Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Է. ՀԱՅՈՑ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆԸ



Կոմիտասը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, երաժշտագետ, խմբավար, երգիչ, բանահավաք, մանկավարժ։ Հանրագիտարանային այս ձևակերպումները կարիք ունեն քիչ թե շատ մանրամասն մեկնաբանության։

Հայագիտության մեջ մեկ անգամ չէ արտահայտվել այն միտքը, որ ինչ արել է Կոմիտասը, համեմատելի է միայն մեծն Մաշտոցի արած գործի հետ։ Այս զուգահեռը խոր իմաստ ունի, ստույգ է ու տրամաբանական, և ահա թե ինչու։

Մաշտոցից առաջ էլ, նույնիսկ չարժե ասել, եղել է հայոց լեզու՝ իր հնչյունական համակարգով ու քերականությամբ, բայց նա էր, որ ստեղծելով հայոց գրերը՝ հանճարեղորեն հասկացավ ու սահմանեց հայերենի հնչյունական համակարգի ու քերականության օրենքները, որոնք դարեր շարունակ այդպես էլ էական փոփոխություն չկրեցին։ Գրի վերածելով՝ նա հավերժացրեց հայերենը, և այս իմաստով է ասվում՝ Մաշտոցն էր, որ հայերին հայոց լեզու տվեց։

Կոմիտասից առաջ էլ, դարձյալ չարժե ասել, եղել է հայ երգը, հնչել է հայոց նվագն ու մեղեդին, բայց Կոմիտասն էր, որ հանճարեղորեն հասկացավ ու սահմանեց հայոց երգային համակարգի ու երաժշտական «քերականության» օրենքները և ճանաչել տվեց դրանք։ Ահա այս իմաստով է ասվում՝ Կոմիտասն էր, որ հայերին տվեց հայոց երգը, նվագն ու մեղեդին։

Ճիշտ է նկատել Ավետիք Իսահակյանը. Կոմիտասը «հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ»։

Մաշտոց-Կոմիտաս զուգահեռը հանգեցնում է մի անառարկելի մտքի. երկուսն էլ մեծ գյուտարարներ են։ Առաջինն արել է հայ գրի, երկրորդը՝ հայ երգի գյուտը։ Եվ այդ երկու գյուտերն էլ ճիշտ կլինի բնորոշել հնոց ավանդական խոսքով՝ «նորոգ և սքանչելի»։

Հայոց երկու մեծերը զուգահեռվում են ևս մեկ ծանրակշիռ հիմքով՝ իրենց ապրած հեռավոր ժամանակների ստույգ նմանությամբ։ Մաշտոցի ապրած ժամանակը, որը 4-րդ դարն էր, ճակատագրական էր հայ ժողովրդի համար՝ ազգը երկփեղկված էր և կանգնած բնաջնջվելու ահռելի վտանգի առջև։ Այդ նույն իրողությունն էր 19-րդ դարում, որը Կոմիտասի ապրած ժամանակն էր։ Այն շարունակվեց նաև 20-րդ դարում՝ ստանալով ավելի ու ավելի վայրագ ձևեր, և միանգամայն տեղին էր Վահան Տերյանի տագնապը՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի»։ Այսպես՝ հազարավոր բերաններից հնչող տագնապներ, որոնց պետք է հակազդել, դիմակայել դրանց զենքից էլ զորեղ ազգային ոգեղեն ուժով։ Մաշտոցի դեպքում այդ ուժը հայոց գիրն էր, Կոմիտասի դեպքում՝ հայոց երգը։ Ազգապահպանման, ազգային գիտակցության հաստատման ու վերահաստատման երկու հզոր կռվաններ…

Հիրավի սխրանք էր այն, ինչ արեց Կոմիտասը։ Նա էր, որ հանճարի խորագիտությամբ և անսովոր ներզգացողությամբ ասպարեզ հանեց հայ բնիկ երգը՝ ջարդուփշուր անելով այն անհիմն կարծիքը, թե հայերն իրենց ազգային երաժշտությունը չունեն, թե այն եվրոպական և արևելյան ժողովուրդների երաժշտության պարզ նմանողությունն է, նմանակումը։ Խախուտ տեսակետ, որը, ցավոք, գրեթե համընդհանուր տարածում ուներ ոչ միայն օտարների, այլև հենց իրենց՝ հայերի շրջանում։ Հիշենք Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի մի արտահայտությունը, որ հնչում է Կոմիտասի բերանով. «Աշխարհում դուք ձեր երգն ունեք, ձեր երգը, խլացա՛ծ հայեր…»։ Կոմիտասն էր, ահա, որ գնաց այդ երգի հետևից և գնաց միակ ճիշտ ճանապարհով՝ դեպի ժողովուրդը։

Հանճարի դիմանկարի ամբողջացման համար ներկայացնենք նրա առավել բնորոշ մի քանի գծեր։

Կոմիտասն այսօր օպերաներ չունի, թեև հայտնի է, որ ձեռնամուխ է եղել օպերայի ստեղծմանը Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա, գրել է առանձին հատվածներ, որոնք նաև կատարվել են։ Չի գրել օրատորիաներ, երաժշտական այլ մեծակտավ գործեր։ Նրա ստեղծագործության հիմքում մեներգերն են ու խմբերգերը՝ չհաշված մի քանի արիաներ և ռոմանսներ։ Եվ, այնուամենայնիվ, Կոմիտասն է հայ մեծանուն կոմպոզիտորը, նրա ստեղծագործությունը՝ հայկական երաժշտարվեստի գագաթը։ Սինթեզելով ժողովրդական երաժշտության հատկանիշները և եվրոպական կոմպոզիտորական տեխնիկայի միջոցները՝ նա ստեղծեց մի արվեստ, որը լայն հեռանկարներ բացեց հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի համար, երաժշտական նյութի կազմավորման իր նորարարական մեթոդներով հայ երաժշտարվեստը մղեց դեպի 20-րդ դարի համաշխարհային երաժշտության զարգացման հուն՝ ինքը դառնալով այդ երաժշտության դասականներից մեկը։ Միանգամայն ճիշտ էր ճանաչված երաժշտագետ Թոմաս Հարտմանը. «Հայ երաժշտության զարգացման նախանձախնդիր ամեն ոք նախ պիտի ուսումնասիրի Կոմիտասին ու միայն այդուհետ սկսի ստեղծագործել։ Ով ուզում է հայ երաժշտությանը զարկ տալ, ավելի առաջ շարժել՝ նա այլ ճանապարհ չունի»։

Եվ դեռ ինչե՜ր էր անելու Կոմիտասը որպես կոմպոզիտոր։ Կիսատ մնացած «Անուշ» օպերայի մասին արդեն ասացինք, բայց կիսատ մնաց նաև «Վարդան Մամիկոնյան» հերոսական օպերան, որից մեզ են հասել մի քանի դրվագ և օպերայի մանրամասն պլանը։ Ծրագրել էր ստեղծել «Սասնա ծռեր» օպերան՝ հիմքում ունենալով հայոց դյուցազներգությունը և որոշ քայլեր էր արել այդ ուղղությամբ, բայց նրանից մեզ է հասել ընդամենը երկու էսքիզ՝ Դավթի և Մհերի հանդիպման վերջին պատկերը և մի երգամաս, այն էլ՝ ոչ ծավալուն։ Քիչ թե շատ ավարտուն է եղել Հ. Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» երկի հիման վրա ստեղծված համանուն կատակերգական օպերան, վկայություններ կան, որ այն նույնիսկ բեմադրվել է ընկերական նեղ շրջանակում, բայց, ավա՜ղ, դրանից էլ մնացել է ընդամենը երկու պատկեր։ Ճակատագրի դաժան խաղ…

Կոմիտասը ոչ միայն մեծ երաժիշտ էր, այլև խորագիտակ երաժշտագետ, երաժշտարվեստի անխոնջ հետազոտող, որի ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն էին եկեղեցական և ժողովրդական երաժշտությունը, հայ միջնադարյան երաժշտության ձայնանիշերը (խազերը)։ Հետազոտական աշխատանքներով զբաղվելով դեռևս Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1890-ական թվականներ)՝ նա հայ երաժշտագիտության մեջ առաջինը խորությամբ բացահայտեց հայ հոգևոր երաժշտության էությունը և հանգեց այն ստույգ եզրակացության, որ դրա հիմքը, ատաղձը ժողովրդական երաժշտությունն է։ Այդ «դիվային» միտքը հետամնաց կղերականությունը դիմավորեց սվիններով, եղավ ժամանակ, երբ Կոմիտասին արգելվեց հոգևոր երաժշտություն հնչեցնել եկեղեցու պատերից դուրս, աշխարհիկ բեմերից, բայց ի վերջո հաղթեց մեծ երաժիշտը և որտե՜ղ չհնչեցրեց հայ հոգևոր երգը…

Կոմիտասն առաջինը ձեռնամուխ եղավ հայ ժողովրդական երաժշտության գիտական ուսումնասիրությանը, վերջնականապես ճշտեց նրա կերպարային, ժանրային ու ոճական հատկանիշները, կառուցվածքը և տեղը համաշխարհային երաժշտական արվեստի գանձարանում։

Նա էր, որ առավել խորացավ միջնադարում տարածված, բայց այնուհետ մոռացված խազագրության (հայկական նոտագրության) գաղափարների մեջ և հոդվածներից մեկում նույնիսկ խոստովանում է՝ «Ես գտել եմ հայ խազերու բանալին», ժամանակակիցների վկայությամբ՝ գրել էր նաև խազերի ուսումնասիրությանը նվիրված աշխատություն, բայց, ավա՜ղ, այն այդպես էլ մնաց անտիպ, կորավ, և հայ միջնադարյան երաժշտության բազմաթիվ գոհարների ձայնանիշերն առայսօր մնում են չվերծանված։ Դարձյալ ճակատագրի դաժան խաղ…

Կոմիտասը նաև մեծ ազգագրագետ էր, բանահավաք, և որպես այդպիսին` իր գործունեության սկզբունքը բանաձևել էր ինքը. «Ժողովուրդն է ամենամեծ ուսուցիչը, գնացեք և սովորեք նրանից»։ Այդ «գնալն ու սովորելը» նրա տարերքն էր դեռևս Գևորգյան ճեմարանում ուսանելիս, ժամերով անհետանում էր՝ գյուղերում ժողովրդական երգեր հավաքելու և ձայնագրելու (նոտագրելու)։ Նրա այս «անկարգությունը» չէր կարող չհարուցել ճեմարանի վերակացուների զայրույթը, բայց Վեհափառ հայրապետ Խրիմյան Հայրիկը, իմանալով, թե ինչ նպատակով է ճեմարանի սանը լքում Մայրավանքը, ոչ միայն թույլատրեց, այլև խրախուսեց, որ նա ավելի ու ավելի շատ երգեր հավաքի ու ձայնագրի։

Ժամանակակիցների վկայությամբ՝ այդ ընթացքում (մինչև 1904 թվականը) Կոմիտասը հավաքել և ձայնագրել է շուրջ երեք հազար ժողովրդական երգ (տարեկան՝ 200-300), բայց, եթե նկատի ունենանք, որ նա այդ գործով զբաղվել է նաև հետագա տարիներին, մինչև 1915 թվականը, ընդ որում՝ ավելի ակտիվորեն, ապա այդ թիվն ընդհանուր առմամբ պետք է հասներ յոթ-ութ հազարի։ Մասնագետները հաշվել են, որ դրանցից պահպանվել և մեզ են հասել ընդամենը 1200-ը։ Ո՞ւր են մյուս ձայնագրությունները, կգտնվե՞ն երբևէ՝ անհայտ է։ Եվ դարձյալ՝ ճակատագրի դաժան խաղ…

Կոմիտասը նաև մեծ խմբավար էր, որպես այդպիսին՝ անկրկնելիորեն եզակի, և դա՝ շնորհիվ այն բանի, որ կատարելապես տիրապետում էր կատարողական արվեստի այն հիանալի գործիքին, որի անունն է երգչախումբ։ Ցավոք, հասկանալի պատճառներով մենք այսօր չունենք հնարավորություն՝ անմիջականորեն ունկնդրելու և հիանալու Կոմիտասի խմբավարական արվեստով, բայց այն բնութագրումներն ու գնահատականները, որոնք տրվել են նրան որպես խմբավարի, լիովին բավարար են մեծ երաժշտին լիարժեքորեն տեսնելու նաև այդ դերում։ Բավարարվենք միայն մեկ գնահատականի վկայակոչմամբ. «Աշխարհի ոչ մի երգչախումբ այնքան մաքուր և հստակ երգած չէ, որքան Կոմիտասինը» (Ֆրանց Էնտրեսի)։

Կոմիտասը նաև մեծ երգիչ էր, հայ երգի անզուգական կատարող-մեկնաբան։ Հիրավի աստվածային է եղել նրա ձայնը։ Դեռ մանուկ էր, Գևորգյան ճեմարանի սան, Գևորգ Դ կաթողիկոսը Վեհարանից հատուկ մտնում էր Մայր տաճար՝ լսելու Կոմիտասին։ Ինքնակենսագրականում գրում է, որ «երգելու ժամանակ ծերունի Հայրապետի արցունքները գլորվում էին և թավալվելով երկար ու ճերմակ մորուսի վրայով՝ թաքնվում էին փիլոնի ծալքերի մեջ»։ Երգեց Բեռլինում, և քաղաքի օպերային թատրոնի տնօրենը նրան աշխատանքի հրավիրեց՝ խոստանալով բարձր աշխատավարձ, բայց Կոմիտասը մերժեց՝ իր առաքելությունը տեսնելով հարազատ ժողովրդին ծառայելու մեջ։ Հայ երգն աղավաղողների ոխերիմ թշնամին էր։ Պատմում են՝ մեկը պատարագի ժամանակ հայեցի չի հնչեցնում «ազատություն» բառը, ծաղրանքով ասում է. «Եթե ես Աստծո տեղը լինեի՝ այդ տեսակ ազատություն խնդրող մարդուն ստրկություն կշնորհեի»։

Կոմիտասը նաև մեծ մանկավարժ էր. մշակեց ուսուցման նոր մեթոդներ, գրեց դասագրքեր, և նրա բազմաթիվ սաներ հետագայում դարձան նշանավոր երաժիշտներ։ Հրաշալի գիտեր հայ հին, միջնադարյան և իր ժամանակի գրականությունը, տիրապետում էր բազմաթիվ բարբառների, և նրա բանասիրական-գրականագիտական մտքերն ու մտորումները իրավունք են տալիս նրան համարելու նաև խոշոր բանասեր։ Գրել է նաև բանաստեղծություններ, որոնք մտադիր էր վերածել երգի, բայց, ավա՜ղ, չհասցրեց…

Կոմիտասն իր ժամանակի կրթյալ մարդկանցից էր (սովորում է Բեռլինում, Շմիդտի նշանավոր կոնսերվատորիայում, ապա Արքունական համալսարանում, ի դեպ՝ ազգային բարերար Ա. Մանթաշյանի հովանավորությամբ), դարձել է Միջազգային երաժշտական ընկերության առաջին անդամներից։ Կատարելապես տիրապետելով գերմաներենին ու ֆրանսերենին՝ դարձել է հայ երգի մեծ քարոզիչ, եվրոպական հեղինակավոր դահլիճներում հանդես է եկել դասախոսություններով, համերգներով՝ ամենուր թողնելով ցնցող տպավորություն։ Ժամանակի ռուս և եվրոպացի բազմաթիվ կոմպոզիտորներ ու երաժշտագետներ նրան համարել են համաշխարհային նշանակության երաժիշտ։

Լինելով զգայուն մարդ՝ չդիմանալով 1915-ի եղեռնագործությանը, կորցրեց հոգեկան հավասարակշռությունը և իր մահկանացուն կնքեց 1935-ին, Փարիզի հոգեբուժական հիվանդանոցներից մեկում։ Մանկուց որբանալով՝ նա դարձավ իր ժողովրդի սիրասուն զավակը։ Ծնունդով Սողոմոն էր, 1894-ին նրան շնորհվեց 7-րդ դարի հայոց կաթողիկոս, բանաստեղծ-երգահան Կոմիտաս Ա Աղցեցու անունը, և նա, արդեն որպես Կոմիտաս, ինքը դարձավ Ամենայն հայոց երգի Վեհափառը՝ նրա մշտարթուն, անլռելի զանգակատունը։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Հոգևոր-մշակութային


04/04/2012