ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ
Մարտի 7-ին Կանանց տոնին նվիրված մեծարման ցերեկույթին պաշտպանության նախարարությունն իր հարկի տակ էր հավաքել զինծառայող կանանց, ազատամարտիկներին, ազգային բանակի զինվորների մայրերին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կանանց, մայրերին ու դուստրերին, հասարակական կազմակերպությունների կին անդամներին, ուսուցչուհիների, լրագրողների… Նախասրահում օրվա հերոսուհիներին դիմավորեց Կոմիտասի անվան լարային քառյակի հոգեպարար մեղեդին։ Նրանք բոլորը մեկական վարդ նվեր ստանալով մտան դահլիճ։ Հավաքվածները առաջինը շնորհավորանք ստացան կին զինծառայողների անունից։ Նրանք, ովքեր բանակաշինության առաջին օրերից զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը, քաջ գիտեն, թե ինչ տքնանքների ու զոհողությունների գնով կազմավորվեց ազգային բանակը, և որքան դժվար ու հոգսաշատ էր նրա վերելքի ճանապարհը։
Կին ազատամարտիկների անունից խոսեց Արցախյան պատերազմի մասնակից Սուսաննա Գալստյանը։ Նա հիշեց պատերազմի դժնդակ տարիները, երբ կանայք հող ազատագրող զինվորի կողքին էին, երբ կանայք ռազմիկ էին ու բուժքույր, զինվոր էին ու հայրենյաց սահմանների պաշտպան։ Կին ազատամարտիկը հավաստիացրեց, որ Արցախյան պատերազմին իրենց կյանքն ու առողջությունը տված կանանց բոլոր զոհողությունները փոխհատուցված են այսօրվա խաղաղ Հայաստանով ու հզոր բանակով։
Շատ սրտառուչ էր բանակում երեք զինվոր որդի ունեցող մոր խոսքը. «Հայրենիքին զինվոր տված մոր հպարտությունը սահման չունի։ Հայրենիքը պաշտպանելը մեր որդիների պարտքն է։ Մեր խնդրանքը մեկն է՝ դուք էլ մեր որդիներին պաշտպանեք, որ նրանք փառքով տուն վերադառնան»։
Ներկաներին շնորհավորեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ դարեր շարունակ հայ կինը վառ է պահել հայրենասիրության օջախը։ Դարձել է իր տան հիմնասյունը և քաջարի զինվորներ է տվել հայրենիքին։ Արցախյան պատերազմի ժամանակ բազմաթիվ կանայք հազարավոր ազատամարտիկների կյանքեր են խլել մահվան ճիրաններից և դարձել կենդանի վահան մեր հողը մտած թշնամու առաջ։ Այսօր էլ նրանք իրենց անփոխարինելի դերակատարումն ունեն երկրի պաշտպանության ու հայրենաշինության գործում։ Նախարարը հայ կնոջը մաղթեց արևշատություն, աննկուն կամք և անձնական երջանկություն, քանի որ մեր ժողովրդի ապագան հայ մոր ձեռքերում է՝ նրա, ով դաստիարակելու է վաղվա զինվորին, գեներալին, նախարարին ու նախագահին։
Սեյրան Օհանյանն անձամբ շնորհավորեց և ծաղկեփնջեր հանձնեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին, ազգային հերոսների մայրերին, կանանց, դուստրերին, բանակում երեք որդի ունեցող զինվորների մայրերին և բոլոր նրանց, ում համար տոնը նշանավորվեց գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։
Միջոցառումը եզրափակվեց հայ էստրադայի երգիչների համերգով։ Վերջում բոլորը հրավիրվեցին տոնական հյուրասիրության։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