ԳՐԻՉԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԶԵՆՔՈՎ
Աշխարհն այս փշոտ կսեղմեմ կրծքիս:
Կգրկեմ, կտանեմ մի հեռու անկյուն, թեկուզ մինչեւ վերջ
արնաքամ լինեմ:
18 տարի առաջ Քաղցրաշեն հասավ գրող, բանաստեղծ, լրագրող Սամվել Գեւորգյանի մահվան բոթը` ցնցելով ամենքին: Արցախի անկախության և ազատության համար մղված պայքարում զոհված ազատամարտիկի շիրիմին մարտի 28-ին հարգանքի տուրք մատուցելու էին եկել հարազատներն ու ընկերները, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, համագյուղացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ:
Սամվելը ծնվել է 1957 թ. հոկտեմբերի 25-ին, մայրը հայերենի վաստակաշատ ուսուցչուհի, հայրենի բառ ու բանի մեծ գիտակ Սոնիկ Մանուկյանն էր, հայրը` շրջանի մեքենատրակտորային կայանը ղեկավարած Վահրամ Գեւորգյանը: Ոսկե մեդալով ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, որը այսօր նրա անունն է կրում: Դպրոցում այսօր գործում է փոքրիկ թանգարան` նվիրված ազատամարտիկի հիշատակին, եւ որտեղ հավաքված են նրա մարտական եւ ստեղծագործական ուղու մասին պատմող նյութերը, անձնական իրերը եւ լուսանկարները, նաեւ հետմահու լույս տեսած «Լույսն ափի մեջ» ստեղծագործությունների ժողովածուն: Սամվելը վաղ հասակից էլ սիրում էր պոեզիան, արվեստը, իսկ Պարույր Սեւակը նրա պաշտամունքն էր:
Ավարտելով դպրոցը` ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, իսկ 1979թ. անցել է լրագրողական աշխատանքի: Արցախյան շարժման օրերին նրա հոդվածները հայրենասիրության, ողջամտության կոչ էին, սակայն Հայրենիքին ծառայելու իր աներկբա պատրաստակամությունը Սամվելն ապացուցեց` մեկնելով առաջին գիծ: Զույգ դուստրերի հայր էր, ծնողների վաղվա օրվա հույսը, սակայն ընտանիքում ո՛չ զարմացան, ո՛չ էլ ընդդիմացան, քանզի նրանց համար էլ հայրենիքին հավասարազոր ուրիշ սրբություն գոյություն չուներ. չէ՞ որ կրտսեր որդին` մասնագիտությամբ բժիշկ Մուշեղն արդեն կռվում էր Մարտակերտում:
Ազատամարտիկի անունը կրող միջնակարգ դպրոցում հիշատակի միջոցառման ժամանակ Մուշեղ Գեւորգյանը հիշեց. «Ինքը գրչի մարդ էր, բայց վերցրեց զենքն ու անդամագրվեց շարժմանը: Ես ավելի շուտ էի մեկնել, տեսել էի ամեն դաժանություն եւ իմանալով Սամվելի խառնվածքը` ասացի` դու չես կարող, իսկ նա պատասխանեց, թե` կռիվը հիմա ուրիշ ճակատում է, եւ անհրաժեշտ է գրիչը փոխարինել զենքով»: Այդպես էլ արեց, նշանակում ստացավ Տավուշի շրջանում` որպես հետախուզական դասակի հրամանատար: Մարտական ընկերների հավաստմամբ` նա իրեն խնայել չգիտեր, հոգնել, ինչ-որ բանից դժգոհել չգիտեր, միշտ առաջին գծում էր և իր գործողություններով քաջալերում էր զինվորներին: 1994 թ. Տավուշի շրջանի Չինարի գյուղին օգնության ուղարկվեց հետախուզական դասակը, որի հրամանատարը Սամվելն էր: Նա զոհվում է բարձունքներից մեկի համար մղված մարտերի ժամանակ` թշնամու արձակած ականանետի բեկորից:
«Պայծառ անձնավորություն էր, որի մեջ ադամանդի պես խտացված էին ազգի ոգին, հավատը, նրա երակներում հոսում էր Վասպուրական աշխարհի ըմբոստ նախնիների արյունը: Նրա մահը անմահություն է, քանի որ նա ընկավ վասն հայրենյաց: Սամվելով իրավունք ունեն հպարտանալու բոլոր քաղցրաշենցիները»,-գրել էր ազգային երգի մեծ գիտակ Հայրիկ Մուրադյանը Սամվելի ծնողներին հղած ցավակցական ուղերձում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Ավագ լեյտենանտ