«ԿԱՆԱՅՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ»
Այս խորագիրն էր կրում մարտի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցած բարեգործական համերգը։ Օրվա խորհուրդը՝ Մայրության, գեղեցկության գարնանային տոնն էր։ Տոն, որն իր երգով, բանաստեղծությունների՝ «Իմ վազքն ու քո ծիածանը» նոր ժողովածուի շնորհանդեսով զարդարեց ԿԿԶՀ-ի վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բուժքույր Կարինե Մկրտչյանը։
Կարինեն դեռ մանկուց սիրել է երգել, ստեղծագործել։ Նրա հոգում էլ երկրաշարժը թողել է ցավի դրոշմը, սակայն նա կարողացել է հաղթահարել վիշտը, տխրությունը՝ թղթին հանձնելով իր մտորումները հայրենի քաղաքի, մայրական սիրո, իր հոգու թրթիռների մասին։ Միշտ երազելով իր փոքրիկ ու ապրեցնող մոլորակի՝ երգի ու պոեզիայի աշխարհի մասին, Կարինեն ստեղծել, ձևավորել է իր հեքիաթային աշխարհը։
«Մարտի 10-ը իմ երջանկահիշատակ մայրիկի ծննդյան օրն է։ «Իմ վազքն ու քո ծիածանը» գիրքը նվիրել եմ մայրիկիս՝ Անիչկա Մարտիրոսյանի հիշատակին։ Շնորհավորում եմ բոլոր հայ մայրերին, կանանց ու աղջիկներին գարնանային տոնի առթիվ և այս համերգով ուզում եմ փաստել, որ «կանայք երբեք չեն ծերանում»»,- իր ելույթում ասաց Կարինե Մկրտչյանը։
Այնուհետև ներկաները հոտնկայս դիմավորեցին Նորք-Մարաշ Տուն-ինտերնատ ծերանոցի կանանց։ Դահլիճում գտնվող բոլոր կանանց ծաղիկներ, գեղեցիկ ձևավորված կոնֆետներ նվիրվեցին «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի կողմից, ինչպես նաև Կարինե Մկրտչյանի «Իմ վազքն ու քո ծիածանը» գիրքը։
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ թարմ ծաղիկներ նվիրվեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետա Սարգսյանին։ Ներկաները հուշեր պատմեցին Վ. Սարգսյանի հետ իրենց հանդիպումներից։ Կարինե Մկրտչյանի հուշը արցունքներ կորզեց ոչ միայն Սպարապետի մոր, այլև մնացած կանանց աչքերից։
Շնորհավորական խոսքով ելույթներ ունեցան Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, հանրային խորհրդի անդամ Կարինե Խորասանյանը, «Զինվորի պաշտպանության կոմիտե» հ/կ նախագահ Գոհար Արմենակյանը, ԵԿՄ անդամ Հակոբ Հակոբյանը, ՊՆ ներկայացուցիչ մայոր Թորգոմ Նալբանդյանը։ Ընթերցվեցին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքից «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանի և ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի ողջույնի խոսքերը հայ կանանց ու մայրերին։
«Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը և «Երաշխավոր» հայրենասեր այրիների հ/կ նախագահ Նվարդ Հովակիմյանը շնորհակալական խոսքեր ուղղեցին Կարինե Մկրտչյանին և համերգի մյուս կազմակերպիչներին։
Համերգին իրենց մասնակցությունը բերեցին ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը (գեղ. ղեկ.՝ մայոր Արամ Գալստյան), «Հայկազունք» համույթը (գեղ. ղեկ.՝ գուսան Հայկազուն), աշուղ Ռազմար Սասունցին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» երգի-պարի համույթը (գեղ. ղեկ.՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան), «Ջավախքի ղողանջներ» համույթը (գեղ. ղեկ.՝ Էդուարդ Թամարյանը), երգիչ՝ Հրաչյա Սաֆարյանը, ԿԿԶՀ ատամնաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, դիմածնոտային վիրաբույժ Արտաշես Քարտաշյանը, երիտասարդ երաժիշտ Նորայր Հարությունյանը և պարուհի Անահիտ Հակոբյանը։
ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Բանակ և հասարակություն