում Սիրիան: Եւ ոչ միայն դիտում, այլ զենքով աջակցում է սիրիացի խռովարարներին: Ըստ հանրահայտ WikiLeaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերի՝ Թուրքիան նպատակ ունի Սիրիայից բռնագրավելու 20 կմ-ոց մի տարածք: Սակայն Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծման հեռանկարը չի կարող ուրախացնել Թուրքիային, և այդ առթիվ արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Նա նաև նշել է, որ Սիրիայի քաղաքներում, այդ թվում Կամըշլըում, Ջեզիրեում և Հալեպում բնակվող քրդերը պահանջում են միավորվել Իրաքյան Քրդստանի հետ:

Ճիշտ է, կա նաև պարադոքսային տեսակետ թուրքերի և քրդերի նախապատրաստվող դաշինքի մասին: Այս տեսակետն արտահայտում է «Kurdistan.ru» կայքի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Յուրի Նաբիևը, որն ազգությամբ եզդի է: Նրա խոսքով, պանօսմանիզմի վարդապետությունը, որի ջատագովներից է նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ենթադրում է Իրաքյան և Սիրիական Քրդստանների միավորումը Թուրքական Քրդստանի հետ: Այլ կերպ ասած՝ Նաբիևը փորձում է Թուրքիային համոզել, որ քրդերին տարածք տալը համահունչ է իր շահերին: Բայց սա պարզապես ծիծաղելի է. հազիվ թե բանտերում քուրդ երեխաներին այսօր բռնաբարող, քրդերեն երգելու համար բանտարկյալ կնոջ պատժաժամկետը երկարացնող թուրքն իր վերաբերմունքը փոխի քրդերի նկատմամբ: Նաբիևը պարզապես գիտի, որ քրդերին ամենադժվարը բաց կթողնեն հենց թուրքերը, և այսօր, քանի դեռ քրդերը հարկ եղածին չափ ուժեղ չեն, չի ուզում գրգռել թուրքերին, այսպես ասած՝ դիվանագիտական խաղ է խաղում: Մինչդեռ ակնհայտ է, որ ազգայնամոլ թուրքերը երբեք հոժար չեն լինի հանուն պանօսմանիզմի իրենց պետությունը մասնատել ու մի կտոր (այն էլ ինչ կտոր) նվիրել քրդերին:

Ինչ վերաբերում է Իրանի քրդերին, ապա Նաբիևը չի էլ թաքցնում, որ նրանք էլ անկախանալուն դեմ չեն: «Իրանի քրդերի հիմնախնդիրը գոյություն ունի 1514 թվականից,- ասում է նա:-Այդ ժամանակ պատմական Քրդստանի մի մասն անցավ օսմանյան Թուրքիային, մյուսը՝ շահական Պարսկաստանին: Այդ օրից ի վեր իրանական քրդերն անվերջանալի պատերազմ են մղում՝ հանուն իրենց իրավունքների: Պետք է հիշել 1946 թվականը: Խորհրդային զորքերի՝ Իրան մտցնելուց ոգևորված քրդերը շահական Իրանում ստեղծեցին Մեհաբադի հանրապետությունը: Իրանական քրդերի պայքարն իրենց իրավունքների համար երբեք չի մարել: Որքան ես գիտեմ, Իրանի քրդական կազմակերպություններն այսօր համախմբվում են: Նրանք բացահայտ դուրս չեն գա Թեհրանի դեմ: Քրդական կազմակերպություններն Իրանում ուժ և ազդեցություն ունեն: Նրանք Իրանի դեմ բացահայտ պատերազմ չեն ցանկանում, ուզում են խաղաղ կյանքով ապրել: Բայց պետք է ասել նաև հետևյալը. Իրանի նկատմամբ զինված հարձակման դեպքում իրանական քրդերը այաթոլլաների վարչակարգը պաշտպանելու ոչ մի պատճառ չեն ունենա»:

Դե ինչ, ասված է միանգամայն անկեղծ, ինչպես և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, որը վերջերս մի մասնավոր զրույցի ընթացքում ասել է. «Հուսով եմ, եթե ամեն ինչ լավ լինի, Մերձավոր Արևելքի կեսը կդառնա իսրայելական»: Դրա համար, ըստ նրա, պետք է տիրանալ մերձավորարևելյան յոթ երկրների ռեսուրսներին: Գործն ընթացքի մե՞ջ է:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


21/03/2012