Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՋԱԼՈՒՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ



1992թ.

ՀՈՒՆՎԱՐ

Հունվարի 1-2-ին Կրկժանում պայթեցվեց թշնամու երկու հենակետ:

Հունվարի 2-ին Մութալիբովի հրամանով Արցախում մտցվեց նախագահական կառավարում, ինչը մեռելածին ու գործնականում անկիրառելի որոշում էր:

Հունվարի 6-ին ԼՂՀ ԳԽ-ն, հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Հունվարի 10-ին կամավորներն ազատագրեցին «Օղակի» օրերին հայաթափված Հախուլլուն: Թշնամին թողեց 10 սպանված ու մեկ ՀՄՄ: Հադրութում թշնամու ձեռքում էր մնացել միայն Դոլանլարը:

Հունվարի 20-ին պայթեցվեց Շուշի-Կուբաթլու էլեկտրահաղորդման գիծը և Շուշի-Լաչին ճանապարհի մի հատվածը` քաղաքը զրկելով հոսանքից ու աշխարհի հետ ցամաքային կապից: Ոչնչացվեցին նաև մերձակա Նաբիլյարի հենակետերը:

Հունվարի 20-ին ազատագրվեց Ստեփանակերտի Կրկժան արվարձանը, որտեղ գտնվեցին 1991թ. դեկտեմբերի 31-ի գրոհի ժամանակ անհայտ կորած 5 ազատամարտիկների բզկտված մարմինները:

Նույն օրը Մարտունիից ծանր հարված հասցվեց Ամիրանլարին, սպանվեց 20 օմօնական, իսկ Ստեփանակերտում զոհվեց Մարտակերտի պաշտպանության կազմակերպիչներից ՀՀ խորհրդարանի անդամ Վիգեն Շիրինյանը:

Հունվարի 21-ին Երևանում ավարտելով ամենօրյա վարժական թռիչքները, 12 «ՄԻ-8» և 1 «ՄԻ-26» զինվորական ուղղաթիռներ հեռացան անհայտ ուղղությամբ: Իսկ «ԱՆ-26» ռազմափոխադրական ինքնաթիռը չհասցրեց օդ բարձրանալ. օդանավակայանի անձնակազմը ժամանակին հանգցրեց թռիչքուղու լույսերը, կամավորականներն էլ շրջափակեցին օդանավակայանի մերձակա ճանապարհները:

Բանակի ու երկրապահների միջև բախումը կանխվեց Վազգեն Սարգսյանի ջանքերով: Հաջորդ օրը բոլոր ուղղաթիռները վերադարձան: 7-րդ բանակի հրամանատար գեներալ-մայոր Մեշչերյակովը, որ առժամանակ մեկուսացվել էր, սպառնաց դատի տալ Վազգեն Սարգսյանին, քանի որ «նրա հրամանով 24 ժամ անցկացրել է նկուղում, չունենալով անգամ հեռախոսից օգտվելու հնարավորություն»:

Հունվարի 23-ին հրապարակվեց Ստեփանակերտի հմ. 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլզա Հովհաննիսյանի նամակը հայաստանցի ազատամարտիկներին. «Բարև ձեզ, հարազատներս, շատ-շատ շնորհակալ ենք, որ մեզ օգնության եք եկել: Շնորհակալություն Ձեր մեծ սրտի համար: Մենք ձեր կարիքը շատ ենք զգում և աղոթում ենք ձեզ համար»:

Հունվարի 26-ին տեղի ունեցավ Քարինտակի հերոսամարտը: Առավոտյան ժամը 6-ին 500 օմօնական ու 3 զրահամեքենա, ՆԳՆ ղեկավարության հրամանատարությամբ, հզոր հարձակում ձեռնարկեցին, սակայն, հանդիպելով ուժեղ դիմադրության, ՀՄՄ-ներից մեկով սկսեցին տեղափոխել վիրավորներին: Ապա արկով խոցվեց վիրավորներին տեղափոխող հայկական զրահամեքենան…

Անգամ տան մի հարկից մյուսը կռիվ էր, իսկ 30 մետր այն կողմ կռվող մարտիկը տանտիրուհու` ամուսնուն ուղղված գոռոցն էր լսել, թե «մի քանի փամփուշտ մեզ համար պահիր»: Կինը հետո սպանված թշնամու ավտոմատով էր կռվում: Թշնամին, որ գյուղի վերին ծայրում հասցրել էր հավաքել դիակները, թողեց 80 սպանված, 70 միավոր զենք ու երկու ՀՄՄ: Նրանցից մեկը պայթեց ականի վրա, և հունվարի 26-ը հետո դարձավ ՊԲ ինժեներական զորամասի օր: Դիակների մեջ մեծ թվով վարձկան սպաներ կային, գրպաններում` հարձակումից առաջ ստացած կանխավճարը:

Քարինտակցիներից զոհվեցին 11-ը, այդ թվում` երկու կին ու 15-ամյա Նարինե Առաքելյանը, որ սպանվեց եղբորը՝ Գարեգինին փամփուշտ հասցնելիս, իսկ մերձակա գյուղերից ու Ստեփանակերտից օգնության հասածներից` 10 հոգի, ինչպես նաև ԼՂՀ ԳԽ պատգամավոր Վաղարշակ Առուշանյանը:

Հունվարի 27-ին հայերը Շուշիի շրջանում լրիվ ավերեցին Ղայբալիի հենակետերը և մեծ վնաս հասցրին Ջանհասանին:

Հունվարի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նույն օրը ստեղծվեց նաև բանակի առաջին զորամասը՝ դեսանտագրոհային գունդը: Սկսվեց Արցախյան ազատամարտի մի փուլի ավարտը, երբ զինված պայքարը մղվում էր կամավորական ջոկատների և ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծված Հատուկ գնդի, պարեկապահակային ծառայության գնդի, Միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի ու ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի ուժերով: Միայն «Օղակի» օրերին պատանդառվեց ՆԳՆ 50 և զոհվեց 12 աշխատակից ու մարտիկ: Պատերազմի ավարտին համակարգից հայրենիքի պաշտպանության մարտերում զոհվածների թիվը հասավ 250-ի:

Նույն օրը Շուշիի բարձունքներում կործանվեց Աղդամ թռչող ուղղաթիռը. անձնակազմն ու 47 օմօնական զոհվեցին:

Հունվարի 29-ին, իրավիճակի կտրուկ սրման պատճառով չմասնակցելով Դավոսի համաժողովին, Մութալիբովն անվտանգության խորհրդի արտակարգ նիստում խոստովանեց, որ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը բախվել է լավ կազմակերպված ուժի»:

Հունվարի 31-ին Ստեփանակերտի աննախադեպ հրթիռահրետակոծմանը զուգընթաց, Արցախի սահմանների ողջ երկայնքով հարձակում սկսվեց: Լարված էր հատկապես Աղդամի ուղղությունում. 4 տանկ և 7 զրահամեքենա Խրամորթ-Խանաբադի, Ասկերանի և Աղբուլաղ-Նախիջևանիկի հատվածներում ճեղքեցին ճակատի գիծը: Խրամորթն ընկավ, մյուսներն արյունալի կռվում հերոսաբար պաշտպանվում էին, ԼՂՀ բոլոր ռադիոկայաններով հնչում էր SOS ազդանշանը: Այդ հարձակումն էլ կասեցվեց:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. հունվարի վերջին տասնօրյակում Ադրբեջանը տվեց ավելի քան 200 սպանված, ինչը գերազանցում էր հակամարտության չորս տարիների զոհերի թիվը, և երկու անգամ շատ վիրավորներ: 80-ը սպանվել էին Քարինտակում, 47-ը` խփված ուղղաթիռում, 17-ը` Ցորի դեմ անհաջող գրոհի ժամանակ, իսկ Ջանհասանի, Կրկժանի ու Ղայբալուի զոհերի թիվն անհայտ էր: Հայկական բնակավայրերի վրա ձեռնարկված 17 հարձակման ընթացքում զոհվել էր 37 և վիրավորվել 31 հայ:

ՓԵՏՐՎԱՐ

Փետրվարի 1-ին թշնամին տալով 40 զոհ, թողեց Փարուխն ու Խրամորթը: Հայերը երկու զոհի գնով ոչնչացրին 4 զրահամեքենա և տիրացան մեկին:

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշեց ամսվա ընթացքում զորակոչել 1991-ին տարբեր պատճառներով չզորակոչվածներին: Ըստ նախնական պայմանավորվածության, 700 նորակոչիկ Թբիլիսիում ստանալու էր զինվորական մասնագիտացում և կես տարի անց վերադառնալու էր 7-րդ բանակ:

Փետրվարի 5-ին թշնամու 200 հոգանոց ստորաբաժանումը հերթական անհաջող փորձը կատարեց գրավելու Խրամորթի ու Փարուխի բարձունքները: Խրամորթում զոհվեց Ուզբեկը՝ Հովիկ Քալաշյանը:

Փետրվարի 10-11-ի ծանր մարտերում ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Մալիբեյլին ու Ղուշչուլարը: Հակառակորդը թողեց շուրջ 100 սպանված, տասնյակ գերիներ, 10 միավոր զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, սննդամթերքի, վառելիքի ու զինամթերքի մեծ պահեստներ:

Մալիբեյլիի ազատագրման շնորհիվ դադարեց արևելյան ուղղությունից ԼՂՀ մայրաքաղաքի հրթիռակոծումը, և բացվեց 2 տարի առաջ փակված Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհը:

Փետրվարի 11-ին ուժգին հրթիռակոծվեց Ստեփանակերտը, զոհվեց 11 բնակիչ, հայերը ոչնչացրին 1 «Գրադ» կայանք:

Փետրվարի 12-ը վերամիավորման պահանջով տեղի ունեցած ժողովրդական առաջին ցույցի պատվին ԼՂՀ-ում հռչակվեց Վերածննդի օր: Մի քանի օր շարունակվում էր հարձակումը Կիչանի վրա, ադրբեջանցիներն ունեին 25 զոհ:

Փետրվարի 17-ին ազատագրվեց Մարտունու շրջանի կենտրոնում գտնվող Ղարադաղլուն, որը, շրջակայքից բացի, վերահսկում էր նաև Մարտունի-Ստեփանակերտ մայրուղին: Շրջապատված օմօնականները 20 զոհ տալուց հետո անձնատուր եղան: Հայերն ունեին 3 զոհ, որոնց թվում էր նաև Պաշտկոմի ներկայացուցիչ, կապավոր Սերգեյ Գրիգորյանը:

Փետրվարի 19-ին Շուշիում և Աղդամում հայտարարվեց պարետային ժամ, հրթիռակոծվեց Ստեփանակերտը, զոհվեց 20 և վիրավորվեց 34 բնակիչ, ապա զրահատեխնիկայի աջակցությամբ ուժգին հարձակում սկսվեց Շահումյանի շրջանի ուղղությամբ: Թշնամին մտավ Մանաշիդ, բայց ետ շպրտվեց` թողնելով 23 դիակ ու 3 ՀՄՄ:

Փետրվարի 20-ին Ադրբեջանի վարչապետ Հասան Հասանովը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հայտարարեց՝ եթե Ղարաբաղում զինաթափվեն հայաստանյան կամավորները, Բաքուն բանակ չի ստեղծի. «Մենք այստեղ ենք եկել Անդրկովկասն առանց զենքի գոտի հայտարարելու նախաձեռնությամբ…»:

Սակայն նույն օրը Մարտակերտում թշնամին հարձակվեց Սեյսուլան, Մարաղա, Կարմիրավան ու Քաջավան գյուղերի վրա, բայց մեծ կորուստներով նահանջեց: Նույնը կրկնվեց և Ասկերանում: Իսկ Խոջալուի մոտ մարտերը շարունակվում էին:

Նախիջևանի մեջլիսի նախագահ Հ. Ալիևն ադրբեջանական հենակետերի հանձնումն անվանեց «խայտառակություն», իսկ ԱԺՃ-ն պահանջեց Մութալիբովի հրաժարականը:

Փետրվարի 22-ին Մարտունիում ազատագրվեց Վեյսալուն: Բաքուն, մեծ աղմուկ բարձրացնելով բոլոր ճակատներում հայերի ձեռնարկած լայնածավալ հարձակման մասին, 20-40 տարեկանների զորակոչ հայտարարեց:

Փետրվարի 24-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին:

Նույն օրը ԱՊՀ մամլո կենտրոնի տարածած հաղորդագրությունում Ադրբեջանի իշխանությունները մեղադրվեցին ռուսաստանյան զինծառայողների վրա հարձակվող գրոհայիններին խրախուսելու համար, իսկ Անդրզինօկրուգի շտաբը թույլատրեց կրակ բացել հարձակվողների վրա և ճնշել նրանց կրակակետերը: Աղդամից տարհանվեցին բոլոր զինվորական ընտանիքները:

Փետրվարի 26-ին, երբ ադրբեջանցիները մերժեցին հեռանալու պահանջը, հինգ՝ Ստեփանակերտի, Մեհտիշենի, Բերքաձորի, Նորագյուղի ու Ասկերանի ուղղություններով սկսվեց Խոջալուի և օդանավակայանի գրոհը: Լուսաբացին օդանավակայանն ու ավանի մեծ մասն ազատագրված էին, երեկոյան գործողությունն արդեն ավարտվեց: Թշնամին թողեց 150 գերի, որոնցից 63-ը վերաբնակ մեսխեթցի թուրքեր էին: Նրանց խնամքն ստանձնեց ԼՂՀ կառավարությունը: Հայերն ունեին 8 զոհ և 20 վիրավոր: Ռազմավար վերցվեց մեծաքանակ պարեն, մոտ 100 միավոր զենք, 3 ՀՄՄ, 2 «Գրադ» կայանք, մեկ հրանոթ ու շատ զինամթերք:

Կորցնելով Խոջալուն՝ թշնամին հարձակման դիմեց ռազմաճակատի այլ հատվածներում և կարողացավ գրավել ու լրիվ հրդեհել Սեյսուլանը: Ասկերանի ուղղությունում հիմնական հարվածը հասցվեց Նախիջևանիկին, որտեղ ՄԻ-28-ով երկու դեսանտային խումբ իջեցվեց: Գյուղը գնդակոծող երկու «ՄԻ-24»-երից մեկը խփվելով՝ հարկադիր վայրէջք կատարեց (տարեսկզբին Ադրբեջանը տիրացել էր «ՄԻ-24» և «ՄԻ-28» ուղղաթիռների մեկական էսկադրիլիաների (23 ուղղաթիռ), որոնք արդեն կիրառվում էին մարտական գործողություններում: Թշնամու ձեռքին մնաց գերիշխող բարձունքը, որտեղից գյուղը գնդակոծվում էր:

Փետրվարի 27-ին Ասկերանի վրա հարձակումը վերջնականապես հետ մղվեց: Նույն օրն ազատագրվեց նաև Սեյսուլանը, և թշնամին դուրս շպրտվեց Մարտակերտի սահմաններից: ԱԺՃ-ն հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի 56 ադրբեջանական բնակավայրից հայերը գրավել են 47-ը, ինչը հանրապետության ղեկավարության դավաճանական դիրքորոշման արդյունքն է»:

Փետրվարի 28-ին Ադրբեջանում եռօրյա սուգ հայտարարվեց:

Փետրվարի 29-ին Մարտակերտում ազատագրվեց Ումուդլուն: Նույն երեկոյան, ի պատասխան Քարինտակի ու Ստեփանակերտի հրետակոծման, հրթիռահրետանային ծանր պատասխան հասցվեց Շուշիին:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


28/03/2012