ՎԵՐՔԻՆ ՍՊԵՂԱՆԻ
Եղբայրս՝ Երվանդ Կարապետյանը, ում բոլորը ճանաչում են Ճուտո մականունով, զոհվեց 20 տարեկան հասակում, Շուշիի գրավման օրը։ Ազատագրական պայքարի առաջին օրերից, երբ եղբորս 16-ը նոր էր լրացել, նա տարբեր ջոկատների հետ լինում էր սահմանային հատվածներում։ Երբ տարիքի պատճառով որևէ ջոկատ չէին ընդունում, նա գնում էր մեկ այլ ջոկատ։ Այսպես, բոլորը նրան ճանաչում էին։ Զենքի համար շատ էր դիմել Վազգեն Սարգսյանին և վերջապես ստացել էր զենքը, որի համար շատ էր հպարտանում։
Եղբորս զոհվելուց հետո աննկարագրելի ծանր էր մեր ընտանիքի վիճակը։ Ես, եղբայրս, ծնողներս չէինք հաշտվում կատարվածի հետ, չէինք հավատում, համակերպվում Երվանդի կորստի հետ։ Այդ ամենին էլ եթե ավելացնենք, որ մեզանից ոչ մեկը աշխատանք չուներ, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակի մեջ էինք։ Այսպես լուռ, անխոս տապակվում էինք մեր ցավի մեջ, իսկ աշխարհն անտարբեր էր…
Եղբորս զոհվելու 4-րդ տարելիցին սրտի խոսք էի գրել ու տարել «Հայ զինվորի» խմբագրություն։ Թերթի լույս տեսնելու հաջորդ օրը անցնում էի հրապարակի, Սպայի տան մոտով։ Փողոցն այժմ կրում է Վ. Սարգսյանի անունը։ Մտախոհ քայլում էի, երբ մի մեքենա կանգնեց, ու մեքենայից դուրս եկավ Վ. Սարգսյանը։ Իրեն հատուկ քայլվածքով մոտեցավ ինձ, բարևեց ու ասաց.
-Ապրե՛ս, Մարգարիտա ջան, ինչ լավ էիր գրել Ճուտոյի մասին։ Ափսոս, հազար ափսոս, էդպիսի տղաները մեր ազգի սերուցքն են. ի՜նչ նվիրյալ տղա էր, երազող, ի՜նչ հերոս տղա էր։ Ափսոս, Ճուտոն…
Խոսում էր անընդհատ, ու երբ փորձում էի մի բան ասել՝ նորից շարունակում էր։
-Ապրե՛ս, Մարգարիտ ջան, էդ ինչ լավ խոսք էիր գրել, երբ կարդացի, հուզվեցի, ի՜նչ լավ էր՝ հանդիպեցինք։ Դե, ասա, ի՞նչ եք անում, ո՞նց եք ապրում. եղբայրդ, ծնողներդ առո՞ղջ են։
Այսպես ասում էր, խոսում ու ինձ խոսք չէր տալիս։ Բաժանումին ասաց.
-Վաղը քեզ սպասում եմ նախարարությունում։ Անպայման կգաս. մանրամասն կզրուցենք,- ասաց ու շտապ նստեց մեքենան։
Ես անակնկալ այդ հանդիպումից հուզված՝ քարացել-մնացել էի։ Հաջորդ օրը նախարարությունում հանդիպեցինք, պատմեցի ընտանեկան մեր վիճակի մասին։ Վ. Սարգսյանը լուռ, տխուր լսում էր։ Հետո ինձ մխիթարանքի խոսքեր ասաց, նաև ասաց, որ այդ խոսքերը փոխանցեմ ծնողներիս. «Ամեն ինչ լավ կլինի, կփոխվեն ժամանակները, և մենք մեր հերոսներին կգնահատենք,- ասաց,- դու հիմա հանգիստ տուն գնա ու մի քանի օրից սպասիր լավ լուրերի»։
Հետո մենք աշխատանք ունեցանք։ Եղբորս՝ Երվանդի (Ճուտո) մասին փաստագրական ֆիլմ նկարահանվեց։ Մի տեսակ փոխվեց մեր տան մթնոլորտը։ Ճիշտ է, վիշտը մնում է վիշտ, սակայն, երբ մարդ զգում է մի փոքր վերաբերմունք, հոգում ինչ-որ բան է փոխվում, մխիթարվում է։
Այսպես եղավ իմ հանդիպումը Վ. Սարգսյանի հետ, որը փոխեց մեր կյանքը, հանեց մեզ մոռացության գրկից ու սպեղանի դրեց մեր վերքին,- եզրափակեց Երվանդի՝ Ճուտոյի քույրը՝ Մարգարիտա Կարապետյանը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր