Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԵՐԻ «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ



Տանկը սպառազինության խիստ յուրահատուկ տեսակ է: Հասարակական գիտակցության մեջ այն ինչ-որ իմաստով ռազմական հզորության հոմանիշ է, ինչը նշանակալի չափով արդարացի է: Գծանավերի և ծանր հածանավերի` անցյալի գիրկն անցնելուց հետո ոչ մի ուրիշ ռազմական տեխնիկա չունի պաշտպանվածության այդքան բարձր մակարդակ: Սակայն, ինչքան էլ տարօրինակ է, ի տարբերություն սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) մյուս նմուշների` հենց տանկերի համար են շուտափույթ վախճան կանխատեսում: Էլ ավելի տարօրինակ է, որ այդ զրահապատ մեքենաները «թաղում են»` իբր մարտադաշտում դրանց չափից ավելի մեծ խոցելիության պատճառով, ոչ մի ուրիշ «մեղադրանք» չի ներկայացվում: Բայց, չգիտես ինչու, ոչ ոք (նույնիսկ տանկերի պաշտպանները) չի նկատում նման հայտարարությունների ներքին խորը հակասականությունը:

Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Իսկապես, հակատանկային միջոցների (այդպիսիք մեծաթիվ են) զարգացման վրա ծախսվում են միլիարդավոր դոլարներ: Այդուհանդերձ, ցանկացած այլ դասի ռազմական տեխնիկա մեր «հերոսից» մեկ-երկու կարգով (մեկ կարգը նշանակում է 10 անգամ-ծ.թ.) ավելի խոցելի է: Եթե ինչ-որ զենք ապահովում է տանկի խոցումը, ապա այն առավել ևս կոչնչացնի ցամաքային ՍՌՏ ցանկացած այլ նմուշ (ինչպես նաև օդանավակայաններում գտնվող ինքնաթիռներ և ուղղաթիռներ, արձակման կայանքների վրա գտնվող հրթիռներ և այլն):

Մյուս կողմից, զրահափոխադրիչը, ՀՄՄ-ն, ինքնագնաց հրետանային կայանքը և առավել ևս կայանված թևավոր ու պտուտակաթև մեքենաները «մահացու խոցելու» ունակ ամենևին էլ ոչ ամեն միջոցի կհաջողվի նույնն անել տանկի նկատմամբ: Եթե տանկը «հնացել է» խոցելիության պատճառով, նշանակում է ցամաքային պատերազմ ընդհանրապես չի կարելի վարել, ինչը հազիվ թե կարելի է լրջորեն քննարկել: Մարդը, այնուամենայնիվ, ապրում է երկրի վրա, ոչ թե օդում կամ ջրում: Ուստի և ցամաքային պատերազմն ի վերջո միշտ կլինի զինված դիմակայության գլխավոր տեսակը (ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման տարբերակը չենք քննարկի` դրա լիակատար անհեթեթության պատճառով): Իսկ կրակային հզորությունը, շարժունակությունը և պաշտպանվածությունը համատեղելու տեսանկյունից տանկի հետ համեմատելի ուրիշ ոչ մի զինատեսակ չկա և տեսանելի ապագայում հազիվ թե հայտնվի:

Տանկի «հուղարկավորության» մասին խոսակցությունները սկսվեցին 1973թ. Հոկտեմբերյան պատերազմից հետո, երբ արաբները հակատանկային հրթիռային համալիրներով ու ձեռքի հակատանկային նռնականետներով խոցեցին Իսրայելի պաշտպանության բանակի բազմաթիվ զրահապատ մեքենաներ: Հետաքրքիր է, որ իսրայելցիներն իրենք, չգիտես ինչու, տանկերից այդպես էլ չհրաժարվեցին, թեպետ, թվում էր, հենց ՑԱՀԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը) պետք է նախևառաջ այդպիսի որոշում ընդուներ: Ընդհակառակը, արտադրելով աշխարհի ամենապաշտպանված «Մերկավա» տանկերից 1500 հատ, հրեական պետության ցամաքային զորքերը ցայսօր սպառազինության մեջ պահպանում են 2000 հին մեքենաներ, ներառյալ 1950-ականների «Ցենտուրիոնները», M48-երը և ռազմավար դարձած T-55-երը:

