ՀԱՃՈՅԱԽՈՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Խոսող կնոջը կարելի է ընդհատել միայն հաճոյախոսությամբ:
Մեծ է խոսքի ազդեցությունը։ Ճիշտ պահին ասված արտահայտությունը շատ բան կարող է փոխել` անձնական կյանքը, կարիերան, մեր վերաբերմունքն այս կամ այն իրավիճակի հանդեպ։ Առավել մեծ է հաճոյախոսության ուժը, եթե այն հասցեագրված է գեղեցիկ սեռի ներկայացուցչին։ Ժամանակին և ճիշտ հաճոյախոսություն անելը մեծ հմտություն է: Թվում է՝ ավելի հեշտ բան չկա, քան ասել. «Դու գեղեցիկ տեսք ունես այսօր» կամ «Լավ էլ գլուխ հանեցիր այդ բարդ աշխատանքից»։ Բայց պարզվում է՝ շատերը հայտնվում են պարզապես անելանելի վիճակում, երբ գալիս է հաճոյախոսություն անելու պահը։ Դա մի ողջ արվեստ է, որի օգնությամբ կարելի է բարձրացնել դիմացինի տրամադրությունը, քաջալերել նրան կամ ընկերանալ հետը, մի հզոր «զենք», որի կիրառումն անհրաժեշտ է իմանալ։ Պատմությունից հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կանանց հաճոյախոսություններ անելու «արվեստը» հաճախ որոշել է ոչ միայն մի քանի հոգու, այլև ամբողջ երկրի ճակատագիրը։
Գեղեցիկ խոսքերը միայն դրական հույզեր են արթնացնում։ Դրանք առավել հաճույքով են լսում կանայք ու աղջիկները, առավել ևս` նրբակիրթ տղամարդուց։ Սիրած աղջկան հաճոյախոսություն անելու համար պարտադիր չէ սրամիտ լինել, բավական է միայն շեշտել ոչ թե նրա ակնհայտ, այլ «թաքնված» առավելությունները։
«Եթե հաճոյախոսությունը ճշմարիտ է, դա արդեն հաճոյախոսություն չէ, այլ պարզապես տեղեկություն»:
Ամբրոզ Բիրս
Եթե դուք գեղեցկուհուն ասում եք, որ նա գեղեցիկ աղջիկ է, ապա հայտնվում եք այն «ինքնատիպ» տղամարդկանց խմբում, ովքեր դա արդեն նկատել են։ Հարկավոր է տեսնել ա՛յն առանձնահատկությունը, որը նա աշխատում է ընդգծել և ցուցադրել։ Օրինակ, աքսեսուարների գեղեցիկ համադրությունը, քայլվածքը… Փորձեք առանձնացնել, ընդգծել այն, ինչով նա հպարտանում է։
«Հաճոյախոսությունը քողի միջով արված համբույրի է նման»։
Վիկտոր Հյուգո
Գոյություն ունի «քողարկված հաճոյախոսություն» հասկացությունը, որն այնքան էլ բացահայտ չէ, բայց հաճելի է լսել։ Օրինակ. «Եթե ես էլ կարողանայի նվագել այնքա՜ն գեղեցիկ, որքան դու…»։ Ծանոթության սկզբնական փուլում նման հաճոյախոսությունները շատ կօգնեն:
«Խելացի կնոջ համար հաճոյախոսությունը տղամարդու գնահատականն է, իսկ անխելքի համար՝ ինքնագնահատականը»։
Ալեքսանդր Կումոր
Հաճոյախոսությունն արեք աղջկա աչքերին նայելով: Եթե նույնիսկ ամաչում եք, փորձեք հաղթահարել ձեզ։ Հակառակ դեպքում նա ուղղակի չի հավատա ձեր խոսքերի անկեղծությանը։ Մի՛ արեք երկիմաստ հաճոյախոսություններ (օրինակ. «Դու այսօր շատ գեղեցիկ ես». իսկ ի՞նչ է, երեկ նա տգե՞ղ էր)։ Հաճոյախոսելիս մի՛ կմկմացեք և մի՛ փորձեք հայացքը նրանից չկտրելով՝ բառեր փնտրել։ Նման հաճոյախոսությունը ոչ մի տպավորություն չի թողնի։ Եղեք ավելի վստահ ու ինքնատիպ։
«Հաճոյախոսությամբ կնոջը երբեք չես «զինաթափի», տղամարդուն՝ միշտ»։
Օսկար Ուայլդ
Աղջկա արտաքին տեսքը հաճոյախոսություն անելու ամենաինքնատիպ թեման չէ, և հարկավոր չէ անվերջ խոսել այդ մասին։ Հաճոյախոսություն կարելի է (և պետք է) անել խելքի, հնարամտության, տաղանդի, պահվածքի, համոզմունքների և ընդհանրապես այն ամենի մասին, ինչը նրա կյանքում կարևոր նշանակություն ունի՝ հագուստից մինչև մասնագիտություն։ Հիշեք, որ հաճոյախոսության միջոցով աղջկա մեջ դրական կարծիք է ձևավորվում ձեր մասին։
«Փողի և հաճոյախոսության ավելցուկ չի լինում»։
Սիլվիա Չիզ
Բոլոր աղջիկներն էլ սիրում են հաճոյախոսություններ լսել։ Հաճոյախոսելու արվեստին տիրապետելը փոքրիկ առավելություն է ամեն մի տղամարդու համար։ Չէ՞ որ դրանց օգնությամբ կարող եք ընդգծել Ձեր հատուկ վերաբերմունքը Նրա նկատմամբ։ Գլխավորն այն է, որ դրանք լինեն բարի, անկեղծ ու տեղին։ Մի՛ վախեցեք «չափն անցնել». «ճիշտ» հաճոյախոսությունները շատ չեն լինում։ Եվ անկախ այն բանից, դուք հենց նոր եք ծանոթացել, թե վաղուց արդեն միասին եք, գեղեցիկ ու նուրբ խոսքերը երբեք ավելորդ չեն լինում։
Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Բանակ և հասարակություն