ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ
Հարցազրույց ԵՊՀ քաղաքական գիտության պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ հետ:
-Պարոն Ենգոյան, քանի որ գաղափարախոսության բնույթի, բովանդակության և անհրաժեշտության մասին տարակարծիք քննարկումները շարունակվում են մինչ օրս, ես ուզում եմ, որ Դուք մեկ անգամ ևս սահմանեք՝ ի՞նչ է գաղափարախոսությունը։
-Գաղափարախոսությունը գաղափարների համակարգ է, որի ամենաբնորոշ ու կարևոր հատկանիշը սերտ առնչությունն է հասարակության հոգեբանության հետ։ Այսինքն՝ տվյալ հասարակության գաղափարախոսությունը խարսխված է նրա աշխարհընկալմանն ու բարոյական չափանիշներին։ Այլապես, գաղափարախոսությունը կտրվում է իր բովանդակությունից և չի ընդգրկում հասարակության գիտակցության շերտերը։
-Մարդկության պատմության ո՞ր փուլում են նկատվում ազգային գաղափարախոսության առաջին սաղմերը… Ի՞նչ օբյեկտիվ դրդապատճառներ են պայմանավորում գաղափարախոսության ծնունդը։
-Ազգային գաղափարախոսության ծնունդն անմիջական կապ ունի ազգի ձևավորման հետ։ Քաղաքական գիտության մեջ առավել տարածված և ընդունված է ազգային գաղափարախոսության ծնունդը կապել ինդուստրիալ հասարակության ձևավորման հետ։ Ըստ էության, ազգի մտավոր-մշակութային զարգացման մակարդակը պայմանավորում է անկախ պետության խնդիր դնելու գիտակցությունը։ Գաղափարախոսության ծնունդը հաջորդում է տվյալ էթնիկական խմբի զարգացման այն փուլին, երբ ձևավորվում է քաղաքական փիլիսոփայությունը, երբ պատմությունը ձեռք է բերում քաղաքական մեկնաբանության երանգներ։
-Ազգային գաղափարախոսության առաջին սաղմերը ե՞րբ են երևացել հայոց կենսագրության մեջ՝ Ձեր կարծիքով։
-Գաղափարախոսության առաջին սաղմերն ակնառու են Խորենացու «Հայոց պատմության» մեջ, որտեղ առաջին անգամ քննարկվում են քաղաքական խնդիրներ… Ինչպես գիտենք, երկը գրվել է քաղաքական պատվերով, և խնդիր է դրվել փառաբանելու մեր ժողովրդի հայրենասիրությունը, հերոսությունը, խոսելու պետականությանը միտված ուղենիշներից… Սա ոչ միայն գիտական երկ է, այլև առաջին հերթին քարոզչական-քաղաքական հնչերանգ ու նպատակ ունի։
-Որո՞նք են ազգային գաղափարախոսության բնորոշիչները։
-Միանշանակ ասեմ, որ մեր երկրում ձևավորված չէ ազգային գաղափարախոսություն… Գաղափարախոսությունը կարելի է ասել, կենդանի մարմին է, որը պետք է լինի կենսունակ և գործող, ինչն առաջին հերթին պայմանավորված է հասարակության հոգեբանության հետ նրա մշտական առնչությամբ։ Ազգային գաղափարախոսության մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ այն դառնում է գերակա ուղղորդիչ տվյալ սոցիալական խմբի համար (տվյալ դեպքում՝ ազգի)։ Ազգային գաղափարախոսությունը պետք է արտացոլի տվյալ ազգի արմատական շահերը։ Այն պետք է լինի այնպիսի գաղափարների համակցում, որը կարողանա համատեղել ազգի տարբեր սոցիալական խմբերի շահերը, մեր դեպքում՝ ներառելով նաև Սփյուռքը։ Մենք չպետք է մոռանանք, որ ունենք մեծաքանակ Սփյուռք, և մեր ազգային գաղափարախոսությունը պետք է պաշտպանի նաև մեր ժողովրդի այդ ստվար հատվածի շահերը։
-Պարոն Ենգոյան, ե՞րբ են գաղափարները դառնում գաղափարախոսություն… Ես լսել եմ տարբեր կարծիքներ այս առնչությամբ… Հաճախ՝ միմյանց հակասող։ Մասնավորապես՝ խոսքը այն տեսակետի մասին է, որ Հայաստանում ազգային գաղափարախոսություն ձևավորելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր դարավոր պատմությունը, մեր անցած ճանապարհը, մեր մշակույթը ինքնաբերաբար ձևավորել են գերակա գաղափարների անբեկանելի համակարգ, և յուրաքանչյուր հայ ի ծնե ազգային գաղափարախոսության կրող է։