Ամերիկացիները 2003թ. տանկերի վրա երկու շաբաթում հասան Բաղդադ: 2008թ. օգոստոսին վրացական զորամասերը, օգտագործելով տանկեր, ներխուժեցին Հարավային Օսիա և ռուսական բանակը հենց տանկերով էլ նրանց դուրս շպրտեց այնտեղից: Նույնիսկ հակապարտիզանական օպերացիաներում, ինչպես ցույց տվեց Չեչնիայի, Իրաքի և Աֆղանստանի փորձը, տանկը խիստ օգտակար է, իսկ դասական պատերազմում նա եղել է, կա՛ և կլինի ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ամբողջ զինված ուժերի հարվածային հզորության հիմքը:

Երկրի տանկային պարկի զարգացած լինելու աստիճանը միանշանակ ցույց է տալիս, թե արդյոք ղեկավարությունը լուրջ պատերազմ վարելու հնարավորությո՞ւն է քննարկում: Իսրայելը դրա ամենավառ օրինակներից է, ինչպես և նրա հարևան արաբական պետությունները: Այսպես, Եգիպտոսը, որն ունի 3.5 հազար տանկ, այդ թվում` ավելի քան հազար «Աբրամս», գնում է ևս հարյուր M1A1: Սիրիան ունի այդ դասի ավելի քան 4.5 հազար մեքենա, ներառյալ 1500-ից ոչ պակաս T-72: Հորդանանի բանակն ունի համարյա 1200 տանկ, որից 390-ը` «Չելենջեր-1»: Պարսից ծոցի վեց միապետությունների ԶՈՒ տրամադրության տակ են միայն երրորդ սերնդի 1100 տանկ. 533 «Աբրամս» (315 սաուդյան, 218 քուվեյթյան), 38 «Չելենջեր-Մկ2» (Օման), 388 «Լեկլերկ» (ԱՄԷ), 150 M84 (T-72-ի հարավսլավական տարբերակը` Քուվեյթ): Սրանց պետք է հավելել նախորդ սերունդների ևս 1000 տանկ: Այսպիսով, մերձավորարևելյան 10 երկրներին բաժին է ընկնում համարյա 15 հազար տանկ: Ճիշտ է, միայն Իսրայելն է, որ իր նախագծերով է արտադրում այդ զրահապատ մեքենաները, իսկ Եգիպտոսը` ամերիկյան արտոնագրով: Մյուս պետություններն ամբողջովին կախված են ներմուծումից:

ԱՄՆ-ը հայտարարում է, որ իր ցամաքային զորքերում և ծովային հետևակում կա 6.3 հազար «Աբրամս»: Դրանցից 1500-ից փոքր-ինչ ավելին` առավել արդիական M1A2 և M1A2SEP վերափոխված տեսակներն են, որոնք օժտված են շատ հզոր զրահով և ցանցակենտրոն պատերազմների պահանջներին հարմարեցված կառավարման համակարգերով: Մնացած 4.8 հազարը M1A1 վերափոխված տեսակն է, որի պաշտպանվածության մակարդակն ավելի ցածր է և չունի մարտական կառավարման FBCB համալիր, որն ապահովում է ցանցակենտրոնությունը: Բացի դրանից, ըստ երևույթին պահեստներում պահվում են ևս 2300 առաջին սերնդի` M1 «Աբրամսներ», որոնք ունեն 105-մմանոց թնդանոթ, թույլ զրահ և ներկայի համեմատ պարզունակ կրակի կառավարման համակարգ: Սկզբունքորեն դրանք կարող են արդիականացվել և վերածվել հաջորդ վերափոխված տեսակների, թեպետ դա բավականին ծախսատար է և, թերևս, անշահավետ, քանի որ առանց այդ հնոտիի էլ Միացյալ Նահանգներն ունեն աշխարհի ամենահզոր տանկային պարկը, չնայած ավանդաբար նախապատվություն են տալիս ավիացիային և նավատորմին: Ճիշտ է, գործնականում ամբողջ այդ պարկը կենտրոնացված է ԱՄՆ տարածքում, ընդ որում՝ ամերիկյան երկու զրահատանկային դիվիզիաներն էլ տեղակայված են Մեքսիկայի հետ ունեցած սահմանին:

