ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՐՈՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ի վերջո, ամեն հայագիտական (և ոչ միայն) աշխատություն, հետազոտություն կամ ուսումնասիրություն նախ և առաջ հայրենիքը փնտրելու և գտնելու փորձ ու ձգտում է, մի յուրօրինակ ճամփորդություն հայրենի պատմության ու մշակույթի հազարամյա բավիղներով… «Համշենի մանրատեղանունները» գրքի հեղինակ Լուսինե Սահակյանը, անցնելով ժամանակների ու տարածությունների միջով, իր հայրենիքը, ասել է թե՝ իրեն, իր արմատները, իր ինքնությունը փնտրել է հայրենի բառերի աշխարհում: Գիտական լեզվով ասած` նա բարբառագիտական, ժողովրդագրական դաշտային աշխատանքներ է կատարել ժամանակակից Թուրքիայի Արդվինի և Ռիզեի նահանգների համշենահայերի բնակավայրերում, հատիկ-հատիկ փնտրել է նրանց խոսակցական թուրքերենում այսօր էլ գործածվող հայկական մանրատեղանունները` արոտավայրերի, կալերի, ճահիճների, անտառների, բլուրների, գետակների, աղբյուրների, առվակների, հանդերի, ջրհորների ու ձորակների անվանումները, ենթարկել է լեզվագիտական քննության և գիտական աշխարհին ցույց տվել, որ դրանք բուն հայկական են (թեև այդ բառերն իրենց առօրյա խոսքում օգտագործող մահմեդականացած ու թրքախոս համշենցիներն այդ մասին չգիտեն ու մտքներով չի էլ անցնում), նրանցում առկա են հին և միջին հայերենի արմատներն ու հիմքերը, բառակազմական ձևույթները` հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքներից ու թուրքերենից բխող հնչարտասանական նստվածքով: Իսկ պատկերավոր ասած` հետազոտողը ոսկեխույզի տենչով ու համբերատարությամբ մաղել է գետաբերանի ավազահատիկները, մաքրել, քերել է նրանց վրայի ժամանակներով, մեր ժողովրդի պատմությունով ու ճակատագրով պայմանավորված լեզվական «նստվածները»` գտնելու մեր հազարամյա ոսկեհատիկ բառը: Եվ բոլորովին էլ հեշտ գործ չկարծեք, ասված դժվարություններին գումարեք նաև այն, որ համշենի բարբառը համարվում է հայերենի ամենից խրթին բարբառներից մեկը: Այս կարծիքին է եղել նաև հայտնի լեզվաբան Հրաչյա Աճառյանը, որը միաժամանակ հավելել է, որ այն «հարուստ է գրաբարի այնպիսի հազվագյուտ բառերով, որ ոչ մի բարբառի մեջ կարելի չէ գտնել և նրանում պահպանված գրաբարյան շերտերը վկայում են բարբառի հնագույն լինելու մասին»: Այո՛, հայերենի հնագույն բարբառներից մեկով խոսող հայ ժողովրդի մի հատված, որի հիմնադրած բնակավայրերի մեծ մասի անվանումները թուրքական իշխանությունները հետևողականորեն կամ հիմնովին փոխել են կամ էլ աղավաղել այնպես, որ հայկականի ոչ մի նշույլ չի մնացել: Մատնանշելով համապատասխան աղբյուրը, հեղինակը գրում է. «Այդ ընթացքում (1913 թ. դեկտեմբերի 16-ից սկսած) փոխվում են նաև Համշենի նահիյեի գյուղանունները: 1916 թ. հունվարի 5-ին Էնվեր փաշայի` երկրում հայկական, հունական, բուլղարական և այլ ոչ մահմեդական տեղանունների փոփոխման հրամանագրից հետո նույն թվականի հուլիսի 3-ին Տրապիզոնի նահանգապետարանը կազմում է 23 էջանոց մի ցուցակ, որում ընդգրկված էին Սամսոնից մինչև Արդվին ընկած տարածաշրջանի գյուղերի հին ու նոր անունները»: Այսուհանդերձ, սույն գիրքը գալիս է հաստատելու, որ ի հեճուկս թուրքական իշխանությունների վայրենի քաղաքականության` ջնջելու, երկրի երեսից վերացնելու հայկական ամեն հիշողություն, Համշենի, Չամլըհեմշինի և Արտաշենի գավառների բնակչությունը իր հիշողության ծալքերում անթեղված պահել է դարերի խորքից եկած հայկական ժողովրդական տեղանունները:
Խուսափելով Լուսինե Սահակյանի սույն աշխատանքը բնորոշել որպես հայրենասիրության վառ դրսևորում, քանզի իմ համոզմամբ գիտական ամեն լուրջ, արժեքավոր աշխատանք, անկախ նրա ուղղվածությունից, արդեն հայրենասիրություն է, այնուամենայնիվ պարտավոր եմ շեշտել, որ հեղինակը իսկապես հայրենասիրական լուրջ քայլ է կատարել` առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դնելով պատմական, ազգագրական, բարբառագիտական և ժողովրդագրական առանձնակի արժեք ներկայացնող թվով հարյուր մանրատեղանուն:
Ըստ հեղինակի` նախկինում բռնի մահմեդականացված համշենցիների ներկայիս սերունդները թեև մոռացել են իրենց նախնիների մայրենին` հայոց լեզուն, կորցրել են հայկական ինքնությունը, այնուամենայնիվ նրանք շարունակում են գործածել իրենց բնակավայրերի` մեծերից ավանդված տեղանուններն ու մանրատեղանունները, ինչպես նաև բազմաթիվ կենցաղային բառեր ու տեղանուններ, որոնք, ենթարկվելով բառապատկերի լրիվ աղճատման, առաջին հայացքից թվում են օտար, անհասկանալի, սակայն «իրականում տեղական բարբառային կամ օտար հնչյունական շղարշով տեղանվան մեջ անթեղված է մաքուր հայկական բառը` իր ձևույթով հանդերձ»: Եվ հետազոտողին հաջողվում է տարեց համշենցիների բերանից լսել ու գրանցել հետևյալ` գաթի սէր (կաթի սեր), էձբէդուկ (այծպտուկ, իծապտուկ` խաղողի տեսակ), Բէղլուտ (բաղեղ+ն+ուտ), Մեղո (Մեղու) պարզ բնիկ հայկական բառերն ու տեղանունները, ինչպես նաև` Աղփիափ- արոտավայրի անուն է, որը ենթադրաբար կազմվել է աղբյուր և ափ բառերից` աղբրիափ, Աղփէնօս – կազմվել է աղբ+անոց բաղադրիչներից` այսինքն` գոմաղբով ծածկված վայր, Այրիքուր – արոտավայրի անուն է, կազմվել է այրի+քար բաղադրիչներից` Այրիքար, Գալէր – կալ+էր բառն է, նշանակում է` կալ` ցորեն կամով մաքրելու տեղ, Ընգէզութ – կազմվել է ընկույզ+ուտ բաղադրիչներից (օրինակ` Կաղնուտ, Թեղուտ), Լօրութ – կազմվել է լօրի (ծառատեսակ)+ ուտ բաղադրիչներից, ացթուր – կազմվել է խաչ+դուռ բաղադրամասերից` խաչդուռ, Մէձօվիտ – տեղանունը կազմվել է մեծ+հովիտ բաղադրիչներից` Մեծհովիտ, Մացութ – բաղադրամասերն են` մացառ+ուտ` Մացառուտ, Ցաքութ – ցախ+ուտ` Ցախուտ, Գարմիսա – գարմի(ր)+սա(ր)` Կարմիր սար, Սալ – կոկված կարծր քար` սալ, Քարափ – տեղանունը կազմվել է քար+ափ բաղադրիչներից, Օցուտ – օձ+ուտ` Օձուտ, Գլինխաչ – տեղանվան երկրորդ բաղադրիչը խաչ բառն է, Զէմագ – ծմակ բառն է` արև չտեսած, Թէքինդուզ – կազմվել է թեք + դուզ (հարթ, հարթավայր), Օթնափուր – բաղկացած է օղթն (յոթ) + աղբյուր բառերից և այլն, և այլն:
Հեղինակը հետաքրքիր լեզվական փաստեր է գրանցել նաև Մաքրևիս գյուղի բնակիչներից: Օրինակ՝ տիկին Գյոնուլ Գյուլայը իր թուրքերեն խոսքում օգտագործել է վանք բառն ու հիշատակել հին հայկական գերդաստաններից մի քանիսի անունները` Ալէքսի տուն, Անթոնի տուն, Ավէթիքի տուն, Բողօսի-Պողոսի տուն, Գինօսի տուն, Խաչիկի տուն, Դարբինի տուն և այլն, անգամ տվել է իր քէրէգինի – քեռակնոջ` Միրիէի անունը:
Ամփոփելով Լուսինե Սահակյանի «Համշենի մանրատեղանունները» օրերս լույս տեսած աշխատասիրությունը, նշենք, որ այն ոչ միայն նշանակալի ներդրում է հայ տեղանվանագիտության ու բարբառագիտության մեջ, այլև կարող է լույս սփռել Համշենի պատմության տարատեսակ խնդիրների պարզաբանման վրա: Այնպես որ, գրքի հեղինակին հաջողվել է կորստից ու մոռացությունից փրկել Համշենի և առհասարակ Արևմտյան Հայաստանի մի շարք մանրատեղանուններ, որոնք մեր պատմական և մշակութային ժառանգության անբաժան մասն են:
Վերջում հավելենք, որ Լուսինե Սահակյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է և հրատարակել է Հայաստանի պատմական ժողովրդագրությանը, հայկական տեղանուններին և Համշենահայերի պատմությանը նվիրված մի շարք գիտական հոդվածներ: Հեղինակն է «Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում» (Երևան) և «Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում» (Մոնրեալ) մենագրությունների: Ղեկավարում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժինը:
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Հոգևոր-մշակութային