ՎՏԱՆԳԻ ՀԱԿԱԿՇԻՌԸ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման զինվորական գործունեության հոգեբանությունն է:
– Պարո՛ն Մարգարյան, ինչպե՞ս է բնութագրվում ուսուցումը` որպես զինվորական գործունեության տեսակ:
– Ուսուցումը բարդ անհատական և խմբային գործունեության տեսակ է, որն ուղղված է գիտելիքների, հմտությունների, կարողությունների, ինչպես նաև այնպիսի հատկությունների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են մշտական մարտական պատրաստության պահպանման և մարտական գործողությունների վարման համար: ՈՒսուցման կարևոր խնդիրն է ձևավորել զինծառայողի և զինվորական կոլեկտիվի մարտական վարպետությունը: ՈՒսումնական գործունեությունը կազմակերպվում է մարտական իրադրությանն առավելագույնս նմանեցված պայմաններում և բնութագրվում է ճանաչողական մեծ ակտիվությամբ:
– Բնութագրվո՞ւմ է, թե՞ ցանկալի է, որ բնութագրվի:
– Բնութագրվում է: Առանց ճանաչողական ակտիվության դրսևորման ուսուցման արդյունավետության մասին պարզապես խոսք լինել չի կարող:
-Իսկ որո՞նք են ճանաչողական ակտիվության նախադրյալները:
– Համապատասխան շարժառիթները` զինվորական պարտքի գիտակցումը, ռազմական գիտելիքների նկատմամբ հետաքրքրությունը և այլն:
– Փաստորեն, հիմքում դարձյալ զինվորական պարտքի գիտակցումն է, այսինքն, ի վերջո, մարդու ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
– Իհարկե:
– Ի՞նչ կասեք մարտական գործունեության մասին:
-Դա այնպիսի զինվորական գործունեության տեսակ է, որն իրականացվում է մարտի, պատերազմի պայմաններում: Բնութագրվում է` սոցիալ-քաղաքական կարևորությամբ, սպառազինության և ռազմական տեխնիկայի գործնական կիրառմամբ, հակառակորդի ոչնչացմամբ, էքստրեմալ պայմաններով (վտանգ, գործողությունների հանկարծակիություն և այլն) և անձնակազմի բոլոր ուժերի չափազանց բարձր լարվածությամբ:
– Հոգեբանական առումով սրանցից ո՞րն է ամենակարևորը, որոշիչը:
– Թերևս, վտանգը: Բանն այն է, որ մարտական գործունեության մեջ հոգեբանական առումով առանձնացնում են «առաջնետում» (ոՐՏրՏՍ), «մարտ» գործողությունները: Առաջնետումը մի գործողություն է, որն ունի բացառապես դժվար սկիզբ` կապված ռիսկի դիմելու վճռի կայացման հետ: Երբեմն այդ կարճաժամկետ, անգամ ակնթարթային գործողության կատարումը զինծառայողից պահանջում է մեծ, շատ դեպքերում` սահմանային, կամային ճիգեր, ներքին դիմադրության հաղթահարում (վախի զգացում, անորոշություն, անվստահություն սկսած գործի դրական ավարտի նկատմամբ և այլն): Գրոհի նետվելը, պարաշյուտով թռիչքը, սառը ջրի մեջ սուզվելը, հրդեհված շենք մտնելը գործողություններ են, որոնց կատարումն սկսվում է հոգեբանական (ներքին) արգելքի հաղթահարմամբ: Ակնհայտ է, որ, օրինակ, պառկած վիճակից դժվար չէ ոտքի կանգնելը կամ օդանավից պարաշյուտով թռիչք կատարելու համար մեկ քայլ առաջ գալը և այլն, եթե վտանգ չի սպառնում: Իսկ եթե հակառակորդը, հրազենից անընդմեջ կրակ արձակելով, թույլ չի տալիս գլուխդ բարձրացնել գետնից, ապա հասկանալի է, թե ինչպիսի արիություն մարդ պետք է ունենա այս պարագայում կոնկրետ գործողություններ կատարելու համար: Զինծառայողի նախապատրաստումը, մարտական բնավորության ձևավորումը անպայմանորեն ենթադրում են վճռականության, առաջնետման ունակության ձեռքբերում:
– Ու նաև` պայքարի:
-Պայքարը մարտական գործունեության տիպիկ ձև է: Դա պայքար է` մարդը մարդու դեմ (հակառակորդի դեմ), վնաս հասցնելու առանձնահատուկ (բացասական) փոխներգործություն, որի նպատակը հակառակորդի կենդանի ուժի լրիվ ոչնչացումն է: Հաղթանակի կարելի է հասնել, եթե այդ հաղթանակի համար կա ամեն անհրաժեշտը, այդ թվում` իր կյանքը զոհաբերելու վճռականություն: Զինված հակամարտությունում հաջողությունը կախված է նաև կամքից, ուժերը առավելագույնս լարելու ընդունակությունից, հակառակորդի մտադրությունները բացահայտելու և սեփական ծրագրերը քողարկելու, թաքցնելու ընդունակությունից:
– Դուք թվարկում եք որակներ, որոնք ձեռք բերելը շատ դժվար է…
– Հենց դրա համար էլ ասում են, որ բանակում են կայանում որպես տղամարդ: Մի մոռացեք, որ յուրաքանչյուր զինծառայողի նպատակը, ի վերջո, մարտին պատրաստ լինելն է: Իսկ մարտի կարևոր գիծ է համարվում այն, որ դրան մասնակցող կամ պատրաստվող ստորաբաժանումների անձնակազմը գտնվում է հատուկ հոգեվիճակներում` մարտական գրգռվածություն, հոգևոր և ֆիզիկական ուժերի ծայրահեղ լարում, թշնամու նկատմամբ ատելություն և թույլատրելի սահմաններում ագրեսիվություն: Չի կարելի հաշվի չառնել նաև այնպիսի բացասական ապրումները, ինչպիսիք են տագնապի և վախի զգացումը, իրարանցումը կամ լարվածությունը (ինչը դրսևորվում է ֆիզիկական և հոգեկան կաշկանդվածությամբ), հոգնածությունը և հոգեկան հյուծվածությունը, անտարբերությունը, անվստահությունը մարտի հաջող ավարտի նկատմամբ, խուճապը, շվարածությունը:
Մարտական իրավիճակում զինծառայողը ենթարկվում է բազմաբնույթ և ուժեղ խոցիչ գործոնների ազդեցությանը: Այդ գործոնների շարքում իր ուրույն տեղն ունի առանձնահատուկ վտանգը, որը հակառակորդի նպատակաուղղված գործողությունների հետևանք է: Մարտական իրավիճակում վտանգը բազմատեսակ է, ընդ որում, մի շարք օբյեկտիվորեն վտանգավոր ներգործություններ անմիջականորեն չեն ընկալվում մարդու զգայարաններով (ռադիոակտիվ վարակում, գերձայնային արագություն ունեցող խոցիչ միջոցներ` հրազենի գնդակներ, արկեր և այլն):
– Եւ ինչպե՞ս կարելի է հակազդել այդ ամենին:
– Մասնագետները տարբերում են վտանգին հակազդելու երեք հոգեֆիզիոլոգիական մեխանիզմ: Առաջինը ոչ պայմանական ռեֆլեկտորային մեխանիզմն է: Որոշակի արտաքին գրգռիչներ (ուժեղ ձայներ, ջլատված մարմին, զինակիցների վարքում վախի արտաքին դրսևորում, շատ դեպքերում` մթություն և այլն) ոչ պայմանական ազդանշաններ են, որոնց նկատմամբ հոգեկանն արձագանքում է վախի հույզով, սարսափով: Նման ներգործություններին հարմարվելիս ոչ պայմանական ռեֆլեքսները արգելակվում են, և վախի հույզը թուլանում է, նույնիսկ` անհետանում:
Երկրորդը պայմանական ռեֆլեկտորային մեխանիզմն է, որը գործում է այն դեպքում, երբ զինծառայողների մեջ ձևավորվում է ոչ ցանկալի պայմանական ռեֆլեքս իրավիճակի այն տարրերի նկատմամբ, որոնք անվտանգ են, սակայն նախկինում ուղեկցվել են ռեալ վտանգով:
Եւ երրորդը ինտելեկտուալ մեխանիզմն է: Վախի զգացումը կարող է լինել հետևանք վտանգի մտավոր վերաստեղծման, վտանգավոր իրավիճակի երևակայման, ապրած սպառնալիքի վերհիշման և այլն: Ուստի զինծառայողը կարող է` դիմակայել վտանգը, զսպել վախը, ակտիվ գործել վտանգավոր իրավիճակներում: Նա վտանգին հակադրում է զինվորական պարտքի զգացումը և անձնազոհությունը, հաղթանակի հասնելու կամքը, խիզախությունը, խելամիտ (արդարացված) ռիսկի դիմելու հակումը և մարտական գրգռվածությունը զարգացնելու ընդունակությունը, սառնասրտությունը և այլ հատկություններ ու վիճակներ: Դե, իսկ մարտական վարպետությունը վտանգի կարևոր հակակշիռներից է: Որքան լավ է զինծառայողը տիրապետում զենքին, որքան բարձր են նրա մարտական պատրաստության աստիճանը և զգոնությունը, այնքան հեշտ հաղթահարելի է նրա համար վտանգը:
Զրույցը վարեց
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