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն այսօր բոլորը միասին ունեն 12 հազարից քիչ տանկ (ներառյալ պահեստներում եղածները): Դա կարծես թե շատ է, եթե մոռանանք, որ 20 տարի առաջ մեքենաները 3 անգամ ավելի էին: Բացի դրանից, զրահապատ արմադայի մնացորդների 40%-ից ավելին պատկանում է երկու պետության` Թուրքիային և Հունաստանին, որոնք ակտիվորեն պատրաստվում են պատերազմել միմյանց դեմ:

Կրճատվում են ոչ միայն հին, այլև միանգամայն արդիական տանկերի թվակազմերը: Օրինակ` Գերմանիան, Հոլանդիան, Հունաստանը և Իսպանիան իրենց կարիքների համար արտադրել են բոլոր վերափոխված տեսակների 3 հազար «Լեոպարդ-2», այժմ սպառազինության մեջ մնացել է այդ տանկերից 2 հազարը, ընդ որում՝ դրանց վաճառքը շարունակվում է: Մեծ Բրիտանիայում նորին մեծության բանակի համար արտադրել են 420 «Չելենջեր-1» և 408 «Չելենջեր-2», իսկ այսօր բրիտանական զորքերում առաջին տեսակից կա 6, երկրորդից` 308 հատ: Միայն Ֆրանսիան է, որ առայժմ հրաժեշտ չի տվել 406 «Լեկլերկներին», թեպետ դրանցից 150-ը ընդգրկվել են ռեզերվում, և Փարիզը շատ է ուզում, որ ինչ-որ մեկը գնի այդ մեքենաները: Բելգիան և Հոլանդիան մարտական զորամասերից բոլոր տանկերը հանել են վաճառքի:

Որքան էլ զարմանալի թվա, ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներից ամենաորակյալ տանկային պարկը Լեհաստանինն է. նրա բոլոր 900 մեքենաներն էլ երրորդ սերնդի են` 128 հատ «Լեոպարդ-2A4», 540 հատ T-72 և 232 հատ կՁ-91 (T-72-ի տեղական արդիականացված տարբերակը): Բունդեսվերում կա 749 «Լեոպարդ-2» (A4 և A6) և 299 «Լեոպարդ-1» (սրանցից մարտական զորամասերում այլևս չկա): Հետաքրքիր է, որ Ռումինիան ունի համարյա 1.1 հազար տանկ, բայց դրանք բոլորն էլ T-55 են և դրա տեղական տարբերակները: Տանկերի արտադրությունը Եվրոպայում լիովին դադարեցված է:

Այսպիսով, մերձավորարևելյան տասը երկրների բանակներն ունեն ընդհանուր առմամբ համարյա 15 հազար տանկ, և դրանց քանակն ավելանում է (այսպես, Սաուդյան Արաբիան մտադիր է ձեռք բերել 200-ից ոչ պակաս «Լեոպարդ-2A6» և նույնիսկ A7, որոնք ցայսօր ընդհանրապես ոչ մի երկրի չեն մատակարարվել), իսկ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ԶՈՒ-ը` մոտ 18 հազար, և այդ թիվը անընդհատ նվազում է:

ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԿԱ ԱՅԴՔԱՆ…

Սակայն Հարավային և Արևելյան Ասիայում կենտրոնացված է է՛լ ավելի մեծ տանկային հզորություն: Այսպես, Պակիստանն ունի շուրջ 2500 տանկ, այդ թվում 320 Ձ-80ձԺ և 300-ից ավելի «Ալ- Խալիդ», որոնք չինական արտոնագրով արտադրվում են երկրում (ընդամենն արտադրվելու է 600-ից ոչ պակաս այդպիսի մեքենա): Դրանց դիմակայում են Հնդկաստանի 4 հազար զրահապատ մեքենաները. այնտեղ երկու տանկի սերիական արտադրություն կա` արտոնագրված ռուսական T-90-ի և իր բազմաչարչար «Արջունի»: Ի դեպ, նույնիսկ հնացած T-55-երի և «Վիջայանտաների» դուրս գրումից հետո հնդկական տանկերի պարկում կմնա 4 հազար միավոր, այդ թվում 250 հատ «Արջուն», 1650 հատ T-90 և շուրջ 2000 արդիականացված T-72:

Տանկային հզորության կենտրոնացման մեկ այլ շրջան է Կորեական թերակղզին: ԿԺԴՀ-ն ունի 3.5 հազարից ոչ պակաս տանկ, ճիշտ է, դրանք T-55, T-62 և վերջիններիս տեղական տարբերակներն են: Կորեայի Հանրապետության ԶՈՒ-ում կա մոտ 2.8 հազար զրահապատ մեքենա, այդ թվում 80 հատ T-80ձ և 1.5 հազար իր արտադրած K1` «Աբրամսի» նմանակը: Հարավկորեական K1-ը (1027 միավոր) նման է վաղ շրջանի M1-ի (105մմ-անոց թնդանոթով), K1A1-ը (484 միավոր) մոտավորապես համարժեք է M1A1-ին: Նախատեսվում է արտադրել 300-ից ոչ պակաս K2, որը M1A2-ի նմանակն է:

Ճապոնիան իր կղզային դիրքի շնորհիվ ավելի քիչ է տանկի կարիք զգում, քան մայրցամաքային երկրները: Սակայն նա էլ ձեռք է բերել 333 նորագույն Type-90 և պահում է 490 հին Type-74-երը: Նախատեսվում է արտադրել Type-10-ը, որը Type-90-ի էապես կատարելագործված տարբերակն է:

Սակայն մրցակցությունից դուրս է, անկասկած, Չինաստանը: Եթե ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում վերջին 20 տարվա ընթացքում յուրաքանչյուր մեկ նոր տանկին բաժին է ընկնում առնվազն 15 դուրս գրված, ապա Չինաստանում հին մեքենայի փոխարինումը նորով կատարվում է գործնականում «մեկը մեկին» ռեժիմով: Չինաստանի բանակում տանկերի քանակը 8-10 հազար է, և այս թիվն անփոփոխ է: Ընդամենը 15 տարի առաջ դրանք բացառապես խորհրդային T-55-ի հիման վրա ստեղծված մեքենաներ էին: Այսօր նրանց փոխարինելու են գալիս Type-96 և Type-99 տանկերը, որոնց հիմքում T-72-ն է, բայց դրա մեջ շատ բան է փոխառված արևմտյան տեխնոլոգիաներից (օրինակ` Type-99-ի համար Գերմանիայից գնեցին ավելի քան 300 դիզելային շարժիչներ, որոնք հետո չինացիները պատճենեցին):

Այժմ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակում (ՉԺԱԲ) հաշվվում է 2.5-3 հազար Type-96 (դրանցից առնվազն կեսը էապես կատարելագործված Type-96A է) և 600-800 շատ ավելի կատարյալ Type-99: Ի հավելումն նշենք, որ երկու մեքենաների արտադրությունը շարունակվում է տարեկան 200-ից ոչ պակաս (հնարավոր է` 400-500) միավոր ընդհանուր տեմպով, ինչը ավելի է, քան աշխարհի բոլոր երկրներում միասին վերցրած: Թե ում վրա կարող է թափվել այդ զրահապատ հորդան` հռետորական հարց է:

Վիետնամն ունի ընդամենը 1300 տանկ, որոնցից ամենաարդիականները 70 հատ T-62 են: Տանկերը Հնդկաստան ուղարկելը դժվար է, որովհետև դրանք դժվար թե անցնեն Հիմալայներով (թեպետ Չինաստանը Տիբեթում արդեն կենտրոնացրել է շուրջ 100 հատ Type-96A): Խոսել Թայվանի մասին, որի տանկային պարկում կա հազարից քիչ ամերիկյան հին մեքենա, պարզապես ծիծաղելի է: Ընդ որում՝ չի կարելի չնշել. եթե Type-96-ը մատակարարվել է ՉԺԱԲ-ի բոլոր ռազմական օկրուգներ, ապա շատ ավելի հզոր Type-99-երը, որոնք չինացիներն իրենք հայտարարել են աշխարհի լավագույն տանկերը, մատակարարվում են Պեկինի, Շենյանի և Լանջոուի զինվորական օկրուգներ (դրանք կողմնորոշված են մոտավորապես դեպի Ռուսաստանի Անդրբայկալ, Հեռավոր Արևելք և Ղազախստան): Եւ ցամաքում խորը հարձակողական օպերացիաների մշակումով զորավարժությունները, որոնք ՉԺԱԲ-ն անցկացնում է վերջին տարիներին, ուղղված են հաստատապես ո՛չ Թայվանի դեմ:

Չինաստանի տանկերի ցածրորակ լինելու մասին խոսակցությունները միանգամայն անհիմն են: Type-96-ը և Type-99-ը նույն քաշային կարգում են, ինչ «Աբրամսը», «Չելենջերը», «Լեկլերկը», «Լեոպարդ-2»-ը, C-1-ը, «Մերկավան», Type-90-ը և Type-10-ը, K1-ը և K2-ը, T-72-ը, T-80-ը, T-90-ը, T-84-ը, կՁ-91-ը, ներառյալ բոլոր այդ մեքենաների բազմաթիվ վերափոխված տեսակները: Թվարկված նմուշների մարտավարական-տեխնիկական բնութագրերը շատ մոտ են: Նրանցից ոչ մեկը մյուսի նկատմամբ չունի այնպիսի առավելություն, որ կարողանա խոցել, ինչպես փորձադաշտում: Իրական մարտի ելքը որոշվելու է մարտավարական կոնկրետ իրադրությամբ, անձնակազմերի հմտությամբ, կառավարելիությամբ և, որ պակաս կարևոր չէ, քանակով: Որակի հարցում որոշ չափով հետ մնալը, եթե նույնիսկ դա այդպես է, չինացիները հեշտությամբ փոխհատուցում են քանակական գերազանցությամբ: Բացի դրանից, նրանց տանկերը զուտ ֆիզիկապես նոր են ռուսական և արևմտյան մեքենաներից, քանի որ արտադրված են ավելի ուշ:

Ընդհանուր առմամբ, ասիական բանակների զինանոցում կա շուրջ 45 հազար տանկ (ավելի, քան աշխարհի բոլոր մյուս մասերում միասին), ընդ որում, այդ ցուցանիշն անշեղորեն աճում է: Ինքնին հասկանալի է, որ տանկերը «չեղյալ հայտարարելու» մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Բայց, իհարկե, դրանց հետագա զարգացումը կապված է էական խնդիրներից:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

«Ցածր ինտենսիվության», այսինքն` հակապարտիզանական պատերազմների` ներկայումս տարածված լինելը թույլ է տալիս ստեղծել մարտական տեխնիկայի բազմաթիվ տեսակների պարզեցված և, համապատասխանաբար, էժան տարբերակներ: Դա վերաբերում է մարտական զրահապատ մեքենաներին, հրետանուն, նույնիսկ նավատորմին և ավիացիային: Օրինակ` ԱՄՆ-ում ստեղծվել է AT-802 Air Tractor, որը նման է թևավոր տրակտորի: Կառուցվել է գյուղատնտեսական ինքնաթիռի հենքի վրա: ՀՕՊ միջոցներ չունեցող կազմավորումների դեմ պայքարելու համար միանգամայն պիտանի է:

Տանկի դեպքում այդպես չի ստացվի: Ինքնաթիռի գլխավոր առավելությունն այն է, որ թռչում է: Ուստի որոշակի հանգամանքներում կարող է պիտանի լինել նաև թռչող տրակտորը: Իսկ տանկի գլխավոր առավելությունը նրա պաշտպանվածության բարձր աստիճանն է: Հանուն էժանացնելու դա թուլացնելը փաստորեն «թաղում է» տանկը, քանի որ նա դադարում է համապատասխանել իր հիմնական նպատակին:

Ահա ինչու կարևորագույն խնդիր է տանկերի զանգվածների աճը (զրահային պաշտպանության մշտական ավելացման պատճառով), ինչը նվազեցնում է մարտավարական և է՛լ ավելի` ռազմավարական շարժունակությունը, և հետևաբար` մեքենայի կիրառման ոլորտը: Դրանք դժվար է օգտագործել երկրի տարածքից մեծ հեռավորության վրա (մեծ քանակությամբ տանկերի տեղափոխումը հեռու տարածության վրա խիստ ծախսատար և երկարատև գործընթաց է): Մետաղական զրահի փոխարինման համար կոմպոզիտային նյութերի օգտագործումը սոսկ մասամբ է լուծում խնդիրը:

Տանկի երկրորդ կարևոր որակը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ ոչ միայն վերացնել, այլև նույնիսկ կրճատել, կրակային հզորությունն է: Սակայն հրանոթի տրամաչափի մեծացումը բերում է մարտական լրակազմի նվազեցմանը (կամ ծավալի, հետևաբար` զանգվածի մեծացմանը): Այս հակասությունն առայժմ անլուծելի է:

Տանկի ներսից երևացող տեսադաշտի անբավարար լինելու խնդիրն առաջիկայում հավանաբար կլուծվի` շնորհիվ անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ դրոնների (դրոնը ԱԹՍ-ի տեսակ է, ռազմական ռոբոտ) կիրառման, որոնցից կստանա յուրաքանչյուր անձնակազմ (նման տարբերակ մշակվում է Չինաստանում): Ասենք, ցանցակենտրոն պատերազմի հայեցակարգի իրականացման դեպքում տանկիստներին հասու կլինի տեղեկույթ ամբողջ աշխարհից: Միանգամայն հավանական է, որ տանկերը, բացի խոշոր տրամաչափի գնդացիրներից, կօժտվեն նաև ՀՕՊ ուրիշ միջոցներով:

Քանի որ չի հաջողվի տանկը պարզեցնել և էժանացնել, եվրոպական փոքր պետությունները կսկսեն դրանցից ընդհանրապես հրաժարվել: Մինչդեռ Ասիայում տանկային պարկը միայն մեծանալու է. խոշոր պետություններում` իրենց արտադրության կամ արտասահմանից նորագույն մեքենաներ գնելու, ավելի թույլ երկրներում` Արևմուտքից և հետխորհրդային երկրներից արդեն օգտագործված, բայց դեռևս միանգամայն պիտանի երրորդ սերնդի տանկեր գնելու շնորհիվ:

Ռուսաստանը, իր ազգային ավանդույթներին համապատասխան, մի ծայրահեղությունից նետվեց դեպի մյուսը. ԽՍՀՄ-ից ժառանգություն ստանալով 63 հազար տանկ` զորքերում թողեց միայն 2000-ը (վիթխարի տարածքի համար!): Ճիշտ է, դեռ մոտ 10 հազար մեքենա գտնվում է պահեստներում: Ռուսաստանի ՊՆ-ն ռուսական ձեռնարկություններից նոր տանկեր չի գնում: Դա միանգամայն անընդունելի է, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի մերձավոր հարևանների թվում է Չինաստանը: Մյուս կողմից, իսկապես անիմաստ է թվում շարունակել T-64, T-72, T-80, T-90 անվերջանալի շարքը: Ռուսական բանակին սկզբունքորեն նոր արտադրանք է պետք:

Հայեցակարգային առումով միանգամայն ճիշտ է մոտակա տարիներին ծանր մեքենաների «Արմատա» ընտանիք ստեղծելու` մեր զինվորական ղեկավարների գաղափարը: Այդ ընտանիքը կներառի ոչ միայն տանկ, այլև ՀՄՄ, տանկերի աջակցման մարտական մեքենա, հրետանային ինքնագնաց կայանք, վերանորոգման-տարհանման զրահապատ մեքենա: Պետք է միայն իրագործել այս գաղափարը, նախ` որակապես, ապա` քանակապես: Ռուսաստանին պետք կլինեն ոչ թե 500 և նույնիսկ ոչ թե 1000, այլ շատ ավելի մեծ քանակությամբ տանկեր: Հընթացս հարկ կլինի հաղթահարել «ռազմական ուժերից վեր ծախսերի» և «անցած պատերազմներին նախապատրաստվող մամռակալած գեներալների» մասին վայնասունը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՐԱՄՉԻԽԻՆ
«Военно-промышленный курьер», թիվ 5 (422), 8 փետրվարի 2012 թ.
Ռուսերենից թարգմանեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


28/03/2012