Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ



Թեպետ կիրակին հանգստյան օր է, սակայն զորամասում այն բավականին հագեցած է տարաբնույթ միջոցառումներով, որոնք պլանավորում են զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը և ֆիզպատրաստության պետը, համատեղ ուժերով իրագործում են զինվորներն ու ստորաբաժանումների ղեկավարները:

Զորամասում կիրակին սկսվում է անձնակազմի հետ հայրենասիրական թեմաներով զրույցներով, որի ընթացքում անցյալի պատմական դեպքերին զուգահեռ նաև ներկայացվում է հերոսական դրվագներով լի մերօրյա պատմությունը: Զրույցի թեմաները բավականին մանրակրկիտ են ընտրվում, որպեսզի լինեն և՛ մատչելի, և՛ հետաքրքիր մեծ լսարանի համար:

Այնուհետև սկսվում է կիրակնօրյա տողանը` իր բոլոր բաղկացուցիչ մասերով` զորաշար, անձնակազմին հրամանների և կարգադրությունների ծանոթացում, ռազմամարզական և այլ միջոցառումների կազմակերպում: Տողանի գլխավոր արարողությունը զորաշարի ընթացքում ՀՀ և ԼՂՀ պետական օրհներգերի, ինչպես նաև զորամասի երգի կատարումն է: Անձնակազմը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր այս պարտականությանը, իսկ ընթացքում ի հայտ եկած թերությունները շտկում են հրամանատարները:

Կիրակնօրյա միջոցառումների անբաժան մաս են կազմում ռազմամարզական և ինտելեկտուալ միջոցառումները: Նախօրոք թիմերի բաժանված ստորաբաժանումները մրցում են տարբեր մարզաձևերից` պարանի ձգում, վազք, սեղանի թենիս, շախմատ և շաշկի, ձգումներ պտտաձողի վրա, ծանրաքարերի բարձրացում, ձեռքի ուժ, թիմերի կազմով տարբեր էստաֆետային խաղեր: Իսկ այն անձնակազմը, որը չի մասնակցում մրցումներին, փորձում է ամեն կերպ ոգևորել իր ծառայակիցներին:

Վերջերս զորամասի հրամանատարի անմիջական նախաձեռնությամբ զորամասում կառուցվել է նաև ֆուտբոլի դաշտ, և այժմ սպորտային միջոցառման ընթացքում տեղի են ունենում նաև ֆուտբոլային հանդիպումներ զորամասի տարբեր ստորաբաժանումների միջև: Սպորտային միջոցառումների ավարտին ի մի են բերվում բոլոր սպորտաձևերի արդյունքները, և հաղթողները արժանանում են պարգևների` ազատ արձակման թերթիկ, պատվոգիր կամ մեկ այլ խրախուսական մրցանակ: Առավոտյան տողանն ավարտվում է հանդիսավոր երթով, և ստորաբաժանումները շարահրապարակից նվագախմբի շարերգերի ներքո հեռանում են:

Առջևում ևս մեկ կարևոր միջոցառում է, բայց արդեն ոչ թե զորամասի, այլ ստորաբաժանման կազմով` ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի «Զինուժ» ծրագրի դիտումը: Այն հիմնականում ներկայացնում է հայ զինվորի ու սպայի առօրյան, պատմում մեր հերոսների մասին, դրվագներ ռազմարվեստի պատմությունից: Հաղորդման դիտումից հետո զինվորների միջև տեղի է ունենում բուռն քննարկում:

Մեծ է ոգևորությունը նաև զորամասի ինքնագործ ստեղծագործական խմբի կազմակերպած համերգային ծրագրի ներկայացման ժամանակ: Հնչում են ինչպես հայկական ժողովրդական-ազգագրական, այնպես էլ ժամանակակից երգեր: Հարմար առիթ, երբ շնորհալի զինծառայողները, որոնք լավ երգում են կամ պարում, կարող են դրսևորել իրենց ունակությունները:

Իսկ մեկ այլ տեղ մրցության մեջ են մտնում գիտակ-ինտելեկտուալները: Նախապես կազմվում է հարցաշար, որն ընդգրկում է ամենատարբեր թեմաներ` սկսած հայ ժողովրդի պատմությունից մինչև համաշխարհային պատմություն, բազմաթիվ տրամաբանական հարցեր, ռազմարվեստի պատմություն, և յուրաքանչյուր հարցի համար նախօրոք որոշված է միավոր` ըստ հարցի բարդության աստիճանի: Հաղթող է ճանաչվում այն թիմը, որը կկարողանա հստակ պատասխանել բոլոր առաջադրված հարցերին և վաստակել առավելագույն միավորներ:

Այս բոլոր միջոցառումների ավարտին զինվորներին հնարավորություն է տրվում հանգստանալու: Տարբեր տեխնիկական միջոցներով իրականացվում են ֆիլմերի, հայրենասիրական երգերի և այլ ուսուցողական հաղորդաշարերի դիտում և ունկնդրում:

Հագեցած կիրակին ավարտվում է կիրակնօրյա «Հայլուր» լրատվական ծրագրի դիտմամբ, որից հետո անձնակազմին տրվում է ժամանակ` նամակ գրելու, անձնական կարիքները հոգալու համար: Ահա այսպես հագեցած է անցնում զորամասում կիրակի օրը:

ԱՐԹՈՒՐ ԻԽՏԻԱՐՅԱՆ
ջոկի հրամանատար
Լուսանկարները` ԱՇՈՏ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Ազգային բանակ


28/03/2012