ՉԳՐՎԱԾ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Շարունակում ենք հարցազրույցների շարքը ԵՊՀ քաղաքական գիտության պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ հետ
-Պարոն Ենգոյան, մոտավորապես 20 տարի առաջ հայ հասարակությունը փոխեց իր քաղաքական, տնտեսական, գաղափարական-արժեքային համակարգը։ Ես պիտի խնդրեմ, որ համառոտ բնութագրեք կոմունիստական գաղափարախոսությունից ազատականության անցման յուրահատկությունները։
-Հենց սկզբից պիտի նշեմ, որ կա էական ընդհանրություն լիբերալիզմի և սոցիալիստական տեսության միջև, և սա շատ էական նշանակություն ունեցավ անցման փուլում։ Խորհրդային շրջանի բարեփոխումների գաղափարական հիմքը լիբերտարիզմն է, որը տեսական լիբերալիզմի ժամանակակից տարատեսակն է։ Ըստ տեսաբանների՝ լիբերտարիզմը ավելի շատ քաղաքատնտեսական ուղղվածություն ունեցող տեսություն է։ Դրա գաղափարական հիմքում ընկած է «շոկային թերապիայի» գաղափարը… Երբ պետությունը միանգամից հեռանում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներից՝ թողնելով շուկայի տրամաբանությունը։ Իսկ սոցիալիզմի հետ լիբերալիզմի ընդհանրությունը դրսևորվում է մի շարք գաղափարների նույնականությամբ։ Երկու գաղափարախոսությունների հիմքում էլ ընկած են արդարության, հավասարության, բարեկեցության գաղափարները, երկուսն էլ պետության դերի նվազեցման ջատագովներ են։ Երկուսն էլ ունեն աթեիստական նկրտումներ։
-Խղճի ազատությունը լիբերալիզմի բարոյախոսության մեջ ամրագրված սկզբունք է։
-Այո՛, լիբերալիզմին մեղադրել աթեիզմի մեջ, չի կարելի, սակայն նա իր որդեգրած սկզբունքներով ու գաղափարական առաջնահերթություններով հետին պլան է մղում կրոնի և հոգևոր ըմբռնումների ու բարոյախոսության դերակատարումը։ Խորհրդային կրթադաստիարակչական և քարոզչական ինստիտուտները շատ հիմնավոր ու ծրագրավորված` կոմունիզմի գաղափարները ներարկում էին յուրաքանչյուր բարձրացող սերնդի հոգեբանության մեջ՝ սկսած մանկապարտեզից մինչև ծերություն… Ուստի նույն այդ խորհրդային հասարակության համար բոլորովին էլ օտար ու արտասովոր չէին լիբերալիզմի սկզբունքները։ Ընդհակառակը՝ սրտամոտ էին ու ընկալելի։ Այսպիսով, խորհրդային հասարակությունը պատրաստ էր ընդունելու լիբերալիզմը՝ որպես նոր իրականություն ձևավորելու գաղափարախոսություն։
-Փաստորեն, նա, ով առնչվել է կոմունիստական գաղափարախոսությանը, կարող էր սահուն անցում կատարել դեպի լիբերալիզմ։ Թվում է՝ դրանք գաղափարների հակոտնյա համակարգ են։
-Հակոտնյա կարող է լինել դրանց կիրարկումը, գործնական դրսևորումները։ Կոմունիստական գաղափարախոսությունը, որով դաստիարակվում էր խորհրդային հասարակությունը, չէր նույնանում այն իրականության հետ, որում ապրում է այդ նույն հասարակությունը։ Մարդկանց մի մեծ զանգված, որը այդ գաղափարախոսության կրողն էր, որոնում էր դրանք կյանքի կոչելու նոր ճանապարհ։
-Պարոն Ենգոյան, որպես քաղաքագետ՝ ի՞նչ բնութագիր կտաք այն հասարակությանը, որը հետագայում պետք է կառուցեր անկախ երկիր և ձևավորեր այդ երկրի գաղափարախոսությունն ու բարոյախոսությունը։
-Խորհրդային հայ հասարակության մի քանի սերունդ ապրեց գաղափարական խառնաշփոթի և ձևախեղումների քաոսում։ Կար հասարակության մի շերտ, որը հավատարիմ մնաց այն գաղափարներին, որին դավանել էր։ Մի մասը հարմարվեց իրականությանը, դարձավ խեղված արժեքների կրողը և վերարտադրողը։ Ամեն դեպքում, քարոզվող գաղափարների և իրական արժեհամակարգի անջրպետը որոշակիորեն ազդեց հասարակության հոգեբանության վրա։
-ԽՍՀՄ-ում բազմաթիվ երկրներ ունեին ազգային խնդիրներ, ինչո՞ւ առաջինը հենց Հայաստանը սկսեց ազգային-ազատագրական շարժումը։
-Զարմանալիորեն, խորհրդային տարիներին մեր ազգային ինքնագիտակցությունը ոչ թե նահանջեց, այլ ավելի ամրապնդվեց՝ շնորհիվ մեր մտավորականության, մեր արվեստագետների, ինչպես նաև իշխանությունների ու կուսակցական շատ գործիչների… շնորհիվ մեր ժողովրդի հոգեկերտվածքի և պատմականորեն ձևավորված հատկանիշների… Էական նշանակություն ունեցավ նաև եղեռնի գործոնը։ Պետության կորուստը, միասնական հայրենիքի գաղափարը, մի շարք այլ համազգային խնդիրներ նպաստեցին, որ մեր ժողովրդի հավաքական հոգեբանության մեջ ազգային-ազատագրական ոգին մնա ամուր ու գերակա։ Այո՛, Արցախյան ազատագրական շարժումը դարձավ ԽՍՀՄ-ում առաջին կայծը։
-Պարոն Ենգոյան, Արցախյան շարժումը բացառապես Արցախի ազատագրության գաղափարի վրա հիմնված շարժում էր։ Շարժման գաղափարախոսությունը հետագայում փոխվեց, և այն այլևս ազգային-ազատագրական շարժում չէր։
-Արցախյան շարժման սկզբնական փուլում միակ նպատակը Արցախի ազատագրությունն էր։ Այնուամենայնիվ, սա էր միակ գաղափարը, որը համազգային զարթոնքի հիմք դարձավ։ Իշխանափոխության՝ բարեկեցիկ հայրենիք կառուցելու, ժողովրդավարացման, հավասարության, սոցիալական արդարության և մյուս գաղափարները ծնվեցին ավելի ուշ։ Դա համընկավ «Ղարաբաղ» կոմիտեի պառակտման ժամանակահատվածին, ավելի ճիշտ՝ հենց այդ պառակտման գլխավոր պատճառներից մեկը դարձավ։ Ձևավորվեց երկու թև։ Մեկը պնդում էր, որ շարժումը պետք է մնա բացառապես ազգային-ազատագրության շրջանակում, մյուս թևը իշխանափոխության խնդիր էր դնում, ժողովրդին հրամցնելով նոր կարգախոսներ, նոր նպատակներ, նոր գաղափարներ։ Որքան էլ ժողովուրդը տրամադրված էր փոխելու իր ապրելակերպը, որքան էլ իր մաշկի վրա էր զգացել կոմունիստական գաղափարների և իրականության հակասությունը, որքան էլ վերջին տասնամյակի աղքատացումը ծանրացել էր նրա ուսերին, որքան էլ խորհրդային իշխանությունները անզոր էին ճնշելու բարձրացող հեղափոխությունը, պետք է փաստել, որ Հայաստանում հանուն իշխանափոխության, այսինքն՝ հանուն ավուր հացի, բարեկեցության կամ սոցիալական արդարության և հավասարության շարժումը չուներ ազգային-ազատագրական շարժման թափն ու հզորությունը։
-Հաճախ Խորհրդային Միության փլուզումը որոշակիորեն կապում են Արցախյան շարժման հետ։ Եթե չլիներ Արցախյան շարժումը Խորհրդային Միությունը չէ՞ր փլուզվելու…
-Անշուշտ, Խորհրդային Միությունը մի օր փլուզվելու էր։ Եվ նույնիսկ Արցախյան շարժման պայմաններում խորհրդային իշխանությունը կարող էր դիմել ինչ-ինչ քայլերի և մի քանի տասնամյակ էլ երկարացնել որհրդային Միության կյանքը։ Արցախյան շարժումը խորհրդային երկիրը հիմքից սասանելու առաջին հարվածն էր, ինչը արագացրեց կայսրության փլուզումը։ Խնդիրն այն էր, որ առաջինը մեր փոքրիկ երկիրը, հայերը հանդգնեցին դուրս գալ կայսրության դեմ։
-Ինչը բնորոշվեց որպես ծայրահեղականություն:
-Թող որ լինի ծայրահեղականություն (բայց ոչ այն իմաստով, որ պիտակեցին մեզ ժամանակին): Եվ այդ (ծայրահեղականությունը) դրսևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ: Դա մեր չգրված գաղափարախոսության առանցքային գաղափարներից մեկի դրսևորման արդյունքն էր:
-Ո՞րն է այդ գաղափարը:
-Դա հող- հայրենիի գաղափարն է, արդեն անկախ հայրենիքի պաշտպանության գաղափարն է, որը զորում է ոտքի հանել ամբողջ ազգը: Դա Արցախյան պատերազմի ֆենոմենն է: Պետք է փաստել, որ Արցախյան պատերազմը համաժողովրդական պատերազմ էր: Պատահական չէ, որ Արցախյան պատերազմի ժամանակ երկրում գրանցվել է արտագաղթի ամենացածր մակարդակը: Իհարկե, ամբողջ ժողովուրդը ճակատում չէր, բայց պատերազմին ամեն հայ տալիս էր ինչ կարող էր: Ու մեր անհավանական հաղթանակը Արցախյան պետերազմում պետք է բացատրել համաժողովրդական ներգրավվածության փաստով: Հանուն Արցախի պայքարում էր ամբողջ ժողովուրդը: Ամբողջ ժողովուրդն այդ կռիվն իրենն էր համարում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում