Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ՄԱՐԴԻԿ



Զորամասը մշտապես համալրվում է հարուստ գիտելիքներ, բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ, ֆիզիկական լավ տվյալներ ունեցող տղաներով, որոնք ծառայությանը նվիրվում են գիտակցաբար, չեն հոգնում տևական մարզումներից, չեն բավարարվում ձեռքբերումներով և իրենց հմտություններն անընդհատ կատարելագործելով` պահպանում են մարտունակության բարձր աստիճանը։ Խոսքը գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի մասին է։

2011թ. արդյունքներով՝ զորամասի կազմում լավագույնը ճանաչվել և փոխանցիկ դրոշը նվաճել է փոխգնդապետ Վ. Վարդանյանի գումարտակը, որի առանձին ստորաբաժանումների մարզումների ականատեսը եղանք։ Մարզավանի, շարահրապարակի տարբեր հատվածներում մասնագիտական պարապմունքներ էին ընթանում. պարաշյուտային թռիչքի վարժանքների, ֆիզպատրաստության, ձեռնամարտ հնարքների կատարելագործում…

Կապիտան Կ. Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչ գործողությունների վրա են աշխատում։

-Որոնում, դարանակալում, հակառակորդի ժամապահի չեզոքացում, գերեվարում, խմբով նահանջ առաջադրանքի կատարումից հետո։ Զինվորները բոլոր գործողություններն էլ լավ են կատարում, բայց մշտապես պարապում ենք, հղկում տեխնիկան։

Վահե Մելքոնյանը փորձառու զինվոր է, բազմիցս եղել է առաջնագծում, դիտարկումների փորձ կուտակել։ Երբ կապիտանը նրան ժամապահի չեզոքացման գործողությունը կատարելու առաջադրանք տվեց, չմոռացավ նախազգուշացնել.

-Վահե՛, չմոռանա՛ս, սա ընդամենը փորձ է, պարապմունք։ Երբ զինվորը հաջողությամբ կատարեց գործողությունը, կապիտանը շարունակեց.

-Զգուշությունը կարևոր է, կարող է պահի տակ մոռանան, որ սա փորձ է ու վնասեն ընկերոջը։

Հետո գործողությունը շարունակեցին շարքային Սևակ Անտոնյանը, կրտսեր սերժանտ Սարգիս Ղարիբյանը։ «Գերեվարում» գործողությունը կատարում են սերժանտ Վասիլ Սարգսյանը և շարքային Ռազմիկ Խաչատրյանը։ Արտաքուստ ամեն ինչ հեշտ է թվում, բայց իրականում շատ բարդ ու պատասխանատու գործ է։ Պետք է անընդհատ մարզվել ու կատարելագործել հմտությունը։ Սերժանտ Վ.Սարգսյանը փորձառու զինվոր է։ Ծառայության ընթացքում բազմիցս մասնակցել է ճամբարային հավաքների, զորավարժությունների, եղել սահմանային գոտում, նաև պարգևատրվել է «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանով։ Շարքային Ռ. Խաչատրյանն էլ մինչ բանակ գալը զբաղվել է սամբոյով։ Նրա ծառայությունը մոտենում է ավարտին և հունիսին կզորացրվի։

Ստորաբաժանումը երկար աշխատում է նաև նահանջելու գործողության վրա։ Կարևորվում են զգուշությունը, փոխատեղումը, փոխապահովումը և արագությունը։ Այս ամենը ճիշտ կատարելու դեպքում, նույնիսկ մարտ վարելով նահանջելու դեպքում, կարելի է ցանկալի արդյունք ապահովել։

♦♦♦

Մարզավանում ընթացող ֆիզպատրաստության պարապմունքն անընդհատ գրավում է իմ ուշադրությունը։ Մինչև գոտկատեղը մերկացած տղերքն անընդհատ ավելացնում են արագությունը։ Կարճատև դադարի պահին մոտենում, զրուցում եմ հետները.

-Կրտսեր սերժանտ Մհեր Քարամյան. իջևանցի եմ, սովորել եմ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետում, զբաղվել եմ բռնցքամարտով, արդեն ինն ամսվա զինվոր եմ, անչափ գոհ եմ, որ այստեղ եմ ծառայում,- ասաց Մհերը։

-Կրտսեր սերժանտ Սարգիս Քերոբյան, արթիկցի եմ, ես էլ հայկական պետական ճարտարագիտական համալսարանն եմ ավարտել, նույնպես բռնցքամարտիկ եմ,- ներկայացավ նա, իսկ տղաները հուշեցին, որ Սարգիսն այժմ գումարտակի լավագույն ջոկի հրամանատարն է։

Իջևանի նույն համալսարանն էր ավարտել նաև կրտսեր սերժանտ դիլիջանցի Գևորգ Բադիրյանը։ Այս երեք զինվորներն էլ անցած հունիսին են զորակոչվել բանակ։ Իր ֆիզիկական տվյալներով, ջանասիրությամբ մարզվելով առանձնանում էր նաև շարքային Նարեկ Աղայանը։ Նա այս աշնանն է զորակոչվել, բայց ոչնչով հետ չի մնում ավելի փորձառու ընկերներից։

Պարապմունքը շարունակվում էր։ Շարահրապարակ եկավ գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Ա. Վիրաբյանը։ Նա ներկայացրեց ջոկատի լավագույն զինվորներից մի քանիսին։

Շարքային Հաբեթ Թադևոսյանը գյումրեցի է, ավարտել է տեղի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը։ Բռնցքամարտիկ է, ՀՀ երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Ծառայության ընթացքում Հաբեթը մասնակցել է զորավարժությունների, եղել է սահմանում, մասնակցել է Հետախույզի օրվա ցուցադրական ելույթներին, կրծքին կրում է պարաշյուտով թռչելու և «Լավագույն մարզիկ զինվորի» կրծքանշանները։

♦♦♦

Զույգ եղբայրներ Մհեր և Դավիթ Ավագյանները շարքայիններ են։

-Ծնվել ենք 1992թ., Վանաձորում,- ասաց Դավիթը,- ինը տարեկանից մեր ծնողների հետ ապրել ենք ՌԴ Զիլոնոգրադ քաղաքում, որտեղ էլ դպրոցից հետո սովորել ենք քոլեջում ու ձեռք բերել խոհարարի ու ծրագրավորողի մասնագիտություն։ Պարզվեց, որ Դավիթը պարգևատրվել է «Լավագույն զինվոր մարզիկ», իսկ Մհերը «Լավագույն զինվոր մարզիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով։ Երկուսն էլ ակտիվորեն մասնակցել են ճամբարային հավաքների պարապմունքներին, անցկացված զորավարժություններին։ Նրանց մեծ եղբայրը՝ Ժորա Ավագյանն իր զինվորական ծառայությունը նույնպես այս զորամասում է անցկացրել։

♦♦♦

Հայրենիքի հանդեպ ունեցած զինվորական պարտքը կատարելու համար է 2010թ. Իսպանիայից Հայաստան վերադարձել շարքային Մուրադ Հայրապետյանը։ Նա իր մասին ասաց.

-Հրազդանցի եմ, ութ տարեկանում ծնողներիս հետ մեկնել եմ Իսպանիա։ Ապրում էինք Վալենսիայում, այնտեղ էլ հաճախել եմ դպրոց և սովորել «Էնրիկ Վալո» ինստիտուտում։ Նրանց կրթական համակարգը բոլորովին այլ է։ Այս ինստիտուտը ես ընդունվել եմ դպրոցում վեց տարի սովորելուց հետո։ Երբ եկավ զինծառայության ժամանակը, վերադարձա ու զորակոչվեցի։ Հունիս ամսին զորացրվելու եմ, պարգևատրվել եմ «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանով, մեր վարչության պետի կողմից հնգօրյա արձակուրդով, ՌԴ ռազմակայանի հրամանատարի կողմից՝ շնորհակալագրով։

Մուրադը լիովին տիրապետում է ռուսերեն և իսպաներեն լեզուներին.

-Լիովին հասկանում եմ և մի քիչ էլ կարող եմ խոսել անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն և Իսպանիայի տարբեր ժողովուրդների լեզուներով.

-Բասկերեն նույնպե՞ս,- հարցրի նրան։

-Չէ, բասկերի հետ չեմ շփվել։ Մի անգամ, երբ մետրոյում մայրս ու մորաքույրս հայերեն են խոսել, նրանց է մոտեցել ազգությամբ բասկ մի կին և հետաքրքրվել, թե այդ ինչ լեզվով են խոսում, որը շատ նման է իրենց լեզվին։ Իմանալով, որ հայեր են, ասել է, որ բասկերը գիտեն, որ իրենց արմատները Հայաստանում են։

♦♦♦

Կրտսեր սերժանտ Էդվին Ջիլավյանը գումարտակի լավագույն վարորդն է։ Նա նաև արհեստանոցի պետ է։ Էդվինը ստեփանավանցի է, նրա ծառայությունը նույնպես մոտենում է ավարտին։ Զորամասի հրամանատարությունը շնորհակալական նամակ է ուղարկել նրա ծնողներին։ Ուսումնական կենտրոնում վերջին հավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, կրտսեր սերժանտ Է.Ջիլավյանն իրեն դրսևորել է լավագույն կողմերով, և հրամանատարությունը նրան նոր խրախուսման է ներկայացրել։

Լավագույն զինվորներից է նաև շարքային Արմեն Կարապետյանը։ Նա Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից է։ Դպրոցից հետո ընդունվել է Ուկրաինական համալսարան, որի երկրորդ կուրսից էլ զորկոչվել է բանակ։ Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով, ստացել խրախուսական արձակուրդ, միաժամանակ զորամասի հրամանատարությունը շնորհակալական նամակ է ուղարկել նրա ծնողներին։ Արմենի ծառայությունը նույնպես մոտենում է ավարտին, և մայիսի վերջերին նա կզորացրվի։

♦♦♦

Պարապմունքների ավարտից հետո զրուցեցինք գումարտակի հրամանատար փոխգնդապետ Վ. Վարդանյանի հետ.

-2011թ. ծանրաբեռնված ուսումնական տարվա բոլոր առաջադրանքները՝ ճամբարային հավաքները, զորավարժությունները, նախապատրաստությունն ու մասնակցությունը ՀՀ քսանամյա տարեդարձին նվիրված զորավարժությունը կատարեցինք հաջողությամբ, իսկ տարեվերջյան ամփոփիչ քննություններից ստացանք «լավ» գնահատական։ Բարձր արդյունքներ ունեցանք մարտավարամասնագիտական առարկաներից, կրակայինից, ֆիզպատրաստությունից։ Կրակայինից մայոր Վ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումն ստացավ «գերազանց» գնահատական։

Ընթացիկ տարին, հակառակ եղանակային վատ պայմանների, սկսել ենք հաջողությամբ։ Վարժանքներն անցկացրել ենք ուսումնական կենտրոնում, այսինքն՝ օրեր առաջ ենք վերադարձել այնտեղից։ Ռազմերթը դեպի ուսումնական կենտրոն ստացվեց շատ ծանր։ Հայտնվելով ձնաբքի մեջ, ոչ միայն խուճապի չմատնվեցինք, այլ նաև ձնաբքից դուրս բերեցինք շուրջ երեք տասնյակ քաղաքացիական մեքենաների, որոնց մեջ էին մի քանի երթուղային միկրոավտոբուսներ։ Ուսումնական կենտրոն բարձրանալը ևս շատ դժվար էր և թվում էր անհնարին։ Սակայն այն, ինչ արեց վարորդ կրտսեր սերժանտ Էդվին Ջիլավյանը, պարզապես զարմանալի է։ Բոլոր մեքենաները նա հասցրեց ուսումնական կենտրոն։ Մեքենան տեղ էր հասցնում, ոտքով հետ գալիս և հաջորդ մեքենան էր տանում։ Ուսումնական կենտրոնում անցկացրինք մարտավարամասնագիտական ծանր պարապմունքներ։ Մարզումներն ավարտվում էինք ժամը 23.30-ին։ Անձնակազմը ցուցաբերեց բարոյահոգեբանական բարձր որակներ և հաղթահարեց բոլոր դժվարությունները։ Անցկացրինք մարտավարամասնագիտական զորավարժություն՝ գրեթե մարզի ողջ տարածքի ընդգրկումով։ Ստորաբաժանումները կատարեցին իրենց առաջադրանքները։ Արդյունքներն ամփոփելով, բոլոր մասնագիտությունների գծով լավագույններին ներկայացրել ենք խրախուսման։ Ասեմ, որ գումարտակի հաջողությունների գործում իրենց ներդրումն ունեն բոլոր սպաները։ Վստահեցնում եմ, և զորավարժությունն էլ ցույց տվեց, որ գումարտակը մարտունակ է և պատրաստ կատարելու շատ բարդ առաջադրանքներ։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ Հ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/04/2012