ԻՆՉՊԵՍ Է ԱՌԱՋԱՑԵԼ ՖՈՒՏԲՈԼԸ
Ֆուտբոլ ես դիտում ու զարմանում` տեսնես ո՞վ է հորինել, ո՞ւմ մտքով է առաջինն անցել խոտերի վրայով ինչ-որ առարկա գլորել, ինչպե՞ս է ստացվել, որ ֆուտբոլը միլիոնավոր մարդկանց սրտեր է գրավել: Եվ, ընդհանրապես, ինչի՞ց է սկսվել այդ ամենը:
ԳՆԴԱԿՈՎ ԽԱՂԵՐԸ ՀՆՈՒՄ
Մարդը միշտ էլ սիրել է խաղալ: Ըստ արևելյան փիլիսոփայության` մեզնից յուրաքանչյուրն ավելի փոքր ծավալներով կրկնում է ողջ մարդկության անցած ճանապարհը: Մանկության շրջանում խաղերն ու խաղալիքները կյանքի կարևոր մասն են կազմում: Այնուհետև դրանք փոխվում են, էությունը մնում է նույնը, և խաղը շարունակվում է:
Ք.ա. 20-րդ դարում Հին Եգիպտոսում հայտնի է եղել ֆուտբոլին նմանվող մի խաղ: Հին Հունաստանում նույնպես խաղում էին գնդակով դեռևս Ք.ա. 4-րդ դարում: Սակայն պատմաբանները եկել են այն եզրակացության, որ հին հույները հիմնականում կատարելագործում էին գնդակին տիրապետելն ու հազվադեպ էին խմբերով խաղում: Սպարտայի զինվորների հայտնի խաղ էր էպիսկիրոսը, որի ընթացքում, սակայն, ավելի շատ ձեռքերով էին խաղում, քան ոտքերով: Հռոմեացիները փոխեցին խաղի կանոնները և այն վերանվանեցին «գարպաստում»: Գարպաստումը դաժան խաղ էր: Ահա թե ինչ է դրա մասին գրել Պոլուկսը. «Խաղացողները բաժանվում են երկու խմբի, իսկ գնդակը դնում են դաշտի մեջտեղով անցնող գծի վրա: Դաշտի երկու ծայրերում` խաղացողների հետևի մասում, դարձյալ գծեր են արվում, որոնց միջով էլ պետք է անցկացնել գնդակը` խփելով հակառակորդ խմբի խաղացողներին»:
Հին Չինաստանում նմանատիպ խաղերը վերագրվում են Ք.ա. 10-րդ դարին: Իսկ մոտավորապես մեր թվարկության 6-րդ դարում գնդակով խաղացել են նաև Ճապոնիայում. խաղը կոչվում էր «կեն-նատ» և նույնպես աչքի էր ընկնում դաժանությամբ: Բայց և այնպես, այս բոլոր խաղերից և ոչ մեկը չի կարող համարվել ֆուտբոլի «նախահայրը». ոչ մի տեղ խաղը զարգացում չի ապրել կամ էլ ուղղակի մոռացվել է:
ԻՍԿ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ…
Այստեղ գնդակով խաղացել են սկսած 8-րդ դարից, իսկ ավելի կազմակերպված` 12-րդ դարից: Այդ ժամանակ էլ սկսվեցին խաղերը հարևան գյուղերի պատանիների միջև «Shrove Tuesday»-ին` Բարեկենդանի երեքշաբթի օրը: Պահանջվում էր ուղղակի խոզի միզապարկից պատրաստված գնդակը հասցնել մինչև հարևան գյուղ` հաղթահարելով գետերը, բլուրներն ու կամուրջները: «Խաղացողների» քանակը չէր սահմանափակվում: Խաղի ընթացքում բազմաթիվ վիրավորներ և նույնիսկ զոհեր էին լինում, ինչը հարևան գյուղերի միջեւ թշնամության պատճառ էր դառնում: Գնդակի դերը խաղում խիստ սիմվոլիկ էր: Շատ ավելի կարևոր էր հին հաշիվները, տարածքային վեճերը պարզելու հնարավորությունը: Այս «զվարճանքը» դուր էր գալիս ժողովրդին, որն սպասում էր Բարեկենդանին և պատրաստվում խաղին: Սակայն իշխանություններին, անշուշտ, դուր չէին գալիս զանգվածային անկարգությունները: Եվ 1314 թվականի ապրիլին Էդուարդ Երկրորդ թագավորը «Չկա գլուխ` չկա գլխացավ» սկզբունքով արգելեց ֆուտբոլ խաղալ: Որոշ ժամանակ անց, հասկանալով, որ հայրական հրամանն ամենուրեք խախտվում է, 1349 թվականին պաշտոնապես հրապարակեց Էդուարդ III-ը այդ «տոնական ժամանցի» արգելքը: Թագավորներին կարելի էր հասկանալ. երիտասարդները, փոխանակ աշխատելու և թագավորությունը հարստացնելու, իրար էին վնասում եւ, ինչու չէ, սպանում:
Ազգային զվարճանքը հետագայում շարունակեցին արգելել թագավորներ Ռիչարդ II-ը, Հենրիխ IV-ը և Հենրիխ VII-ը: Իսկ Թոմաս Էլիոթն իր «Կառավարիչը» (1564թ.) վեպում ֆուտբոլն անվանում է մի խաղ, որը «մարդկանց մեջ գազանային չարություն ու քանդելու կիրք է առաջացնում», և որը «ավելիին արժանի չէ, քան հավիտյան մոռացվելու»: Բայց ժողովուրդը, այնուամենայնիվ, շարունակում էր ֆուտբոլ խաղալ:
Օլիվեր Կրոմվելին համարյա հաջողվեց վերացնել խաղը, բայց Վերածննդի դարաշրջանում ֆուտբոլը կրկին գլուխ բարձրացրեց: Երկրի որոշ մասերում դարձյալ թույլատրեցին խաղերը, որոնք անց էին կացվում խիստ վերահսկողության ներքո, որպեսզի խուսափեին ընդհարումներից: Այդ պատճառով էլ խաղացողներն սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել խաղի կանոններին, և արդեն իսկ 18-րդ դարի կեսերին ֆուտբոլն ի վերջո ժամանակակից տեսք ստացավ: Սկսեցին հավասար քանակությամբ խմբերով խաղալ, մեծ չափերի դարպասներ տեղադրեցին, խաղի տևողությունը որոշակիորեն սահմանափակեցին: Սակայն բռնությունները շարունակվում էին:
Մի կարևոր փուլ եւս ֆուտբոլի զարգացման ճանապարհին. ֆուտբոլ սկսեցին խաղալ ուսումնական հաստատություններում: Ճիշտ է, ամեն դպրոց իր կանոններն էր սահմանել, և դրանք այնքան տարբեր էին, որ հաճախ առաջին հայացքից չէին հասկանում, թե ինչ են խաղում մյուս դպրոցում: Բայց մի բան ընդհանուր էր. հարուստ ծնողների երեխաները, հոգնելով սպորտի միօրինակ ձեւերից` ձկնորսությունից, հրաձգությունից, որսորդությունից, ձգտում էին կոլեկտիվ խաղերի` դրանով ակամայից մոտենալով աշխատավոր խավին:
Չափազանց լրջորեն էին ֆուտբոլին վերաբերվում Ռեգբի դպրոցում (Rugby School): Հենց այստեղ էլ 1823թ. տեղի ունեցավ մի դեպք, որը սկիզբ դրեց երկու հասկացությունների` «ֆուտբոլի» ու «ռեգբիի» բաժանմանը: Ուիլյամ Ուեբ Էլլիս անունով երիտասարդը, խաղի ժամանակ ստանալով գնդակը, պետք է այն ոտքով ուղարկեր կա՛մ խաղընկերոջը, կա՛մ էլ դարպաս, բայց դրա փոխարեն նա մոտեցավ դարպասին և հատեց գիծը` գնդակը ձեռքում պահած: Նրա որոշ խաղընկերներ մտածեցին, որ Էլլիսը որոշել է գողանալ գնդակը… Այդուհանդերձ, Ռեգբիում բոլորին դուր եկավ ձեռքով խաղալը, և այդպես էլ ծնվեց Rugby Football-ը: 1846թ. գրվեցին խաղի կանոնները, որոնք ամենահինն են իրենց տեսակի մեջ: Երկու տարի անց մասնավոր դպրոցների որոշ շրջանավարտներ, ընդունվելով Քեմբրիջի համալսարան, կատարելագործեցին այդ կանոնները, և այդպես էլ հայտնվեցին նշանավոր «Քեմբրիջյան կանոնները»:
19-րդ դարի կեսերին Անգլիայում 70-ից ավելի ֆուտբոլային թիմ կար, որոնք ժամանակ առ ժամանակ միմյանց մարտահրավեր էին նետում` խաղից առաջ որոշելով, թե որ կանոններով են խաղալու:
1863թ. աշնանը Ջոն Քարթրայթը «Բելս Լայֆ» թերթի միջոցով դպրոցների ու քոլեջների ներկայացուցիչներին առաջարկեց հանդիպել և ֆուտբոլի միասնական կանոններ մշակել: Արդյունքում՝ նույն թվականի հոկտեմբերի 26-ին 11 դպրոցների ու ակումբների ներկայացուցիչներ հանդիպեցին Գրեյթ Քուին սթրիթում և հիմնեցին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան…
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԺՊԻՏ
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ
Զրուցում են երկու ֆուտբոլասեր.
– Երեկ հիմարի պես կանանց ֆուտբոլի երկու խաղակեսն էլ նայեցի. ո՛չ սկիզբն էր մի բան, ո՛չ էլ վերջը։
– Ես էլ նայեցի, հույս ունեի վերջում շապիկները կփոխանակեն։
♦♦♦
Սպորտային նորություններ.
– Այսքանը ֆուտբոլի մասին։ Այժմ անդրադառնանք Հայաստանի առաջնությանը…
♦♦♦
Ռեստորանում.
– Մատուցո՛ղ, հաշիվը։
Ձայն խոհանոցից.
– 0։1, մերոնք պարտվում են։
♦♦♦
Ֆուտբոլային խաղի ժամանակ.
– Տղա՛ ջան, որտեղի՞ց քեզ փող, որ տոմս ես գնել։
– Հայրիկն է գնել։
– Բա ո՞ւր է հայրիկը։
– Տանն է` տոմսն է փնտրում։
ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԻՑ.
♦ «Պորտուգալացիներն առաջ են նետվում` իրենց հետնամասը լրիվ մոռացած»։
♦ «Գնդակի մոտ մերոնք են. տվյալ դեպքում աֆրիկացի ֆուտբոլիստը»։
♦ «Մեր ֆուտբոլիստը նկատեց հակառակորդի ոտքերի արանքն ու անմիջապես օգտագործեց այն»։
♦ «Ուրախությունից, որ գոլ է խփել նման ուժեղ հակառակորդի, Բաջիոն կախվեց դարպասից»։
♦ «Այո՛, մարզիչը ուրախությունից լացում է։ Ո՛չ, պարզապես օգնականներից մեկի մատը մտել է նրա աչքը»։
♦ «Պաշտպանները կանգ առան, և հարձակվողը հանգիստ գնդակոծեց դարպասապահին»։
Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Մարզաշխարհ