ԶԻՆԱԳՈՐԾ ԷՐ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ
Տիկին Վերգուշի եղբոր ամենահավատարիմ ընկերը` Սամվելը, դարձավ նաեւ իր անբաժան ընկերն ու կյանքի ուղեկիցը: «Համակրելի եւ սրտամոտ էր ամուսինս, խոսքը համոզիչ էր, համարձակ, ինչը ինձ միշտ հիացնում էր: Մենք հանդիպում էինք, երբ Սամվելը հյուր էր գալիս եղբորս, մտերմիկ եւ հաճելի միջավայր էր ստեղծվում նրա շուրջը…»: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Վերգուշի եղբոր հարսանիքին, այս անգամ Սամվելին ուղեկցում էին նաեւ ծնողները, որոնք էլ իրենց որդու անձնուրաց նվիրվելու եւ հավերժ սիրելու պատրաստակամության մասին հայտնեցին աղջկան ու որոշեցին հարս տանել. «Ես, իհարկե, զարմացած էի: Սամվելը երբեք իր զգացմունքի մասին չէր խոսել, զուսպ էր, միայն փոխադարձ ժպտում էինք. ո՞վ կմտածեր, որ մեր հայացքների հանդիպումները այդպիսի ընթացք կունենային: Համաձայնեցի: Ամուսնացանք 1973 թվականին»:
Ամուսնանալուց հետո նորաստեղծ ընտանիքը հաստատվեց Արտաշատում, որտեղ 1948 թ. դեկտեմբերի 8-ին ծնվել էր Սամվել Հակոբյանը, ապա ուսում առել քաղաքի թիվ 1 դպրոցում: Ուսումը շարունակել էր Երեւանի մեքենաշինական տեխնիկումում` մետալուրգիայի ձուլման տեխնոլոգիայի բաժնում, աշխատել Չարենցավանի գործարանում` որպես արտադրամասի պետ: Երբ ամուսնանալուց հետո տեղափոխվեց Արտաշատ, մի շարք հիմնարկներում կատարեց պատասխանատու աշխատանք, այնուհետեւ թիվ 1 դպրոցում բարձր դասարանցիներին ուսուցանում էր ավտոգործ. «Միասին էինք աշխատում, ես էլ ուսուցչուհի էի: Թե՛ աշխատավայրում, թե՛ տանը նա ինձ համար բացահայտվում էր իր մարդկային ամենադրական գծերով` աշխատասեր էր, ընկերասեր, ճշտապահ ու ազնիվ, ասում էր` վայել վարք ու բարքով պետք է ապրես, որ կյանքում հիասթափությունները տեղ չունենան…»,-հիշում է Վերգուշը: Թե՛ ընկերների, թե՛ տնեցիների, թե՛ աշակերտների համար Սամվելը բարի մարդ էր, որի խիստ հայացքում ուրախ ժպիտն էր ամբարված, պատրաստակամ էր ձեռք մեկնելու օգնություն հայցողին, երբեմն պոռթկուն էր, բայց միշտ հավասարակշիռ. «Մտավորականի կեցվածք ուներ, շինականի ոգի, զինվորի սիրտ»,-այսպես են նրան միշտ բնութագրել համաքաղաքացիները:
Արտաշատում առաջիններից մեկը որոշեց պաշտպանել հայրենակիցներին եւ նվիրվեց ազգային շարժմանը. «Ես հանդիմանեցի Սամվելին այդ որոշման համար, ասացի` երեք երեխաների հայր ես, եթե մի բան պատահի, մեր բոլոր հույսերը կխորտակվեն: Հիշեցրի, թե ինչպես էր մեր առաջնեկի` որդուս ծնունդով ոգեւորվել, ինչպես էր բարուրը ափերի մեջ առել, ապա կրծքին սեղմել եւ խոստացել միշտ կողքին լինել: Բայց Սամվելի պատասխանը չուշացավ, նա հատու շեշտադրությամբ ասաց` հայրը պետք է բարոյական կյանք ապրելու օրինակ ծառայի»: Սամվելի համար ամենահաճելի զբաղմունքը պատմավեպեր կարդալն էր, ինչի շնորհիվ հաղորդակից էր դառնում հայ ժողովրդի անցյալի հերոսական դրվագներին: Ասում էր` պատմավեպերը կոչ են հայությանը «զենքն ի ձեռին» ազատագրելու հայրենիքը, պայքարով ձեռք բերելու սեփական ազատությունն ու անկախությունը, ուստի չհապաղեց եւ մասնակցեց Երասխավանի, Կոռնիձորի ինքնապաշտպանական մարտերին. «Նա ոսկի ձեռքեր ուներ, հմուտ վարպետ էր, լավ զինագործ: Օր ու գիշեր զենք էր նորոգում, եղունգի համար նախատեսված խարտոցով զենքի առանձին դետալներ էր պատրաստում, այնուհետեւ այդ ամենով, նաեւ մթերքով բեռնում էր մեքենան ու հասնում կրակի առաջին գծում կռվող տղաներին,-ասում է ազատամարտիկի կինը, ապա ավելացնում,- ամուսինս գիտակցում էր գործի կարեւորությունը եւ ջանում երբեք հուսախաբ չանել զինակիցներին, որոնց կռվի էր մղում իր մտքի ու ձեռքերի արգասիք հատուկ զենքով»:
Ծանր մարտեր էին Արցախում, Լաչինի ճանապարհահատվածում: Սամվելը Արտաշատի գումարտակի հետ մեկնեց Լաչին` մասնակցելու միջանցքի պաշտպանությանը. «Այդ օրը երբեք չեմ մոռանա… Գիշերը եկավ եւ ասաց` գնում ենք Լաչին, դրությունը ծանր է, ապա ավելացրեց, թե Լաչինը Արցախի «կյանքի ճանապարհն» է, իսկ Արցախյան պատերազմը` նոր Ավարայր, որը վճռական է ազգի ապագայի համար: Մի երեք-չորս օր առաջ Արտաշատը հինգ զոհ էր տվել, բոլորն էլ երիտասարդներ էին, Սամվելը խոր վիշտ ապրեց, ասում էր` ես 40 տարեկան եմ, բայց իրենք զոհվեցին… Առավոտյան անթարթ ու թախծալի աչքերով նայեց հեռուն եւ դուրս եկավ տնից: Տասնյակ անգամ մեկնել էր առաջնագիծ, եւ միշտ ապահովության զգացողությամբ էի նրան ճանապարհել, իսկ այս անգամ ճնշող մենություն ապրեցի»:
Դուստրը այդ օրը երեկոյան եկեղեցի գնաց, մոմ վառեց եւ աղոթեց, որ հայրն ու զինակից ընկերները անփորձանք հետ գան, եւ երբ վերադարձավ տուն, նրան հայտնեցին հոր զոհվելու լուրը. «Բառերն անզոր են արտահայտելու կորստյան ցավն ու կսկիծը: Ես մեկ տարի չկարողացա մուտք գործել դպրոց, չէի կարող հարմարվել, որ Սամվելը այլեւս չկա… Այսօր, սակայն, հպարտ եմ ամուսնուս հերոսական գործերով»:
Սամվելի որդին` Արսենը, որ, պապի քամանչայի նվագով տարված, ջութակ նվագել էր սովորում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի 3-րդ կուրսում, հոր զոհվելուց հետո այլեւս չշարունակեց ուսումը: Վերապատրաստվելուց հետո համալրեց ՀՀ զինված ուժերի սերժանտական կազմը, իսկ որդու անունը Սամվել դրեց ու խոստացավ իր բարոյական ապրելակերպով նրան օրինակ լինել:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Ավագ լեյտենանտ