Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԷՐ



1992թ.

ՄԱՐՏ

Մարտի 2-ին սկսվեց նաև Ստեփանակերտից նախկին խորհրդային բանակի 366-րդ գնդի դուրսբերումը: Երևանն այն անվանեց «չմտածված գործողություն, որն անպայման կխախտի ուժերի հավասարակշռությունը»:

Նույն օրը Քարվաճառի երկնքում, Վարդենիսի լեռնաշղթայի մոտ, «երկիր-օդ» դասի հրթիռով խփվեց «ՄԻ-26» ռազմատրանսպորտային ուղղաթիռը: Անձնակազմը և կամավորները (16 մարդ) զոհվեցին: Աղետի վայր մեկնած երկու ուղղաթիռները (հրամանատարներ Ռաֆայել Մեհրաբյան և գնդապետ Էրիկ Մարտիրոսյան), մթության պայմաններում չկարողացան վայրէջք կատարել լեռներում: Հաջորդ առավոտյան պարզվեց, որ չզոհվածները մի կերպ հեռանալով ուղղաթիռից, որը շուտով պայթելու էր, գիշերը սառել էին…

Մարտի 3-ին ետ մղվեց տանկերի աջակցությամբ հարձակումը Կիչանի վրա: ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ՝ ստեղծվեց պաշտպանության խորհուրդ, հաստատվեց նրա կազմը, ինչպես նաև ձևավորվեց ընդհանուր հրամանատարություն, որին ենթարկեցվեցին ԻՊՈՒ բոլոր կազմավորումները:

Մարտի 5-6-ի արյունալի կռիվներում տալով 26 զոհ, հայերը թողեցին Ղազանչին:

Մարտի 6-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը հրաժարական տվեց: Նույն օրը հետ մղվեց Ասկերանի վրա խոշոր հարձակումը:

Մարտի 7-ին Ադրբեջանի վարչապետ Հասանովը հայտարարեց, որ Բաքուն կշարունակի ազգային բանակի կազմավորումը, որն այնուհետև կուղարկվի Ղարաբաղ և «Մարտական գործողություններ կվարի մինչև լիակատար պարտություն կամ հաղթանակ»:

Մարտի 10-ին ՀՀ գերագույն խորհուրդն ընդունեց «Պաշտպանության մասին» և «Զինվորական կոչումների մասին» ՀՀ օրենքները: Որոշ պատգամավորներ դժգոհեցին ազգային զինված ուժերի ստեղծման ընթացքում խորհրդային բանակի կոչումների նմանակումից: ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կոչ արեց արագացնել պաշտպանության ու բանակի մասին բոլոր օրենքների ընդունումը, որպեսզի արագորեն ստեղծվի օրենսդրական հիմք, ու բանակի կազմավորման ընթացքը չդանդաղի:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. մարտի 1-10-ը հայկական բնակավայրերը հրթիռակոծվել են 280 անգամ: Զոհվել է 87, վիրավորվել ավելի քան 200 խաղաղ բնակիչ, ավերվել է 800 տուն, հիմնականում Ստեփանակերտում:

Ադրբեջանական բանակը մեծաթիվ կորուստներից հետո որդեգրեց նոր մարտավարություն՝ հարձակումների փոխարեն դիմելով հեռվից խաղաղ բնակավայրերի զանգվածային հրթիռահրետակոծումներին:

Մարտի 11-12-ի կռիվներում տալով չորս զոհ, կամավորները վնասազերծեցին Սրխավենդի ու շրջակա գյուղերի թշնամական կրակակետերը՝ փորձելով ազատագրել Ղազանչին, ինչպես նաև նպաստավոր դիրքերի տիրացան Լիսագորի ուղղությունում:

Նույն օրն ինքնապաշտպանության ուժերը, անցնելով հակահարձակման, հետ շպրտեցին ավանից մոտ 1 կմ հեռու՝ նավթամթերքների բազային հասած թշնամուն և, վերականգնելով ԼՂՀ պետական սահմանը, հարվածեցին անգամ Աղդամին, ծանր հարված հասցրին Շելլին, թշնամուն դուրս քշեցին նաև Խրամորթից և վերականգնեցին ԼՂՀ ողջ արևելյան սահմանը: Թշնամին թողեց 4 «Տ-12» հակատանկային հրանոթ, 1 «Տ-72» տանկ, 2 զրահամեքենա ու 150.000 փամփուշտ՝ տալով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Նույն օրը երեկոյան ինքնապաշտպանության ուժերը լրիվ ազատագրել էին Սրխավենդը, Ղազանչին, Բերդա-Փայան, Օրդա-Գյունեփայան և Մանիքլուն, բացել էին Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղին ու ծանր կռիվներ էին մղում Բաշ-Գյունեփայայի համար: Այսպիսով, ազատագրվեց Մարտակերտի համար խոց դարձած մի ենթաշրջան, որի ադրբեջանցի բնակիչների թիվը 1989 թվականից հետո երեք տարում կրկնապատկվել էր:

Նույն օրը թշնամին մտավ Այգեպար, ինչպես նաև սարսափելի վնասներ պատճառեց Մովսես ու Ներքին Կարմիրաղբյուր գյուղերին: Սակայն ինքնապաշտպանական ջոկատներին օգնության հասած ՄՀՕՋ ստորաբաժանումների օգնությամբ՝ ՀՀ պետական սահմանը վերականգնվեց:

Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի միջնորդությամբ՝ ՀՀ Նախագահը, Ադրբեջանի ու Նախիջևանի խորհրդարանների նախագահները հեռախոսով պայմանավորվեցին ժամանակավոր զինադադար հաստատել: Իսկ ԱՊՀ միացյալ զինված ուժերի մամլո կենտրոնը հայտարարեց, որ որոշում է ընդունվել հանել հայ-ադրբեջանական սահմանում գտնվող բոլոր ուղեկալները:

Մարտի 13-ին ազատագրվեց Բաշ-Գյունեփայան, գտնվեցին Սրխավենդն ազատագրելիս անհայտ կորած 10 ազատամարտիկների աճյունները:

Մարտի 14-ին Արթիկում արտակարգ դրություն հայտարարվեց, երբ նախկին խորհրդային ՀՕՊ գնդի հրամանատարը, խախտելով զենք ձեռք բերելու եկած կամավորների հետ պայմանավորվածությունը, կրակ բացեց նրանց ու շրջակա բնակելի շենքերի վրա՝ քաղաքին հասցնելով հինգ միլիոն ռուբլու վնաս: Զոհվեցին երեք կամավոր և մեկ սպա, երկուստեք կային պատանդներ, արտակարգ դրության հաստատումից հետո հանրապետության իշխանությունները լրիվ վերահսկում էին իրավիճակը:

Մարտի 15-ին «ՄԻ-24» ուղղաթիռները օդային հարվածներ հասցրին Շոշին ու Ասկերանին: Հրթիռակոծվեցին Բադարան ու Ասկերանը, իսկ Քյոսալարի ու Ջանհասանի ուղղություններում մարտերը շարունակվում էին:

Մարտի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակվեց Շուշիի պարետ Ռահիմ Ղազիևը, որն էլ հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արմատապես վերակազմավորելու անհրաժեշտության մասին: Հայտարարվեց 20-40 տարեկանների զորակոչ: Փոխվեց նաև ՆԳ նախարարը:

Խոջալուի օդանավակայանի մասնակի նորոգումից հետո վերականգնվեց Երևանի հետ ինքնաթիռային կապը:

Նույն օրը մեծ կուտակումներ նկատվեցին Մարտունի-Ֆիզուլի սահմանագծին, իրավիճակը սրվեց նաև Իջևանում ու Նոյեմբերյանում, որտեղ Մազամ, Վերին և Ներքին Ասկիպարաներ, Բարխուդարլու և Սոֆուլլու գյուղերի վերջին բնակիչները ողջ ունեցվածքով սկսեցին հեռանալ՝ իրենց տեղը զիջելով զինված կազմավորումներին:

Ադրբեջանի ղեկավարությունը մեկնեց Աղդամ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հայտարարեց, որ վճռական է՝ պաշտպանելու վտանգված քաղաքը: Իսկ Հեյդար Ալիևն առաջարկեց Աղդամի պաշտպանության ամրապնդման համար զինադադար կնքել հայկական կողմի հետ:

Վանաձորի կայազորում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը հայտարարեց, որ հաճախակի են դարձել կամավորների զորամասեր ներխուժելով թալանի դեպքերը, և քանի որ 7-րդ բանակի ունեցվածքն ազգայնացվում էր, նման վարքագիծը որակեց որպես «ազգադավ» և հայտնեց, որ զորամասերի մուտքերն ականապատվել են, իսկ անձնակազմին հրամայվել է հարձակման դեպքում կրակ բացել:

Մարտի 19-ին վիճակը սրվեց Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Բաղանիս ու Ոսկևան գյուղերում, որոնց պաշտպաններին օգնության եկան Վանաձորի, Թումանյանի ու Աշտարակի երկրապահ ջոկատները:

Մարտի 27-ին ադրբեջանական կողմը զենիթային գնդացիրներից կրակ բացեց Երևան-Ստեփանակերտ չվերթի «ՅԱԿ-40» ինքնաթիռի վրա, խափանված շարժիչով ինքնաթիռը հրաշքով վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում: Վիրավորվեց տասը ուղևոր:

Մարտի 28-ին Մարտակերտի երկնքում խփվեց թշնամու ուղղաթիռը, որն ընկավ Ադրբեջանի տարածքում:

Մարտի 29-ին, երբ Ադրբեջանը լրիվ վիժեցրել էր Իրանի նախաձեռնությամբ հաստատված հրադադարը, Շուշիից և Ղայբալուի, Ջանհասանի ու Քյոսալարի հենակետերից 1000 զինվոր 15 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ գրոհեցին Ստեփանակերտը, բայց, թողնելով շուրջ 100 դիակ, հետ շպրտվեցին: Զոհվեց 13 կամավոր:

Նույն օրը, Հադրութում այլևս չկարողանալով պաշտպանել «Օղակի» օրերին հայաթափվելով ռազմական հենակետի վերածված Դոլանլարը, ադրբեջանցիները հրդեհեցին այն եւ հեռացան, իսկ Մարտակերտում հայերը վերջնականապես ազատագրեցին Ղազանչին:

Մարտի 30-ին Հադրութում ազատագրվեց 30-ական թվականներին Ֆիզուլիին կցված Հողերը: Զոհվեց մեկ ազատամարտիկ, վերցվեց բավական ռազմավար:

ԱՊՐԻԼ

Ապրիլի 1-2-ին, Քարվաճառի կողմից մտնելով Իմերեթ-Գերեվենդ, ադրբեջանցիները փորձեցին զարգացնել հարձակումը դեպի Չափար, սակայն հետ շպրտվեցին դեպի ելման դիրքեր:

Ապրիլի 7-ին ԼՂՀ ԳԽ նախագահության նիստում որոշվեց «մինչև ԼՂՀ քաղաքացիների համընդհանուր զինապարտության մասին» օրենքի ընդունումը քաղաքացիների իսկական զինվորական ծառայության զորակոչն իրականացնել մայիս-հունիս ամիսներին՝ գործող օրենսդրության համաձայն»:

Նույն օրը Ադրբեջանի իշխանություններն ընդունեցին «Ազգային ինքնապաշտպանության ուժերում ռազմադաշտային դատարաններ ստեղծելու մասին» որոշումը, որը թելադրված էր բանակում դասալքության, ծառայության վայրերն ինքնակամ լքելու և հրամանատարությանը չենթարկվելու համատարած դեպքերով, ինչպես նաև սկսեցին Մերձբալթիկայից ու Բելառուսից հետ կանչել ադրբեջանցի զինծառայողներին: Միաժամանակ ներքին անկարգությունները զսպելու նպատակով Նավթալան քաղաքում ու Բարդայի, Դաշքեսանի, Աղջաբեդիի, Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի ու Գետաբեկի շրջաններում մտցվեց նախագահական կառավարում:

Ապրիլի 8-ին Քարվաճառի ուղղությունում մի քանի ժամում առանց զոհերի ազատագրվեց Աղդաբանը, ադրբեջանցիները թողեցին 10 դիակ ու ռազմավար:

Նույն օրն Ալբերտ Դանիելյանի ղեկավարած «Շիլկայի» հաշվարկը Ղաջարի կռիվներում մարտական ուղղաթիռ ոչնչացրեց, որը, ըստ տեղեկությունների, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդ բարձրացած առաջին ուղղաթիռն էր:

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ Մարաղայի ողբերգությունը: Թշնամին, մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ մտնելով գյուղ, գազանաբար սպանեց 52 բնակչի, հիմնականում՝ կանանց ու ծերունիների, ևս 53-ի պատանդ վերցրեց:

Անհաջող այդ օրը Մարտունիում ձախողվեց Ղաջարի գրավման փորձը. թշնամուն հաջողվեց գրավել որոշ բարձունքներ ու ետ վերցնել կորցրած հրանոթը, իսկ Ստեփանակերտի ուղղությունում վերատիրանալ Ղայբալիշենը վերահսկող բարձունքին:

Ապրիլի 12-13-ին երկու զոհի գնով հետ մղվեց Էրքեջի ուղղությամբ խոշոր հարձակումը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


04/04/2012