ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲԱՆԱԿՈՒՄ
«Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունները մարմնի համար»:
ԺՈԶԵՖ ԱԴԻՍՈՆ
Մարդու ինքնազարգացման ամենաարդյունավետ միջոցը ընթերցանությունն է: Գրականագետների հավաստմամբ` վերջերս ընթերցանությունը որոշ չափով կորցրել է իր դերն ու նշանակությունը, ինչը մեծապես պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացմամբ: Այնուամենայնիվ, հայ ընթերցասերները գիրք կարդալու ժամանակ են գտնում նույնիսկ բանակում, որտեղ նրանք ապրում են խիստ կարգուկանոնի ներքո:
Թե որքանով են մեր զինվորները հետաքրքրվում հայ և համաշխարհային գրողների գրքերով և որքանով են ծանոթ դրանց` փորձեցինք պարզել ՀՀ ԶՈՒ բանակային զորամիավորման զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Կ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻՑ:
-Պարոն Ավանեսյան, ե՞րբ կարող են զինվորներն օգտվել ԶՈՒ գրադարաններից:
– Ընթերցել ցանկացողները ամեն աշխատանքային օր, ժամը 19-ից հետո և շաբաթ-կիրակի օրերին կարող են գրադարանից վերցնել ներկայացվող ցանկից իրենց նախընտրած գիրքը:
-Հիմնականում ո՞ր զինվորներն են զբաղվում ընթերցանությամբ:
-Տարիների փորձը ցույց է տվել, որ զորամասի գրադարաններից հիմնականում օգտվում են բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն ունեցողները, որոնք աչքի են ընկնում իրենց ինտելեկտով: Նրանք նաև մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ռազմական գիտելիքի նկատմամբ և հեշտությամբ յուրացնում:
-Իսկ ի՞նչ միջոցներով է բանակում խրախուսվում ընթերցանությունը:
-Բանակն այն միջավայրն է, որտեղ կարելի է և՛ գիտելիք ձեռք բերել, և՛ ունեցած գիտելիքներն արդյունավետորեն կիրառել: Յուրաքանչյուր զորամասում մտավոր բարձր կարողությունների տեր տղաներին ներգրավում ենք զինվորների շրջանում գիտելիքների զարգացմանը նպատակաուղղված գործունեության մեջ: Մասնավորապես՝ մեր զորամասում գրեթե յուրաքանչյուր շաբաթ-կիրակի կազմակերպում ենք ինտելեկտուալ խաղեր` «Վիկտորինաներ», որոնց ժամանակ հաղթող ճանաչվողներին տրվում են խրախուսական պարգևներ, շնորհակալագրեր, պատվոգրեր, արձակման թերթիկներ և այլն: Շատ բարձր գիտելիքներով աչքի ընկած զինվորների ծնողներին կամ ուսուցիչներին ուղարկում ենք շնորհակալական նամակներ: Սա խրախուսման բավականին արդյունավետ միջոց է և զինվորներին մղում է ինքնազարգացման:
-Բանակում ի՞նչ գրականություն է առաջարկվում զինվորին:
-ԶՈՒ գրադարաններում ներկայացվող գրքերի քանակը կախված է տվյալ զորամասի մասշտաբից: Մեր զորամասում այժմ կա և՛ մասնագիտական, և՛ գեղարվեստական` հայերեն և ռուսերեն:
-Տարածված կարծիքի համաձայն` այսօր երիտասարդները գիրք չեն կարդում:
– Իհարկե՝ ո՛չ: Ուսումնատենչ մարդու համար ընթերցանությունը միշտ էլ հաճելի զբաղմունք է: Եթե այսօր հետաքրքիր ժամանցի բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք ընձեռում են բարձր տեխնոլոգիաները, դա ամենևին էլ չի նշանակում, որ ընթերցանությունը երկրորդ պլան պետք է մղվի: Հաճախ ընթերցանության միջոցով են մարդիկ ձեռք բերում կյանքի փորձ` ամեն մի գրքից մի նոր, օգտակար բան վերցնելով: Պետք է ընդամենը կարողանալ արդյունավետ օգտագործել ժամանակը:
ՆԱՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս