Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՄԲԱՍԱՆՔԸ ՄԵՂՔ Է



Ա. Այո՛, բամբասողն ամենքի մեջ անարգ է, բայց նրանից ոչ պակաս անարգ ու արհամարհելի է և բամբասանք լսողը։ Ուրեմն՝ որքա՜ն անարգ ու վատթար է նա, ով գործը թողած՝ տարբեր տեղեր է շրջում, ուր հաճախ բնակվում են դատարկապորտ, քսու ու լկտի անզգամներ՝ նրանցից լսելու որևէ մեկի մասին բամբասանք։

Ականջն ու բերանն Աստծուց տրվեցին որպես առաքինությունների գործիքներ, բայց այսպիսիք դարձնում են դրանք չարիքների ծառաներ։ Ի՞նչն է սրանից ավելի չար, երբ մեկը չի հագենում սուտ խոսելուց ու բամբասելուց, իսկ մյուսը չի ասում՝ հերի՛ք է ականջ դնեմ։

Բ. Մարդիկ երբեմն բամբասանքի արատի մեջ իրենց անմեղ ցույց տալու համար ասում են. «Ճշմարտությունն ասացինք», ինչպես որ մեղք չէ, երբ մեկն իր լսածն ուրիշներին է պատմում։

Արդարև, կա բան, որը լսողն ու ասողը չեն մեղանչում, բայց ասելիքն ու լսելիքը ճիշտ ընտրել ամենքը չէ, որ կարող են։ Ուրեմն՝ ավելի լավ է չասել ու չլսել այն բաները, որոնց վնասն ու օգուտը չես կարող լավ ճանաչել, որպեսզի չլինի թե վնասակարն անվնաս համարելով՝ անզգույշ լեզվով խոսես՝ նպաստելով լսողների կործանմանը։

Գ. Եթե չես կամենում բամբասանքի մեղքի մեջ գլորվել, ուրիշների խոսքերին դյուրահավան մի՛ լինիր, երբ մեկին վատահամբավում են։ Այլ մտքով կշռիր, թե ո՛վ և ինչպիսի՛ մեկն է, որ պատմում է քեզ ուրիշների մասին. արդյոք առաքինի՞ է, թե՞ մոլի, խոհե՞մ է. թե՞ պարզամիտ, ստախո՞ս է, թե՞ ճշմարտախոս, դատարկաշրջի՞կ է, թե՞ գործունյա, թշնամի՞ է նրան, ումից խոսում է, թե՞ բարեկամ, շահախնդի՞ր է, թե՞ արդարամիտ, և այսպես բարվոք քննելով՝ կարող ես ճշմարիտը ստից տարբերել։

Քանզի մոլին բամբասում է, որպեսզի ինքը բարի երևա, պարզամիտը բամբասում է, որովհետև խելացի չէ, ստախոսը բամբասում է, որովհետև դա է իր սեփական պաշտոնը, դատարկակյացը բամբասում է, որպեսզի ժամավաճառ լինի, թշնամին բամբասում է, որպեսզի վրեժ առնի։ Շահախնդիրը բամբասում է, որպեսզի ինչ-որ բան շահի:

Իսկ դու, եթե չես ախտացել այդ մոլությամբ, այդպիսիներից հեռու մնա, որպեսզի ականջներդ չապականվեն, սիրտդ չգայթակղվի, և հանիրավի դատելովդ՝ դու ևս չդատվես Աստծուց ու մարդկանցից։

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Հոգևոր-մշակութային


28/03/2012