ԴԱՏԱՐԱՆ ՄԻ՛ ԴԻՄԵՔ
Հարց- Քաղաքացի Ա.Կարապետյանը այլ վայր բնակության մեկնելու կապակցությամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը վաճառել է ինձ: Առուծախի պայմանագրում այդ տանը բնակվող ընտանիքի մյուս անդամների իրավունքների մասին մեր կողմից որևէ վերապահում չի կատարվել: Պայմանագիրը կնքելուց հետո Կարապետյանը մեկնել է արտասահման: Տան մյուս բնակիչները այժմ հրաժարվում են ազատել բնակարանը:
Ես իրավունք ունե՞մ նրանց բնակարանից վտարելու, և ի՞նչ կարգով է դա կատարվում:
Պատասխան- Քանի որ Ձեր կողմից նշված բնակելի տարածքը օգտագործվել է ինչպես Ա. Կարապետյանի, այնպես էլ նրա հետ համատեղ բնակվողների կողմից, ուստի բնակարանը վաճառելիս նա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570-րդ հոդ. համաձայն, պարտավոր էր ներկայացնել այն անձանց ցուցակը, որոնց բնակելի տարածության օգտագործման իրավունքը, մինչև նշված առուծախի պայմանագիրը կնքելը, գրանցված է եղել օրենքով սահմանված կարգով:
Նման պահանջը պարտադիր է այն պատճառով, որ բնակարանի սեփականության իրավունքը վաճառողից գնորդին, այսինքն` Ա.Կարապետյանից Ձեզ փոխանցելը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդ. 5-րդ կետի, հիմք չէ ընտանիքի անդամների իրավունքի դադարեցման համար, բացառությամբ այն դեպքի, երբ ընտանիքի` բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անդամները մինչև սեփականության իրավունքը փոխանցելը նոտարական կարգով վավերացված պարտավորություն են ստանձնել օգտագործման իրավունքից հրաժարվելու մասին:
Ուստի Ա.Կարապետյանի ընտանիքի անդամներին բնակարանից վտարելու Ձեր հայցը դատական կարգով կլուծվի հօգուտ նրանց:
Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Սոցիալ-իրավական