Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՍՈՒՄ



Վարդան Պապիկյանը այն քաջ, անվեհեր պատանիներից էր, որ անկախ ու ազատ Հայաստան ունենալու ակնկալիքով նետվեց պատերազմական թոհուբոհի մեջ` արհամարհելով մահը:

Վարդանը ծնվել է 1974թ. մարտի 1-ին, Երևանում՝ արհեստավորի ընտանիքում: Սովորել է Երևանի հ. 51 միջն. դպրոցում, որը, սակայն, չի ավարտել, ինչպես ինքն էր ասում, «սովորելու ժամանակը չէ, երբ վտանգված է քո երկիր հայրենին, երբ ամեն ինչ կկարգավորվի, պատերազմը կվերջանա, կշարունակեմ ուսումս»: Սովորում էր 9-րդ դասարանում և մի օր էլ եկավ դպրոց ու հրաժեշտ տվեց ընկերներին և սիրած աղջկան` Լիլիթին, որին էլ բանաստեղծություն նվիրեց:

Քաջ ԱԻՄ-ական էր Վարդանը, համառ ու տոկուն, և ոչինչ նրան իր ընտրած ճանապարհից հետ կանգնեցնել չէր կարող: Վարդանն ամենուր էր։ Բոլորի սիրելին էր, հատկապես` Մովսես Գորգիսյանի: 1990 թվական, հունվարի 19-ը: Թեժ մարտեր էին մղվում Երասխավանում: Գորգիսյանը մարտի դաշտում էր, առաջին գծում: Հրամայել էր Վարդանին տնից դուրս չգալ, երևի սիրտը ինչ-որ վատ բան էր կանխազգում: Մայրը` տիկին Լիդան, անգամ անկարող եղավ որդուն տանը պահել, հաճախակի շտաբ էր զանգահարում, խոսում որդու հետ, որդուն տուն բերելու պատրվակներ փնտրում, բայց ապարդյուն: Կեսօրին ևս զանգահարեց, խնդրեց տուն գալ, տաք կարկանդակներ տանել իր և ընկերների համար (Վարդանը կարկանդակներ շատ էր սիրում): Խոստացավ գալ, բայց… Գուցե իր սիրելի հրամանատարին իր օգնությունը պետք լինի: Ամբողջ օրը շտաբում էր: Իրենից մեծ կիսամուշտակը հագին անհանգիստ ետ ու առաջ էր անում: Մի պահ կոպերը ծանրացան, ննջեց, բայց իսկույն արթնացավ հեռախոսազանգից: Զենք պետք է հասցնել Երասխավան: Ու չնայած շտաբի պատասխանատու Իշխանը դեմ էր Վարդանի մեկնելուն, սակայն չկարողացավ դեմն առնել: Կեսգիշերին «Վիլիսը» շարժվեց Երասխավան: Ճանապարհը կորցրած վարորդը` Զավենը, անցնում է Նախիջևանի սահմանը և ընկնում շրջափակման մեջ: Թեժ մարտեր են ընթանում, ոմանց հաջողվում է շրջափակումից դուրս գալ, մյուսների ճակատագիրն առ այսօր հայտնի չէ՝ զոհվե՞լ են, թե՞ գերի ընկել:

22 տարի է անցել այդ օրից, բայց հարազատները դեռ հավատում են, որ Վարդանը կգա։ Որքան ծանր է անորոշությունը, և որքան մեծ սպեղանի է հույսը։ Նրան հիշում և կարոտով սպասում են մայրը, քույրը, հարազատներն ու Լիլիթը, որը սուրբ մասունքի պես պահում է Վարդանի` իրեն նվիրած բանաստեղծությունը։

Գնում եմ, սիրելի՛ս, ինչ արած,

Բայց, հիշի՛ր, որ մեկը սիրում է քեզ:

Թե իրավ երջանիկ լինես դու,

Մոռացի՛ր, իմացի՛ր չկամ ես։

Թե հանկարծ փոշմանես ուշացած,

Որոնես ինձ ու չգտնես,

Դու հույսդ երբեք չկորցնես,

Հավատա՝ ես մի օր կգամ ու կասեմ,

Որ սիրել ու սիրում եմ ես քեզ:

ՆԵԼԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ
«Զինվորի քույր» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության
նախագահ

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Ճակատագրեր


28/03/2012