ՄԵԾԱԳՈՒՅՆ ՓՈՔՐԻԿԸ
Ընդամենը 24 տարեկանում երեք անընդմեջ «Ոսկե գնդակ» (աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը) նվաճելով` Լիոնել Մեսսին դասվեց ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստների շարքը: Երկրպագուներին հետաքրքրում է` ո՞րն է նրա վարպետության սահմանագիծը. քանի՞ «Ոսկե գնդակ» դեռ կնվաճի, կդառնա՞ պատմության լավագույն ֆուտբոլիստը, թե՞ ոչ, որքա՞ն մրցանակ կնվաճի «Բարսելոնայի» հետ, կհաղթի՞ արդյոք աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով:
Այնպիսի արագ փոփոխվող աշխարհում, ինչպիսին ֆուտբոլն է, որտեղ ներկան այնքան արագ դառնում է պատմություն, եւ հաղթանակներով ուրախանալու ժամանակ անգամ չի մնում, բոլորը ակամա փորձում են կանխագուշակել արգենտինացի հանճարի ապագան, պատկերացնել, թե ինչպիսին կհիշեն Մեսսիին ապագա սերունդները: Այն ամենը, ինչ նա նվաճել է, անհավանական է, սակայն այդ բոլորը՝ մրցանակներ, տիտղոսներ, արդեն պատմություն են, հետաքրքիրն այն է, թե էլ ինչի է ընդունակ այս փոքրիկ հանճարը:
Մեսսին արել է այն, ինչը մինչ այսօր անհնարին էր թվում, եւ դա նույնիսկ մի փոքր վախեցնում է: 24 տարեկանում նա հարազատ ակումբի հետ նվաճել է հնարավոր եւ անհնարին բոլոր մրցանակները: Տարեսկզբին ստացավ իր երրորդ «Ոսկե գնդակը»՝ այդ ցուցանիշով հավասարվելով Միշել Պլատինիին, որին նույնպես հաջողվել է երեք անգամ անընդմեջ նվաճել բաղձալի մրցանակը (1983, 1984, 1985): «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրներ են նաեւ լեգենդար Կրոյֆն ու Վան Բաստենը, սակայն նրանք այդ մրցանակին արժանացել են տարբեր տարիների: Ի տարբերություն նշված ֆուտբոլիստների` Մեսսին վերջին երկու տարիներին մրցանակը նվաճել է՝ որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, իսկ նախկինում «Ոսկե գնդակը» հանձնվում էր «Ֆրանս Ֆուտբոլ» հանդեսի հարցումների արդյունքով ընտրված Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին:
Ոչ ոք չի կասկածում, որ Մեսսին արդեն հավասարվել է այնպիսի լեգենդար ֆուտբոլիստների, ինչպիսիք են Պելեն, Մարադոնան, Դի Ստեֆանոն, Կրոյֆը, սակայն կան բոլոր նախադրյալները այս ցուցակում դառնալու առաջինը: Համենայնդեպս, ժամանակը աշխատում է արգենտինացու օգտին, եւ այս բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ միայն ինքը՝ Մեսսին: Այդուհանդերձ, Լիոնելի հայրը՝ Խորխե Մեսսին, ասում է, որ իր տղան վարպետության գագաթնակետին կհասնի մի քանի տարի անց միայն:
Մեսսիի բնավորությունը եւ պահվածքը նրան հեռու են պահում իրականությունից եւ այն ամենից, ինչը փչացնում է բարձունքի հասած մարզիկներին: «Աշխարհում ամեն ինչից շատ Լեոն սիրում է ֆուտբոլ խաղալ».- ասում են նրա ծնողները:
«Ինձ ամենաշատն ուրախացնում է այն, թե ինչպես է ինձնով հպարտանում իմ երկիրը»,- ասաց Մեսսին հունվարի 9-ին, երբ երրորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ներկայությամբ, որը քաջ գիտակցում է, որ ուշ թե շուտ իր նվաճումը կգերազանցի այս փոքրիկ ամաչկոտ ու ինքնամփոփ արգենտինացին, որը նույնիսկ դժվարանում է ձեւակերպել մտքերը:
Այդ երեկո Մեսսին ցնցեց ողջ ֆուտբալային աշխարհը իր կարճ, բայց շատ հուզական խոսքով: Սկզբում նա նշեց, որ առանց «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի իր խաղընկերների ինքն այդպիսի հաջողությունների չէր հասնի, սակայն բոլորը հասկանում էին, որ նա նկատի ունի քվեարկության արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած Չավի Էրնանդեսին: Այդ խոսքերով նա իր ողջ հարգանքը արտահայտեց «Բարսելոնայի» կիսապաշտպանի նկատմամբ: «Ես ուզում եմ կիսել այս մրցանակն ընկերոջս՝ Չավիի հետ: Սա արդեն չորրորդ անգամն է, ինչ մենք միասին այս սրահում ենք: Չավի՛, դու նույնպես արժանի ես: Ինձ համար մեծագույն պատիվ է լինել քեզ հետ խաղադաշտում եւ այս սրահում»,- նշեց Լեոն:
Եվ դա լավագույն «փոխանցումն» էր, որը Չավին ստացավ իր կյանքի ընթացքում, թեպետ ֆուտբոլային խաղադաշտում այս առումով հենց նա է համարվում լավագույն մատակարարը:
Մրցանակների հարուստ հավաքածու ունենալուց եւ ֆուտբոլի պատմության լեգենդների հետ համեմատվելուց զատ, այժմ Մեսսիին այլ բան է անհանգստացնում: Նա ապրում է իր յուրահատուկ աշխարհում, եւ գնդակը կարծես նրա մարմնի մի մասը լինի: Մարդկայնությունը, տաղանդը, խաղադաշտում եւ նրանից դուրս մարզական պահվածքը Լեոյին դարձրել են դրական մի կերպար եւ հիանալի օրինակ, ինչին ձգտում են միլիոնավոր երեխաներ աշխարհի տարբեր ծայրերում, իսկ դա լրացուցիչ պատասխանատվություն է ֆուտբոլիստի համար: «Հավասարվել Պլատինիին, Կրոյֆին եւ Վան Բաստենին մեծ պատիվ է ինձ համար, բայց իմ նպատակը պատմության լավագույն ֆուտբոլիստ դառնալը չէ, ինձ ավելի շատ հուզում է երեխաների համար օրինակ դառնալու հնարավորությունը»,- ասում է նա: Մեսսին թուլություն ունի փոքրիկ երեխաների նկատմամբ: Նա իր հիմնադրամով եւ ֆիզիկական ներկայությամբ միշտ օգնում եւ աջակցում է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին:
ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
«ԲԱՐՍԵԼՈՆԱ»
♦ Լա Լիգա (5)` 2004-05, 2005-06, 2008-09, 2009-10, 2010-11:
♦ Կոպա դել Ռեյ (1)` 2008-09:
♦ Իսպանիայի սուպերգավաթ (5)` 2005, 2006, 2009, 2010, 2011:
♦ Չեմպիոնների Լիգա (3)` 2005-06, 2008-09, 2010-11:
♦ ՈՒԵՖԱ Սուպերգավաթ (2)` 2009, 2011:
♦ Միջմայրցամաքային գավաթ (2)` 2009, 2011:
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
♦ Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնություն` 2005:
♦ Ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն` 2008:
ԱՆՀԱՏԱԿԱՆ
♦ «Ոսկե գնդակ» (France Football) (3)` 2009, 2010, 2011:
♦ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (World Soccer) (2)` 2009, 2011:
♦ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (Onze d’Or) (2)` 2009, 2010:
♦ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (FIFPro) (2)` 2009, 2010:
♦ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (ՖԻՖԱ)` 2009:
♦ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր` 2010:
♦ Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու (3)` 2008-09 (9 գոլ), 2009-10 (8 գոլ), 2010-11 (12 գոլ):
♦ Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստ (6)` 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011:
♦ Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ («Դոն Բալոն» մրցանակ) (3)` 2007, 2009, 2010:
♦ Լա Լիգայի լավագույն խաղացող (Դի Ստեֆանոյի մրցանակ) (3)` 2008-09, 2009-10, 2010-11:
♦ Լա Լիգայի լավագույն խաղացող (LFP) (3)` 2008-09, 2009-10, 2010-11:
♦ «Պիչիչի» մրցանակ` 2010:
♦ Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (FIFPro) (2)` 2007, 2008:
♦ Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (World Soccer) (3)` 2006, 2007, 2008:
♦ FIFPro-ի խորհրդանշական հավաքականի անդամ (4)` 2007, 2008, 2009, 2010:
♦ Եվրոպայի խորհրդանշական հավաքականի անդամ (ՈՒԵՖԱ) (4)` 2008, 2009, 2010, 2011:
♦ Արգենտինայի լավագույն մարզիկ` 2011:
ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
♦ «Բարսելոնայի» կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում (2011-2012) Իսպանիայի առաջնությունում խփած գոլերի քանակով ռեկորդակիր (35 գոլ):
♦ Եվրոգավաթներում «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (49 գոլ):
♦ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում պոկեր (4 գոլ) հեղինակած առաջին ֆուտբոլիստը («Բարսելոնա» – «Արսենալ». 2010թ.):
♦ Չեմպիոնների լիգայի պատմության միակ ֆուտբոլիստը, որին հաջողվել է մեկ խաղում 5 գոլ խփել («Բարսելոնա» – «Բայեր». 2012թ.):
♦ «Բարսելոնայի» կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում (2010-2011) բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակով ռեկորդակիր (53 գոլ): Նախկին ռեկորդը, 47 գոլով, պատկանում էր Ռոնալդոյին (1996-1997):
♦ «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու(234 գոլ` 23.03.2012թ. դրությամբ):
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
«Ես երբեք չեմ խաղացել այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Մեսսին է, երբեք չեմ մարզել նույնիսկ նրա հետ հեռավոր նմանություն ունեցող որեւէ մեկի: Անկասկած նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»:
ԽՈՍԵՊ ԳՎԱՐԴԻՈԼԱ
«Նա անհավանական տաղանդ է: Գնդակի հետ այնպիսի բաներ է անում, որ ոչ ոք չի սպասում, ինչը նրան յուրահատուկ է դարձնում: Այդուհանդերձ, մենք պետք է խոսենք ո՛չ միայն գնդակի հետ վարվելու նրա վարպետության մասին. նա շատ է աշխատում թիմի համար, երբ գնդակով չէ` դժվարացնելով մրցակցի խաղը: Նրան հաճախ տեսնում ենք նաեւ պաշտպանական գործողություններին մասնակցելիս: Ճիշտ է` նա հրաշագործ վարպետ է, բայց եւ՝ իսկական սեւագործ ֆուտբոլիստ»:
ԴԻԵԳՈ ՄԱՐԱԴՈՆԱ
«Քրիշտիանու Ռոնալդուն հետաքրքիր ու հիանալի խաղ է ցուցադրում հիմնականում իր ֆիզիկական ուժի շնորհիվ, սակայն նա չունի Մեսսիի բազմակողմանիությունը: Բացի այդ, Մեսսին պորտուգալացուն գերազանցում է նաեւ արագությամբ: Մինչ Ռոնալդուն երկու հպում է կատարում գնդակին, այդ նույն ժամանակահատվածում Մեսսին կատարում է երեքը»:
ՅՈՀԱՆ ԿՐՈՅՖ
«Մեսսին ունի ֆուտբոլի սեփական փիլիսոփայությունը: Նա հանճար է: Առանց նրա «Բարսելոնան » կարող էր հաղթել եւ ցուցադրել լավ խաղ, բայց այն այդքան դիտարժան չէր լինի:
Մեսսիի խաղից ու փոխանցումներից շատ բան է կախված, բայց նա նաեւ շատ գոլերի հեղինակ է դառնում: Չլինելով կենտրոնական հարձակվող` Լեոն արդեն ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից է: Նա Ռոնալդինիոյի նման տպավորիչ է խաղում, իսկ գոլեր է խփում Ռոնալդոյի նման»:
ԴԵԿՈՒ
«Մեսսին սովորական հագուստով կարծես աշակերտ լինի, բայց երբ հագնում է ֆուտբոլային մարզաշապիկը, մնացած բոլորն են աշակերտ դառնում»:
ԲԻԿՍԵՆՏ ԼԻԶԱՐԱԶՅՈՒ
«Եթե կա ֆուտբոլի աստված, ապա դա Մեսսին է»:
ՍԱՄՈՒԵԼ ԷՏՈ’O
«Այն, ինչ անում է Մեսսին` գերմարդկային է: Նրան չի կարելի համեմատել ոչ ոքի հետ»:
ՖՐԱՆԿ ՌԱՅԿԱՐԴ