-Գաղափարախոսությունն ունի երկու դրսևորում՝ գրված գաղափարախոսություն և չգրված գաղափարախոսություն։ Հասարակության գիտակցության վերին շերտերում ազգային գաղափարները ձևավորվում են ինքնաբերաբար, ինքնաբուխ՝ ելնելով մարդկանց հոգեբանության առանձնահատկություններից։ Խորհրդային Միության օրինակը շատ բնորոշ է այդ առումով։ Ժողովրդի չգրված գաղափարախոսության և պետական գաղափարախոսության հակասությունը ծնեց այլախոհություն (որը ի վերջո լուրջ հարված հասցրեց գերտերության պետական (գրված) գաղափարախոսությանը)։ Բայց, այդուհանդերձ, որպեսզի գաղափարները դառնան գաղափարախոսություն պետք է համակարգվեն, հղկվեն և ձևավորեն կուռ ու հիմնավորված տեսություն։ Այս գործի իրականացնողը հիմնականում ազգի մտավորականությունն է։
-Փաստորեն, սկսած Մովսես Խորենացու ժամանակներից, հայոց ազգային գաղափարախոսությունը անցել է զարգացման, կատարելագործման որոշակի ճանապարհ և իր բովանդակությամբ արծարծել է տվյալ ժամանակահատվածի համազգային գերակա խնդիրներն ու նպատակները։
-Հայ ազգային գաղափարախոսությունը, սկսած Խորենացու ժամանակներից, ունեցել է տարբեր դրսևորումներ։ Օրինակ՝ պետականության անկումից հետո ազգային գաղափարախոսության կրողը եղել է եկեղեցին… Տարբեր ժամանակաշրջաններում, օրինակ խորհրդային ժամանակահատվածում, ազգային գաղափարները արտացոլվել են առավելապես մշակութային կյանքում, արվեստը դարձել է ազգային գաղափարախոսության գլխավոր արտահայտչամիջոցը…
-Ինչպե՞ս է իրացվում ազգային գաղափարախոսությունը։ Ո՞րն է ազգային գաղափարների համակարգված կառույց ձևավորելու նպատակը։
-Ազգային գաղափարախոսությունը միտված է ուղղորդելու ազգի ու պետության գործունեության բոլոր ոլորտները։ Ազգային գաղափարախոսությունից են բխում պետության արտաքին քաղաքականությունից մինչև անհատի վարքը կարգավորող գրված ու չգրված նորմերն ու դրույթները։ Ազգային գաղափարախոսության ակունքը ազգի հոգեբանության և համազգային շահերի գերակայության դաշտում է, բայց նույն այդ ժողովուրդը կարիք ունի ուղղորդվելու ազգային գաղափարախոսության պահանջներին համապատասխան։ Ազգային գաղափարախոսությունն ազգի կեցության փիլիսոփայությունն է։ Բավական է դիտել Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաալիքները՝ հասկանալու, որ անիմաստ է փնտրել որևէ գաղափարական ուղղորդում կամ նպատակամետ հղում։
-Ինչո՞ւ մինչ օրս Հայաստանի 20-ամյա անկախ պետությունը չի ձևավորել իր գաղափարախոսությունը` որպես ազգային-պետական գաղափարախոսություն։ Դա օրինաչա՞փ է։
-Անկեղծ ասած, 20 տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ, եթե հաշվի առնենք այն դժվարությունները, որոնց միջով անցավ իր նորանկախ պետականությունը կերտող Հայաստանը։ Այսօր, պետության և հասարակության զարգացման այս հանգրվանում արդեն իսկ հասունացել է ազգային-պետական գաղափարախոսություն ձևավորելու հասարակական և պետական պահանջ։ Սա այն պահն է, երբ ազգային գաղափարախոսության բացակայությունն արդեն ակնհայտորեն խոչընդոտում է հասարակության առաջընթացն ու բացասաբար է ազդում երկրի զարգացման երաշխիքների վրա։
-Որո՞նք են հայոց ազգային գաղափարախոսության հենքային գաղափարները…
-Առաջինը, ըստ իս, միասնական հայրենիքի, մեծ Հայաստանի գաղափարն է։
-Դուք Արևմտյան Հայաստա՞նը նկատի ունեք՝ մեծ Հայաստան ասելով։
-Այո՛։ Այդ գաղափարի իրագործումը մեր օրախնդիր ծրագրերում դժվար է ընդգրկել, բայց դա Հայաստանն ու Սփյուռքը մեկտեղելու ամենակարևոր կռվանն է։ Տեր լինել սփյուռքահայության ցավին, հայրենիքին, պահանջատիրությանը… Հաջորդը յուրաքանչյուր հայի բարեկեցության գաղափարն է՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։ Հայի բարեկեցությունը Հայաստանի հզորության ու պաշտպանվածության ամենակարևոր երաշխիքներից մեկն է։ Այսինքն՝ յուրաքանչյուր հայի համար մեկ ուրիշ հայի բարեկեցությունը պիտի դիտվի որպես համընդհանուր շահի բաղադրիչ։ Սա իր հետ կբերի փոխօգնության շատ կարևոր գաղափարի ձևավորման նախադրյալ։ Հրեան աշխարհի որ անկյունում էլ հայտնվի, գիտի, որ ինքը մենակ չէ, որովհետև կգտնի մեկ ուրիշ հրեայի, ու նրանք կդառնան համայնք, ուժ, կօգնեն իրար։ Էլ չեմ խոսում հրեական սփյուռքի մասին, որը հուսալի հենասյուն է յուրաքանչյուր հրեայի համար։ Եթե կուզեք, այս գաղափարի արմատավորումը ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը պիտի լինի։ Միասնականության բոլոր հորդորները, կոչերը անպտուղ են` առանց այս խիստ պրագմատիկ ու իրատեսական գաղափարի՝ կապը երկու հայի միջև, մեկի բարեկեցությունը մյուսի շահով պայմանավորելու և մեկի հոգսը մյուսինը դարձնելու հոգեբանությունը։
Հաջորդը պայմանականորեն կարելի է ձևակերպել այսպես՝ ազգի բարոյական ուժի գաղափար, կամ բարոյապես ուժեղ ազգի գաղափար։ Այս առումով շատ կենսունակ ու պրագմատիկ են Նժդեհի գաղափարները։ Մեր պատմությունը և այսօրվա ներուժը համաշխարհային ընդգրկումով հզոր ազգ դառնալու և լուրջ գործոն լինելու նախադրյալներ են։ Շատ կարևոր է պատմական ազգ լինելու իրողությունը և անցյալի բարոյական ժառանգությունը, որը, անշուշտ, պետք է լինի ամուր հենարան` կառուցելու ազգի բարոյական չափանիշները և առաջնահերթությունները։ Խոսենք ազգի նկարագրի մի բաղադրիչի մասին՝ ասենք քաջության, ու կտեսնենք, թե ինչ խոր արմատներ ունի այն, և որքան ակնառու է դրսևորվել ազգի պատմական ամենատարբեր ժամանակահատվածներում՝ Ավարայր – Հայրենական Մեծ պատերազմ – Շուշի, այսինքն՝ քաջությունն ու ռազմական տաղանդը պատմականորեն դրսևորված ազգային հատկանիշ է հայերի ազգային նկարագրի մեջ։ Ու նման «միֆերը», որոնք հիմք են հանդիսանում ցանկացած գաղափարախոսության համար, եզակի չեն, սրանով մենք շահեկանորեն տարբերվում ենք շատ ազգերից։
Հաջորդը ազգին ծառայելու գաղափարն է։ Սա իր կարևորությամբ առաջիններից մեկն է, եթե ոչ առաջատարը։ Սա թերևս ազգային գաղափարախոսության հենասյուներից մեկն է, որը ցավոք ակնառու չէ այսօր ազգի հոգեբանության մեջ։ Աշխատանքը անձնական բարեկեցության գործոնից զատ պետք է ունենա նաև ազգին ծառայելու ենթատեքստ։ Դա վերաբերում է հասարակության բոլոր շերտերին` ներքևից վերև:
Սոցիալական արդարության գաղափարը նույնպես պետք է իր կարևոր տեղն ունենա ազգային գաղափարախոսության մեջ։ Այս գաղափարը սերտորեն խարսխվում է ժողովրդավարական արժեքներին։ Քաղաքացին պիտի զգա, որ ինքը մասնակից է քաղաքական որոշումների ընդունմանը։
Պիտի խոսեմ նաև համաշխարհային գործընթացներում Հայաստանի ներգրավվածության մասին։ Մեր ինքնամեկուսացումը ազգի պատմության որոշակի փուլերում ազգապահպանության խնդիր է լուծելու և արդարացրել է իրեն, այսօր այն կարող է ունենալ տրամագծորեն հակառակ ազդեցությունը և դառնալ խոչընդոտ ազգի զարգացման ճանապարհին։ Այսօր մենք ունենք անկախ պետականություն և կարող ենք համարձակորեն ինտեգրվել աշխարհին։
Վերջում ցանկանում եմ կրկին շեշտել, որ գաղափարախոսական համակարգի և հասարակության հոգեբանության միջև բովանդակային ամուր կապը կենսունակ է պահում ազգային գաղափարախոսությունը, ինչն էլ իր հերթին լուրջ նախադրյալ է վերացնելու ժողովրդի «հոգեբանությունից լծի տակ լինելու» ախտանիշը՝ իր բոլոր բացասական դրսևորումներով։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր