ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ռադիոտեղորոշիչ կայանների վերաբերյալ հայտարարությունը ենթադրում է միջազգային անվտանգության համակարգի նոր վերադասավորում: Նման համոզմունք հայտնեց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` ընդգծելով, որ միևնույն ժամանակ վարչապետի հայտարարությունն էապես փոխում է տարածաշրջանային համատեքստում Հայաստանի` միջազգային անվտանգության ապահովման դերակատարի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի ավանդական պատկերացումը:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր հայտարարություն արեց, որի համաձայն` եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության շուրջ, Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքը ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար տրամադրելու հարցը:
«Հայտարարության կարևորությունն ընդգծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկու հիմնական գործոններ: Առաջինը Հայաստանի պաշտպանության և անվտանգության տեխնիկական ապահովման խնդիրն է»,-նկատեց Դիլանյանը: Եթե Հայաստանում ՌՏԿ-ն տեղակայվի, այն ամենայն հավանականությամբ կլինի «Дарьял» տեսակի (որի RO-7 դիզայնավորված տեսակն է Ադրբեջանում) վերափոխված տարբերակը` հաշվի առնելով Ռուսաստանի` ՌՏԿ համակարգի արդիականացման ներկայիս պլանները: Ըստ երևույթին, խոսքը նորագույն «Воронеж» ռադարի մասին է, որն այժմ համարվում է Ռուսաստանի հակակշիռը Թուրքիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից ռադարների տեղակայման քաղաքականությանը:
«77Я6 Воронеж» վաղ ահազանգման համակարգը կարող է հայտնաբերել բալլիստիկ, տիեզերական և աէրոդինամիկ օբյեկտներ, այդ թվում բալլիստիկ և թևավոր հրթիռներ: Սրա առավելությունն այն է, որ ի տարբերություն մյուս հեռակա հայտնաբերման կայանների, ունակ է անհամեմատ արագ վերատեղակայվել և վերատեղահանվել: Այն բաղկացած է 23 տեխնիկական սարքավորման միավորից, մինչդեռ, օրինակ, Դարյալը` 4070: Երրորդ` ծախսում է անհամեմատ քիչ էներգիա, քան նախորդները: Կան «Վորոնեժի» մի քանի տեսակներ, որոնք աշխատում են ռադիոալիքների մետրային («Воронеж-М» և «Воронеж-ВП») և դեցիմետրային («Воронеж-ДМ»` 6 հազար կմ հեռահարությամբ և 500 օբյեկտ միաժամանակ հսկելու ունակությամբ) դիապազոնով:
«Փաստորեն, Հայաստանը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանային անվտանգության նոր որակի դերակատար»,-նկատեց քաղաքագետը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան